copy image url
Խոսք Արտաքին Ներքին 11 ամիս առաջ - 17:15 01-06-2023

Արևմուտքն ամեն գնով պահանջելու է, որ Քիշնևում որևէ փաստաթուղթ ստորագրվի

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր՝ հունիսի 1-ին, Քիշնևում սպասվում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հերթական հանդիպումը՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ։

Այս հանդիպումից օրեր առաջ ադրբեջանական կողմը չէր բացառել, որ Քիշնևում հնարավոր է խաղաղության պայմանագիր ստորագրել, մինչդեռ հայկական կողմը հերքել էր այդ հայտարարությունը՝ պնդելով, որ խաղաղության պայմանագրի ստորագրման համար համաձայնեցված տեքստ դեռևս չկա։

Oragir.News-ի հետ զրույցում քաղաքագետ Արմեն Բադալյանը կարծիք հայտնեց, որ բանակցությունների ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը քայլեր կձեռնարկի, որպեսզի իր ծրագրերը իրականություն դարձնի։ Նրա խոսքով՝ կստորագրվի՞ խաղաղության պայմանագիր, թե՞ ոչ այս պահին դժվար է ասել՝ հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի ղեկավարությունը հայտարարել է, որ խաղաղության պայմանագրի նախագիծը դեռևս պատրաստ չէ և այնտեղ որևէ բան չի ստորագրվելու։

«Սակայն Հայաստանի ղեկավարությանը գիտենք՝ վերջին պահին կարող է ամեն բան փոխվել։ Ենթադրում եմ, որ Արևմուտքն ամեն գնով կպահանջի, որ ինչ-որ փաստաթուղթ ստորագրվի»,- կարծում է նա։

Քաղաքագետի դիտարկմամբ՝ Ալիևի պահանջները նախևառաջ վերաբերում են Արցախի հարցին, այսպես կոչված միջանցքի խնդրի և խաղաղության պայմանագրի նախագծի հստակեցմանը։

Նա շեշտում է, որ Ալիևի համար հիմնական սկզբունքային հարցը միջանցքի հարցն է։

Հարցին, թե ինչո՞վ են պայմանավորված խաղաղության պայմանագրի ստորագրման հնարավորության վերաբերյալ պաշտոնական Երևանի և Բաքվի իրարամերժ հայտարարությունները՝ Բադալյանը պատասխանեց՝ դա պայմանավորված է Ադրբեջանի կողմից այս գործընթացն օր առաջ ավարտելու և Արցախի հայկական մնացած հատվածի վրա իր իշխանությունը տարածելու ցանկությամբ։

Նա շեշտում է, որ այս հարցում Հայաստանի իշխանությունները փորձում են ամեն կերպ ժամանակ շահել, մինչև ըստ իրենց կկարողանան անվտանգության ինչ-որ խնդիրներ լուծել։

Քաղաքագետի խոսքով՝ Հայաստանը որևէ հստակ կոնցեպցիա չունի, որի համար էլ տանտանվում է յուրաքանչյուր օրվա հետ կապված, իսկ Ադրբեջանը՝ հստակ առաջ է շարժվում։

Անդրադառնալով Մակրոնի, Շոլցի և Շառլ Միշելի մասնակցությամբ հնգակողմ հանդիպման անցկացմանը՝ մեր զրուցակիցը նկատեց, որ արևմուտքն ամեն գնով ցանկանում է ստորագրել մի փաստաթուղթ, որով չի լինի ռուսական ազդեցության որևէ գործոն։

Բադալյանը կարծում է, որ այդ պետությունները մեծ նպատակ ունեն Հարավային Կովկասն ամբողջությամբ կտրել ռուսական ազդեցության գոտուց և թեքել դեպի Արևմուտք։

Հարցին, թե նման պարագայում Ռուսաստանը կհամակերպվի՞ այն իրողության հետ, որ պետք է իր խաղաղապահներին դուրս բերի Արցախի տարածքից՝ քաղաքագետը բացասական պատասխան տվեց։ Նրա համոզմամբ՝ այս հարցում Ռուսաստանի հնարավոր քայլերը կախված կլինեն ուկրաինական ռազմաճակատում տիրող իրավիճակից։

Բադալյանը նշում է, որ Ռուսաստանն արդեն հաջողություններ ունի ուկրաինական ճակատում, թեկուզ ոչ նկատելի, սակայն, այնուամենայնիվ, առաջընթաց առկա է։ Քաղաքագետն այս համատեքստում հիշեցրեց Բախմուտում ռուսական կողմի արձանագրած հաջողությունը, ինչպես նաև այն հանգամանքը, որ ուկրաինական կողմի գարնանային հակահարձակումը չկայացավ։

«Այսօր արդեն հունիսի մեկն է, իսկ իրենք պետք է գարնանը հարձակվեին և մեծ հաջողություններ ունենային։ Դա տեղի չունեցավ, ինչը Ռուսաստանի օգտին է։ Եթե նախկինում ուկրաինական հակահարձակումը կվնասեր Ռուսաստանին և ձեռնտու Ուկրաինային, հիմա արդեն հակառակն է։ Ուկրաինայի չհարձակվելը բխում է Ռուսաստանի շահերից, իսկ դա նշանակում է, որ Մոսկվան Հարավային Կովկասում կարող է իր դիրքերն ամրապնդել՝ փոխելով, օրինակ, Արցախի ղեկավարությանը, Սյունիքում հյուպատոսություն բացելով, փորձելով տրանսպորտային շրջափակումը վերացնել և այլն»,- նշել է նա։

Քաղաքագետը դրական պատասխանեց մեր այն հարցադրմանը, որ Կապանում հյուպատոսություն բացելով Ռուսաստանը փորձում է իր վերահսկողության տակ վերցնել տարածաշրջանային հաղորդակցությունների բացումը՝ հավելելով, որ ոչ միայն դա, այլ նաև մնացած բոլոր հարցերը՝ Արցախի, Սյունիքի, հաղորդակցությունների և այլն։ Նա շեշտեց՝ դա պայմանավորված է այն հանգամանքով, որ Սյունիքի հարցը վերջին շրջանում էական նշանակություն է ստացել։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

20:31 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է․ shamshyan.com
11:37 Արթուր Չախոյանին ծեծել են, ապա բերման ենթարկել․ Մարինա Խաչատրյանը մանրամասներ է հայտնում
22:12 Գնե՛լ Սանոսյան, այդ ծառայությունդ էժան չի՛ նստելու. Բագրատ Սրբազան
19:17 Երևանի բժշկական կենտրոններից մեկում 47-ամյա ծննդկան է մահացել. shamshyan.com
00:19 «Nissan Tida»-ում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի․ shamshyan.com
15:27 Փաշինյանի անհատական օգտագործման նախկինները խոսելու իրավունք ունե՞ն․ Մամիջանյանը՝ Խաժակյանին 
15:00 Փաշինյանի յուրայինները․ արցախցիների դժգոհություններն օգտագործվում են վերջիններիս դեմ
13:30 Շարժումը հաղթելու է, և դա բերելու է Հայաստանի զարգացման․ Գևորգ Թամամյան
22:46 Ուզում ենք ստին զգետնել, պարտության մատնել, ուզում ենք, որ ճշմարտությունը հաղթանակի․ Բագրատ Սրբազան
19:40 Բագրատ Սրբազանն ամփոփեց օրվա հանդիպումների արդյունքները և ներկայացրեց առաջիկա անելիքները