Երևան +17°
Ներքին Տեսանյութ 11 ամիս առաջ - 11:50 24-05-2023

Ցավում եմ, որ ձեր նման մասնագետն այսօր ԲԴԽ-ում է ու դաշտը թողել է բազմաթիվ անգրագետների. Մանուկյանը՝ Վիգեն Քոչարյանին

ԱԺ-ում դատավորների թեկնածուների ընտրության հարցի քննարկմանը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հարց ուղղեց հարցի հիմնական զեկուցող, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Վիգեն Քոչարյանին։

«Որպես միջազգային իրավունքի մասնագետ՝ կարո՞ղ եք մեկնաբանել, երբ որ ասում են՝ մի երկիրը ճանաչում է մյուսի տարածքային ամբողջականություն, արդյոք դա նշանակում է, որ ճանաչում է այդ երկրի սահմանները քար առ քար, թուփ առ փութ, թե ընդհանուր ձևակերպում է, որը գալիս է ՄԱԿ-ի կոնվենցիայի հիմնարար դրույթներից։

Երկրորդ, ձեզ՝ որպես միջազգային իրավունքի մասնագետի, հայտնի է միջազգային իրավունքում որևէ դեպք, որ երկու երկիր մեկմեկու տարածքային ամբողջականությունը ճանաչելու փաստն արձանագրելու հետ մեկտեղ արձանագրեն կիլոմետր քառակուսիների այդ երկրի ծավալը, եթե հայտնի է նման դեպք, կարո՞ղ եք ասել։

ՄԱԿ-ի անդամ ՌԴ-ն ու Ճապոնիան, ընդունվելով ՄԱԿ, ճանաչելով տարածքային ամբողջականությունը, արդյո՞ք ճանաչում են այդ երկու երկրների սահմանները կղզի առ կղզի»,- հարցրեց Գեղամ Մանուկանը։

Վիգեն Քոչարյանն ասաց, որ հարցադրումները շատ հետաքրքիր են, միգուցե գործնական և գիտական տեսանկյունից, սակայն նման քննարկման մեջ այս ամբոինից չի կարող մտնել՝ հաշվի առնելով այն օրենսդրական կարգավորումները, որոնք կանոնակարգում են ԲԴԽ անդամների վարքագիծը, որը նախ և առաջ վերաբերում է ապաքաղաքական կամ քաղաքական քննարկումների մեջ չմտնելը։

«Եթե այս հարցադրումներ արվեին գիտական ժողովի կամ իրավական քննարկման շրջանակներում, մեծ հաճույքով կանդրադառնայի այդ հարցերին, բայց տվյալ պարագայում և տվյալ հանգամանքներում ես սահմանափակված եմ օրենքով»,- ասաց նա։

Գեղամ Մանուկյանն արձագանքեց. «Ցավում եմ, պարոն Քոչարյան, որ միջազգային իրավունքի լավագույն մասնագետը լինելով ու այդ ոլորտում տասնամյակներ շարունակ ծառայելով Հայաստանին, հիմա ԲԴԽ անդամ եք, ԲԴԽ անդամ լինելով՝ չեք կարող մեր երկրի, մեր երկրի ապագայի համար կարևոր նման հարցերին մեկնաբանություն տալ։ Ցավում եմ, որ ձեր նման մասնագետն այսօր ԲԴԽ-ում է ու դաշտը թողնել է բազմաթիվ անգրագետների, որոնք ոնց ուզում են, միջազգային իրավունքը մեկնաբանում են, մեր երկիրը տանում են ուղղակի խայտառակ վիճակի, դավաճանական ընթացքով Արցախը, Հայաստանի ազատագրված մասնիկները պատրաստվում են հանձնել թշնամուն»։