Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հերթական անգամ քննադատել է Հայաստանում «Նեմեսիս» գործողության մասնակիցներին նվիրված հուշակոթողի տեղակայումը՝ այն անվանելով «անընդունելի քայլ»։ Թուրքական պետական Անադոլու լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Չավուշօղլուն այս մասին ասել է ադրբեջանցի լրագրողների հետ զրույցում։
Չավուշօղլուն «Նեմեսիս» գործողության մասնակիցներին անվանել է «ահաբեկիչներ» և նշել, որ նրանց ձեռքին ոչ միայն թուրք, այլ նաև ադրբեջանցի զինվորականների և դիվանագետների արյունն է։ «Սա անընդունելի քայլ է։ Մենք մի շարք պատասխան միջոցներ ենք ձեռնարկել՝ փակելով օդային տարածքը Հայաստանից երրորդ երկրներ թռիչքների համար։ Այսօր մենք ակնկալում ենք, որ Երեւանը կուղղի այս սխալը»,- ասել է նա։
Թուրք պաշտոնյան նշել է, որ այսպես կոչված «ադրբեջանական տարածքների ազատագրման ֆոնին Հարավային Կովկասի բնակիչները ցանկանում են վերջապես ապրել անվտանգության և խաղաղության մթնոլորտում»։ Նրա խոսքով՝ Բաքուն պատրաստ է խաղաղության և առաջարկում է համապարփակ խաղաղության պայմանագիր ստորագրել։
«Մենք հանդես ենք գալիս Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության օգտին: Մենք աջակցում ենք Ադրբեջանի քայլերին այս ուղղությամբ։ Մենք նաև աջակցում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռնարկվելիք դրական քայլերին։ Թուրքիան նախկինում հանդես է եկել մի շարք նախաձեռնություններով՝ աջակցելու այս գործընթացին, նշանակել է հատուկ ներկայացուցիչ»,- հայտարարել է նա՝ պնդելով, թե, իբր «Ադրբեջանի շահերը նշանակալից են ոչ միայն տարածաշրջանի, այլև ամբողջ աշխարհի համար»։
Չավուշօղլուն կրկին անդրադառնալով Հայաստանում «Նեմեսիս» գործողության մասնակիցներին նվիրված հուշակոթողի բացմանը նշել է, որ Անկարան Երևանի հետ երկխոսության ժամանակ նախապայմաններ չի ներկայացրել։ «Մենք հայկական կողմին չենք ասել՝ հրաժարվեք շինծու ցեղասպանությունից, և այդ ժամանակ մենք որոշակի քայլեր կձեռնարկենք։ Երևանը նույնպես իրավունք չունի մեզ թելադրել իր պայմանները, քանի որ ցեղասպանության մասին պնդումները սուտ են և կեղծիք»,- ասել է նա։
Վերջինս հավելել է, որ խաղաղության ուղղությամբ Թուրքիան Հայաստանից ակնկալում է անկեղծություն, մասնավորապես՝ «Լաչինի ճանապարհի շուրջ սադրանքների մերժում և Արցախ զենք տեղափոխելու փորձերից հրաժարում»։ Նա ասել է, որ Թուրքիան միշտ եղել է և կլինի Ադրբեջանի կողքին, ինչպես նաև չի հրաժարվի Բաքվին աջակցելուց։