Երևան +14°
copy image url
Արտաքին 11 ամիս առաջ - 21:00 25-05-2023

Թուրքիայում քաղաքական գործիչները վերջին ճիգերն են գործադրում՝ ազգայնականներին սիրաշահելու համար

Թուրքիայում մայիսի 28-ին կայանալիք նախագահական ընտրությունների երկրորդ փուլին ընդառաջ ինչպես իշխանության, այնպես էլ ընդդիմության ներկայացուցիչները էլ ավելի են կոշտացնում իրենց ազգայինական հռետորաբանությունը։

Մասնավորապես Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն նախօրին հերթական անգամ խիստ քննադատության է ենթարկել ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուին՝ մեղադրելով վերջինիս Ադրբեջանը շրջանցող տրանսպորտային միջանցքի նախագիծ ներկայացնելու համար։ Չավուշօղլուն ընդգծել էր, որ թուրքական ճանապարհը պետք է անցնի այնտեղով, որտեղ իրենց նահատակների արյունն է թափել՝ Շուշիով, Ջրականով և Զանգեզուրով։ Թուրք պաշտոնյան այս տարածքներն անվանել է «հին թուրքական»։

Բացի այդ Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հիշեցրել է, որ անգամ Հայաստանի վարչապետն է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ այդ թվում Արցախն Ադրբեջանի կազմում։ «Ի՞նչ խնդիր ունեք, ի՞նչ եք ուզում Ադրբեջանից»,- ասել էր թուրք պաշտոնյան՝ հավելելով, որ այսօր Թուրքիան պաշտպանում է ոչ միայն իր, այլ նաև ողջ թյուրքալեզու աշխարի շահերը։

Միևնույն ժամանակ ազգայնական հարցերում իր հռետորաբանությունը կոշտացրել է նաև ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն։ Եթե առաջին փուլում վերջինս ավելի չափավոր մոտեցում էր ցուցաբերում, ապա երկրորդ փուլին ընդառաջ, որտեղ նա դեմ առ դեմ է կանգնել պետությունը շուրջ 20 տարի ղեկավարած ազգայնական Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, և ձայների անգամ չնչին տարբերությունն այս պայքարում կարող է վճռորոշ լինել, փորձում է սիրաշահել նաև ազգայնական տրամադրություն ունեցողներին։ Առաջին փուլում Էրդողանը Քըլըչդարօղլուից ստացել է շուրջ 5% ավել քվե։

Մասնավորապես նախօրեին Քըլըչդարօղլուն հյուրընկալվել էր թուրքական լրատվամիջոցներից մեկին, որի եթերում ի պատասխան իրեն ուղղված քննադատությունների նշել էր, որ նախագահի պաշտոնում ընտրվելու դեպքում թուրքական պետության ավանդույթների համաձայն իր արտասահմանյան առաջին այցերը կկատարի ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն, ապա Ադրբեջան: Նրա խոսքով՝ ինչպես իր կուսակցության, այնպես էլ մնացած բոլոր կուսակցությունների և քաղաքական շրջանակների վերաբերմունքն Ադրբեջանի նկատմամբ չի տարբերվում։ Նա իր վերաբերմունքն ավելի պատկերավոր է արտահայտնել՝ նշելով, որ Ադրբեջանի Բաքվի և Թուրքիայի Ստամբուլի միջև որևէ տարբերություն չկա:

Նման հայտարարությամբ ընդդիմադիր գործիչը փորձում է մեղմել նաև այդ դժգոհությունները, որոնք առաջացել էին այն բանից հետո, երբ վերջինս ներկայացրել էր Թուրքիան Չինաստանին կապող նոր ճանապարհի նախագիծը, որը շրջանցում էր Ադրբեջանը և այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը։ Վերջինս շեշտել է, որ իր հիմնական նպատակը Միջին Ասիան Թուրքիային և Եվրոպային միավորելն է և այնպիսի տնտեսական ենթակառուցվածքի ստեղծումը, որն Թուրքիայի և թյուրքալեզու հանրապետությունների միջև:

Անդրադառնալով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ը շրջանցելու, Ադրբեջանին վերոհիշհյալ ճանապարհով թուրքական աշխարհից դուրս թողնելու դժգոհություններին և պնդումններին, թուրք գործիչն ընդգծել է, որ Հայաստանի և Իրանի միջև միասնությունը կարողանում է այս միջանցքի բացումը տեղափոխել փոքր-ինչ դժվար կետ։

«Գիտեք՝ Զանգեզուրի միջանցք կա։ Այդ միջանցքը պետք է բացվի։ Սակայն այդ միջանցքի բացումը կախված է կողմերի համաձայնությունից և Ադրբեջանին Թուրքիայի՝ առանց պայմանի օգնությունից։ Իրանի և Հայաստանի միջև միասնությունը կարողանում է այս միջանցքի բացումը տեղափոխել փոքր-ինչ դժվար կետ։ Թուրքիան իր տարածաշրջանում շատ ավելի ուժեղ կլինի, եթե կարողանա համոզել, բացատրել, որ այս բացվելիք միջանցը և՛ Թուրքիային, և՛ Իրանին, և՛ Հայաստանին, և՛ թյուրքական պետություններին մեծ նպաստ է բերելու և այն տնտեսական արդյունքը, որ ստեղծվելու է, բոլոր երկրները կարողանալու են կիսել։ Ու մենք այդ միջանցքը պարտավոր ենք ընդարձակել և մեծացնել։ Այն, ինչ ցանկանում եմ ասել, սա է»,- պարզաբանել էր նա։

Նկատենք, որ Թուրքիայի իշխանությունների և ընդդիմության շրջանում ազգայնական հռետորաբանության կոշտացումը պայմանավորված է այն հանգամանքով, որ երկրի բնակչության մեծամասնությունն ունի աջամետ և ծայրահեղ աջամետ հայացներ, որոնց ձայն չափազանց վճռորոշ է լինելու ընտրությունների երկրորդ փուլում։

Հարկ ենք համարում նշել, որ Թուրքիայում կայացած խորհրդարանական ընտրություններում հաղթանական է տարել Էրդողանի գլխավորած «Ժողովուրդ» դաշինքը, որի մեջ ընդգրկված են աջամետ պահպանողական, իսլամիստական «Արդարություն և Զարգացում», ինչպես նաև գորշ գայլերի քաղաքական թևը հանդիսացող ծայրահեղ աջամետ «Ազգայնական շարժում» կուսակցությունները։ Ընդդիամադիր «Ազգ» դաշինքի կազմում ներառված են կրկին պահպանողական և ազգայնական «Հանրապետական-ժողովրդական», ինչպես նաև ծայրահեղ ազգայնական «Լավ» կուսակցությունները։ Խորհրդարանում ներկայացված միակ ձախակողմյան ուժը քրդամետ «Աշխատանք և ազատություն» դաշինքն է, որը ստացել է քվեների մոտավորապես 10 տոկոսը։ Ձախակողմյան քաղաքական կուսակցությունները Թուրքիայում մշտապես մարգինալ են եղել և փոքրամասնություն կազմել։

Դավիթ Գույումջյան