Ադրբեջանի կողմից երկու հայ զինծառայողների առևանգման դեպքով ՀՀ-ն
դիմել է ՄԻԵԴ։
Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանն
Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ նախկին փորձից ենթադրելով կարող է նշել, թե ինչ գանգատով են դիմել:
«1-ին` նախ պետք է ապահովեն նրանց կյանքի իրավունքը՝ հաշվի առնելով եղած նախկին դեպքերը, 2-րդ խոշտանգումներից զերծ լինելը, 3-րդ պետք է ապահովվի նրանց մուտքը դատարան և հրապարակային դատավարություն և 4-րդ, որն արդեն նախադեպային դրույթ է դարձել, պետք է ապահովվի նրանց կապը իրենց ծնողների հետ, որ արտաքին աշխարհի հետ կապի հնարավորություն ունենան, քանի որ որպես կանոն Ադրբեջանը զրկում է այդ կապից նույնիսկ դատապարտված անձանց»,- ասաց Ղազարյանը և հավելեց, որ ներկայացվում են հիմնականում այնպիսի պահանջներ, որոնք նախկին իրավական գործընթացներում արդեն բերվել են։
Հարցին, թե այդ ամենը ՄԻԵԴ-ը որքանով է կարողանում պարտավորեցնել Ադրբեջանին, ասաց. «Այդ գործընթացը հրատապ միջոցներ չի նախատեսում, եթե հրատապ չի ձևավորվել իրավիճակ, առայժմ գործընթաց է, որը երկար է տևելու։ Եթե դեպքերը այն ուղղությամբ զարգանան, որ պետք լինի հրատափ միջամտություն այդ մասին դիմում նույնպես կուղարկվի»։
Դիտարկմանը, որ մամուլում լուրեր են շրջանառվում, որ Ադրբեջանում հայտնված երկու զինծառայողներին մտադրություն ունեն փոխանակել վերջերս Հայաստանի սահմանը հատած և մեր երկրում հանցագործություն իրականացրած անձանց հետ, ասաց. «Տեսեք, դա շատ բարդ խնդիր է, քանի որ, եթե չեմ սխալվում, երկուսն էլ դատապարտվել են, իսկ այդ դեպքում պետք է մեխանիզմը լինի իրենց Ադրբեջան արտահանձնելը, որպեսզի պատիժը կրեն իրենց հայրենիքում և Ադրբեջանը պետք է տա երաշխիքներ, որ իրենց ազատ չի արձակի, ինչպես արեց սաֆարովի դեպքում։
Ադրբեջանը հենց դրան էլ ձգտում է։ Եթե այստեղ տուժողների իրավահաջորդները դեմ եղան և դա արվեց, ուրեմն տուժողների իրավահաջորդների իրավունքն է խախտվում, գուցե որոշակի ժամանակ հետո դա հնարավոր լինի»։
Ղազարյանը հավելեց, որ նման դեպքերում սովորաբար լինում են մեխանիզմներ՝ պատիժը կրելու իր հայրենիքում, կամ էլ հայրենադարձվում են, բայց այդ դեպքում անձիք պետք է լինեն միայն գերիներ, այլ ոչ թե դատապարտված լինեն։
Ղազարյանը նկատեց. «Նրանք նաև հանցագործություն են կատարել, եթե հանցագործություն կատարած չլինեին, ուղղակի մոլորված լինեին՝ այստեղ ելնելով ընդհանուր ռազմական դրությունից կարելի էր նաև հայրենադարձնել, այսինքն՝ անել այն, ինչ արվում է հումանիտար իրավունքով, բայց եթե նրանք կատարել են հանցագործություն, արդեն հումանիտար իրավունքը չի աշխատում, աշխատում է քրեական իրավունքը»։
Հարցին, թե հնարավոր համարում եք, որ մեր տղաներին Բաքվում խոշտանգեն, ասաց. «Ցավալի է ասել, որ Ադրբեջանում ազատությունից զրկված հայազգի անձին միշտ վտանգ է սպառնում՝ ենթարկվել խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի, մանավանդ, որ նրանք պահվում են առանց արտաքին աշխարհի հետ կապի։ Այստեղ միայն Կարմիր խաչը առաքելություն ունի՝ գոնե տեղեկացնի նրանց առողջական, ֆիզիկական վիճակի մասին»,- ասաց Ղազարյանը։