Երևան +12°
copy image url
Արտաքին 10 ամիս առաջ - 21:00 27-05-2023

Ջրհեղեղները և հրդեհները չեն փոխելու Հայաստանի նկատմամբ Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքականությունը

Վերջին օրերին Ադրբեջանում, հորդառատ անձրևների հետևանքով, հեղեղներ են առաջացել, ինչի հետևանքով կան նաև մահացածներ։ Մասնավորապես, ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ հեղեղվել են Գյոյգյոլի շրջանի մի շարք գյուղեր, որոնց տեսանյութերն ակտիվորեն տարածվում են համացանցում։

Մասնավորապես, Ադրբեջանի Գյոյգյոլի շրջանի արտակարգ իրավիճակների հանձնաժողովը հայտնել է, որ հզոր սելավները լուրջ վնաս են հասցրել ցանքատարածություններին, էլեկտրաէներգիայի անջատումների պատճառ դարձել: Հեղեղները վնասել են ավտոմեքենաներ, օբյեկտներ, տներ, սատկել են խոշոր եղջերավոր անասուններ։ Ադրբեջանի պատկան մարմինները հայտնաբերել են 1954 թվականին ծնված Մուխտար Հուսեյնովի և 2001 թվականին ծնված Իբրահիմ Գորբանովի մարմինները, որոնք մահացել էին հեղեղների հետևանքով։

Միևնույն ժամանակ, երբ Ադրբեջանում և Թուրքիայում նման բնական աղետներ են տեղի ունենում, սոցկայքերում ակտիվորեն տարածվում են այնտեղից ստացված տեսանյութերը, որոնք հայ հասարակության մի զգալի հատվածի մոտ ուրախություն և վրեժխնդրության զգացում են առաջացնում։

Սակայն ստեղծված իրավիճակում հարց է առաջանում, արդյոք Հայաստանի բնակչությունը, վերջին պատերազմում կրած անհաջողությունների հետևանքով, այնքան է բարոյալքվել և վատ իրավիճակում հայտնվել, որ իր միակ փրկությունը համարում է հարևան երկրներում տեղի ունեցող տարերային աղետները։

Փորձագետների համոզմամբ՝ բնականաբար, պատերազմում կրած ծանր պարտությունը, ռազմական գործողությունների և դրան հաջորդած ժամանակաշրջանում գերեվարված խաղաղ բնակչության և զինծառայողների նկատմամբ թշնամու իրականացրած վայրագությունները, հետպատերազմական շոկը, ինչպես նաև Ադրբեջանի չդադարող սադրանքները նպաստել են, որ բնակչության մի մասի շրջանում նման տրամադրություններ առաջանան և վերջիններս ուրախանան տարերային աղետների փաստով։

Այս միտումը դրսևորվեց պատերազմից ամիսներ անց՝ 2021 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին, երբ Թուրքիայի մի շարք շրջաններում անտառային հրդեհներ էին բռնկվում, հայ հասարակության մի մասը կրկին ակտիվորեն տարածում էր այդ տեսանյութերը և ուրախանում դրանցով։

Նման միտումներ դրսևորվեցին նաև այս տարվա փետրվար ամսին՝ Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի ժամանակ, սակայն այս շրջանում նկատվեց նաև հակառակ ծայրահեղությունը, երբ հասարակության մի մասը չափից ավելի ոգևորվել էր Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացով և քննադատում էր բոլոր նրանց, ովքեր չէին աջակցում Թուրքիային ցավակցելու, կամ այդ երկիր հումանիտար առաքելություն ուղարկելու իշխանությունների քաղաքականությանը։

Այսպիսով կարող ենք փաստել, որ մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնների հետևանքով, հայ հասարակության մի մասը կորցրել է իրականության զգացումը և առաջնորդվում է բացառապես այն կեղծ օրակարգերով, որոնք հրամցվում են իրեն։

Այս գործում մեծ դեր ունեն կայծակնային արագությամբ ստեղծվող և տարածվող կեղծ լրատվական կայքերը, յութուբյան ալիքները և այլ հարթակները, որոնք հասարակությանը կերակրում են ամենատարբեր տեսակի տեղեկատվական աղբով, իսկ այն մարդիկ, որոնք չունեն անհրաժեշտ գիտելիքներ, կրթական բավարար մակարդակ իրական նորությունն ապատեղեկատվությունից տարբերելու համար ընկնում են նման հարթակների ծուղակը, վերջիններիս տրամադրած տեղեկատվական աղբն ընդունում են որպես ի գիտություն, տարածում դրանք և նպաստում նման հարթակների բազմացմանը։

Բացի այդ ցանկանում ենք ուշադրություն հրավիրել այն բանին, որ Թուրքիայում և Ադրբեջանում տեղի ունեցող անտառային հրդեհները, երկրաշարժերը, ջրհեղեղները, դրանց հետևանքով թեկուզև հազարավոր կամ տասնյակ հազարավոր զոհերի առկայությունը (Թուրքիայում փետրվարյան երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 50 հազարը), ինչպես նաև Հայաստանի կողմից ցավակցական հեռագրերը, կամ օգնության տրամադրումը որևէ կերպ չեն փոխելու Հայաստանի նկատմամբ այդ երկրների պետական քաղաքականությունը։

Թուրքիան և Ադրբեջանը իրենց պետական քաղաքականությունը պայմանավորում են կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերով, որոնցով էլ առաջ են շարժվում, իսկ այդ ծրագրերը Հայաստան պետության գոյությունը սպառնալիք են համարում և հստակ գործողություններ են նախատեսում՝ այդ սպառնալիքը վերացնելու կամ գոնե չեզոքացնելու համար։

Ստեղծված իրավիճակում Հայաստանի միակ ելքը կարող է լինել սեփական զինված ուժերի մարտունակության վերականգնումը, անհրաժեշտ սպառազինության ձեռքբերումը, քանի որ միայն դա կարող է զսպել թշնամական պետությունների նկրտումները։

Դավիթ Գույումջյան