Երևան +22°
copy image url
Ներքին 11 ամիս առաջ - 15:31 26-05-2023

Փաշինյանը շարունակաբար հրաժարվում է հայկական դիվանագիտական զինանոցի առկա միջոցներից

«Մոսկովյան վերջին հանդիպումը երկու իմաստով բավականին ուշագրավ էր, ինչը ըստ էության՝ հետագա ազդեցություն կունենա տարածաշրջանային քաղաքականության վրա»։

Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արա Պողոսյանը՝ խոսելով Մոսկվայում տեղի ունեցած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստի մասին։

Պողոսյանը նկատեց, որ սա բացառիկ հնարավորություն էր ընձեռված Ադրբեջանին. «Առաջինը ԵԱՏՄ վեհաժողովին որպես հրավիրյալ։ Նախկինում Հայաստանի կողմից մշտապես արգելք է եղել նման հնարավորություն Ադրբեջանին ընձեռելու համար։ Այս իմաստով հանդիպումը բացառիկ էր։ Միաժամանակ նշեմ, որ Ալիևը ինչպես այլ հնարավոր բոլոր հարթակները, այնպես էլ այս հարթակը օգտագործեց Հայաստանի նկատմամբ ուղղակի կամ անուղղակի պահանջներ, մեղադրանքներ հնչեցնելու և ադրբեջանական քարոզչությունը տարածելու համար։ Հենց նիստի ժամանակ նաև Ալիևի ու Փաշինյանի միջև բանավեճ ծավալվեց, որի բուն պատճառը թերևս Ալիևի կողմից հնարածին «Զանգեզուրի միջանցք» թեզը կրկին շրջանառել էր»:

Պողոսյանը ընդգծեց, որ հանդիպմանը կային դրվագներ, որոնք նախկինում երբեք չէին եղել. «Հայաստանի ներկայացուցչի կողմից միջազգային հարթակում Արցախը որպես Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս ընդունելու հանգամանքն էր, որը ևս, ՀՀ անկախության ողջ ընթացքում առաջին անգամ էր տեղի ունենում։ Հանդիպման նշանակությունը թերեւս մեզ համար շարունակաբար ավելի ու ավելի վատ բանակցային հանգրվանի հասնելու ՀՀ վարչապետի վարքագիծն է։
Արցախը Ադրբեջանի ամբողջականության մաս բառացիորեն ճանաչելը զրկում է Հայաստանին հետագա ցանկացած մանևրի հնարավորությունից, ինչը կարելի է ասել, որ կատաստրոֆիկ ազդեցություն կունենա ապագա գործընթացների վրա»։

Քաղաքագետը նկատեց, որ որպես արդյունք` մեզ համար, դժվար է որևէ դրական բան նշելը, քանի որ Հայաստանի ներկայացուցիչը շարունակաբար հրաժարվում է հայկական դիվանագիտական զինանոցի առկա միջոցներից.

«Ընդհանուր առմամբ, այս պահին կարող ենք ասել, որ չկա որեւէ շոշափելի արդյունք, հատկապես եթե հաշվի առնենք, որ ռուսական աղբյուրները խոսում էին եռակողմ հանդիպման արդյունքում հնարավոր երկու փաստաթղթերի ընդունման հավանականության մասին, ինչը, ըստ էության, գոնե բաց աղբյուրները դեռ չեն հաստատել։ Իսկ եթե հաշվի առնենք, որ եռակողմ հանդիպումը շատ կարճ է տևել, ապա հասկանալի է, որ այնտեղ որևէ էական արդյունք չէր կարող գրանցվել»,- շեշտեց Պողոսյանը։

Խոսելով հանդիպմանը Ալիևի հայտարարություններին արած Փաշինյանի հակադարձումներից՝ քաղաքագետը նկատեց, որ Ալիեւի ֆալսիֆիկացիոն խոսույթին Փաշինյանի արձագանքը, ցավոք, հենվում էր բացառապես միջանցքային տրամաբանության վրա։
«Արցախի մասին որևէ էական խոսք չկար, ադրբեջանական շարունակական ագրեսիային արձագանք չկար, Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքի օկուպացիայի, խաղաղ բնակչության թիրախավորման ու նման հարցերի արձագանք չկար, թեպետ Ալիեւը իր համար բոլոր կարեւոր հանգամանքներից հստակորեն խոսեց։ Փաշինյանի արձագանքի մեջ կար մտահոգիչ վախ, բառերի դժվար ընտրություն, մտքերի ցրվածություն, ինչը խոսում է այն մասին, որ վերջինս վախենում էր Ալիեւի, իսկ գուցե մեկ այլ կողմի արձագանքից»,-ասաց քաղաքագետը և հավելեց, որ ցավոք չտեսանք ներքաղաքական օպոնենտների նկատմամբ կիրառած այն խայթող հռետորաբանությունը, որը կիրառելու իսկական տեղն ու ժամանակն էր։

Ամփոփելով խոսքը՝ Պողոսյանն ասաց. «Հենց սկզբից էլ ակնհայտ էր, որ Ադրբեջանի նախագահը ամեն ինչ անելու է որ բավարարված պահանջների փոխարեն նոր պահանջներ առաջադրի, ինչի նպատակների մասին Ալիեւը բազմիցս խոսել է։ Իսկ ՀՀ ներկայացուցիչը ցավոք սրտի խաղաղասիրական հռետորաբանությամբ ոչնչացնում է Հայաստանի բոլոր դիվանագիտական հնարավորությունները»։