Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 10 ամիս առաջ - 18:55 25-05-2023

Փաշինյանն ո՞ւմ շունն է, որ մեր երկիրը ծախի, սա թուրքի հող չի՛․ արցախցի կին

«Արցախում վիճակը մի քիչ խառն է, բայց ոչինչ, դիմանում ենք»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց 165 օր շրջափակման մեջ գտնվող Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Իվանյան (Խոջալու) գյուղի բնակիչ 83-ամյա Գյոզալ Մոսիյանը։

Արցախցի կինը լսել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը և զայրացել, ինչպե՞ս կարելի է հայտարարել՝ «Արցախն Ադրբեջանի տարածք է»։

«Փաշինյանն ո՞ւմ շունն է, որ մեր երկիրը ծախի։ Ինչպե՞ս կարող է առանց մեզ՝ ժողովրդի համաձայնության, ծախի։ Չէ, չի լինի, այստեղից ոչ մեկն էլ չի գնա։ Արցախը հայկական եղել է, հայկական էլ մնալու է։ Այն հայերը, որոնք համաձայն են Փաշինյանի հետ, որ վաճառի, թող մտածեն Հայաստանի մասին, որ աչքների առաջ վաճառում է, բայց իրենք ոչ մի բան չեն կարողանում անել։

Ճիշտ է, հիմա Արցախում բոլորն էլ նյարդային վիճակում են, բայց այստեղից դուրս գալու ոչ մի մտադրություն չկա, թուրքի հետ ապրելն էլ ընդհանրապես հնարավոր չէ։ Ավելի լավ է մեռնենք մեր հողում, քան թե դուրս գանք։ Ոչ մեկն էլ դուրս չի գալու, ինձ թվում է՝ պատերազմ է սպասվում։ Ավելի լավ է՝ կռվենք, մեռնենք, քան թե թափառական դառնանք։ Հասկանո՞ւմ եք, եթե Արցախը չլինի, հերթը Հայաստանինն է, եթե Արցախին կոտրեցին, Հայաստանին շատ հեշտ կարող են կոտրել, որովհետև այդտեղ արդեն պառակտված է, հայերի մի մասը փաշինյանական է՝ թուրքի կողմն է, մյուս մասն իսկական հայ է։ Թշնամին օգտվում է դրանից, որ ներսում համերաշխություն չկա, եթե ներսում համերաշխություն լինի, թշնամին չի կարող մեր հողերը վերցնել, իսկ այստեղ իրար պահում են, բոլորն էլ ուզում են մնալ ու փրկել մեր Արցախը։ Դարեր շարունակ Արցախը եղել է, միշտ էլ հայեր են ապրել, սա թուրքի հող չի, ինչպե՞ս կարող է թուրքը գա տիրանա․․․ Չի՛ լինի դա, արցախցին դուրս չի՛ գա, ընդհակառակը, ճանապարհները փակվելու պատճառով Երևանում մնացած արցախցիներն էլ են ուզում վերադառնալ, մի մասը մի կերպ՝ Կարմիր խաչի օգնությամբ վերադարձել է, մյուսներն էլ են ուզում վերադառնալ»։

Հարցին՝ եթե Նիկոլ Փաշինյանն առաջիկայում ստորագրի փաստաթուղթ և Արցախը ճանաչի որպես Ադրբեջանի տարածք, ի՞նչ եք պատրաստվում անել, տիկին Գյոզալը պատասխանեց․
«Փաշինյանը կարող է՝ ստորագրի, դա իր պրոբլեմն է, բայց Արցախի փոխարեն նա իրավունք չունի, Արցախի տերը չի։ Մի ժամանակ ասում էր՝ Արցախը Հայաստան է և վերջ, իսկ հիմա ասում է՝ Արցախը Ադրբեջան է և վե՞րջ։ Նա քամելեոն է, մարդ չի, ինչպե՞ս կարող ենք նրա ստորագրությանը ենթարկվել, չի՛ լինի դա։ Նա Ադրբեջանի հերոսն է, ուրիշ ոչ մի բան»։

Արցախցի 83-ամյա կինը դատապարտեց նաև հերոսածին մորը՝ Գայանե Հակոբյանին կալանավորելու որոշումը․
«Փաշինյանն ասում էր՝ խոնարհվում եմ հերոսների առաջ, նրանց ծնողների առաջ, բայց հիմա որդեկորույս մորը բռնել է, այդպե՞ս է խոնարհվում։ Ասում է՝ իմ տղան հերոս է, բա որ հերոս է, ո՞նց է իր ընկերոջ մորը դատի տալիս, չի՞ ամաչում, մեկը չկա՞ երեսին թքի»։

Շրջափակման մեջ գտնվող Գյոզալ Մոսիյանը կոչով դիմեց աշխարհասփյուռ հայությանը․
«Մենք մեր հողի համար պետք է պայքարենք, ճիշտ է՝ սփյուռքի հայերը մեզ օգնում են, բայց ավելի լավ է, որ ոչ մեկ չգնա Հայաստանից, ինչո՞ւ են գնում, ես կոչ կանեմ, որ բոլորը մնան, պաշտպանեն իրենց հողը, իերնց սրբությունը, իրենց գերեզմանները։ Պետք է բոլորն էլ մնան, թեկուզ մեռնեն, բայց մեր հողում մեռնեն, օտարությունը լավ բան չի բերի։ Ճիշտ է՝ Փաշինյանն ասում է՝ որտեղ մնում ես, դա էլ քո հայրենիքն է, բայց ինքն է այդպիսին, ինքը հայրենիք չունի․․․»։

Նարեկ Խաչատրյան