Երևան +17°
copy image url
Ներքին Արտաքին Խոսք 11 ամիս առաջ - 17:30 23-05-2023

Նիկոլ Փաշինյանը կաշկանդված չէ տխրահռչակ փաստաթղթեր ստորագրելու հարցում

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նախօրեին Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոքերթիի հետ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ վաշինգտոնյան բանակցությունների արդյունքում կողմերին հաջողվել է որոշակի առաջընթաց արձանագրել և պայմանագրի նախագծի երկու հոդված համաձայնեցնել։

Արարատ Միրզոյանը միևնույն ժամանակ հայտնեց, որ կան հոդվածներ և թեմաներ, որտեղ կողմերի դիրքորոշումները բավական հեռու են իրարից։ Oragir.News-ի հետ զրույցում միջազգայինագետ Դավիթ Կարապետյանը նկատեց, որ որևէ պաշտոնական փաստաթուղթ չի լուսաբանվում, կցկտուր խոսում են ինչ-որ կետերի շուրջ, որոնք բանակցվում են՝ լինի դա Բրյուսելում, Վաշինգտոնում, թե Մոսկվայում։

Նրա խոսքով՝ փաստն այն է, որ խոսքը գնում է դեռևս մեկ տարի առաջվանից գոյություն ունեցող գաղափարի շուրջ, որը պետք է թղթին հանձնվի, դա խաղաղության պայմանագիրն է։

Միջազգայինագետը կարծում է, որ խաղաղության պայմանագրի կետերը, որոնք կարող են այս պահին քննարկվել, փոխվարչապետերի մակարդակով կատարվող դեմարկացիայի և դելիմիտացիայի աշխատանքներն են, ինչպես նաև այդ համատեքստում Արցախի կարգավիճակը։

Նա շեշտեց՝ որքան էլ փորձեն դիվանագիտորեն տարանջատել, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների հստակեցման և կարգավորման համար որպես սկիզբ և հիմք պետք է լինի առանձին խաղաղության պայմանագիր ասվածը, առանց Արցախի կարգավիճակի հստակեցման հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին խոսելը անհիմն է և ոչինչ չտվող։ «Ըստ իս այս պահի դրությամբ խոսքը գնում է դելիմիտացիայի և դեմարկացիայի, այդ համատեքստում անկլավների ճշգրտման և կարգավիճակի վերջնական որոշման և դրանից զատ առանձին, բայցևայնպես դրա հետ համատեղ Արցախի կարգավիճակի հստակեցման մասին»,- կարծում է նա։

Հարցին, թե ո՞ր հարցերի վերաբերյալ կարող են կողմերի դիրքորոշումները հեռու լինել իրարից՝ Կարապետյանը պատասխանեց, որ առհասարակ խաղաղության պայմանագիր ասվածը լակմուսի թուղթ է լինելու, թղթի կտոր է իրենից ներկայացնելու, որն իրական խաղաղություն չի բերելու ոչ տարածաշրջանում, ոչ հայ-ադրբեջանական հարաբերությունների համատեքստում։

Նրա համոզմամբ՝ որևէ կերպ նման փաստաթուղթը հնարավոր չէ կնքել, որովհետև, հաշվի առնելով միայն այն կարևորագույն հանգամանքը, որ առ այսօր դեմարկացիայի և դելիմիտացիայի շուրջ հողի վրա որևէ աշխատանք չի կատարվել, որից կարող էր բխել տարածքների երկուստեք ճանաչելիությունը, խոսել խաղաղության պայմանագրի մասին դա նույն բանն է, ինչ խոսել Մադագասկարի և Մոզամբիկի հարաբերությունների մասին։

Դավիթ Կարապետյանը շեշտում է, որ հայտարարություններում չկա որևէ հղում, որը պետք է դառնա խաղաղության պայմանագրի կետ՝ որպես այդպիսին դելիմիտացիայի և դեմարկացիայի արդյունքում հստակեցված սահմաններով մեկը մյուսի ճանաչումը։ «Հետևաբար խաղաղության պայմանագիր կնքել, որտեղ որ հստակ չի սահմանների տարանջատումը, Արցախի կարգավիճակը, անկլավների կարգավիճակը ես կարծում եմ, որ դա ընդամենը շտապողականության դրսևորման արդյունքում մի թղթի կտոր է լինելու, որը ավելի շատ խնդիրներ է առաջացնելու, քան կարգավորելու է միջպետական հարաբերությունները»,- նշում նա։

Միջազգայնագետը կարևում է այն հանգամանքը, որ խաղաղության պայմանագրով կամ դրա նախագծով ֆիքսվելո՞ւ է պետությունների տարածքային ամբողջականության ճանաչումն այն թվերով, որոնց մասին հայտարարվում է։ Նա նկատում է նաև՝ նման փաստաթութ ստորագրելու համար ո՛չ դեռևս պահն է հասունացել, ո՛չ դրա կարիքը կա։

Կարապետյանը շեշտեց, որ Ադրբեջանը չի ցանկանում նման պայմանագիր ստորագրել, որովհետև նրա ծավալապաշտական նկրտումներն այլ տեղեր են տանում։ Նրա խոսքով՝ դա նաև ինչ-որ առումով դիվանագիտական քայլ է՝ մեզ և միջազգային հանրությանը հրամցնելու, որ իրենք պատրաստակամ են տևական խաղաղության գնալ։

Դավիթ Կարապետյանը կարծում է, որ մի շարք հիմնարար հարցերի շուրջ դեռևս կոնսենսուս ձեռք չի բերվել, որը կետերի տեսքով կարծարծվի պայմանագրի տեքստում։ «Այս իրավիճակում խոսել ինչ-որ պայմանագրի մասին, որը հստակեցնելու է երկու երկրների միջև հարաբերությունները և դրանով իսկ բոլոր խնդիրները լուծվում են, դա նոնսենս է, անհեթեթություն և աբսուրդ է»,- ասել է նա։

Հարցին, թե ի վերջո կողմերին կհաջողվի՞ ստորագրել այդ փաստաթուղթը, թե՞ հերթական անգամ գործընթացը կմտնի փակուղի՝ միջազգայնագետը որևէ տարբերակ չբացառեց՝ նշելով, որ Հայաստանի վարչապետը կգնա այդ քայլին, և նախօրեին կայացած վերջինիս ասուլիսն ուղղված էր ոչ միայն հանրության տրամադրությունները ստուգելուն, այլ նաև հստակ մեսիջ էր, որ նա պատրաստվում է նման փաստաթուղթ ստորագրել, և դա պայմանագրի ստորագրման անոնսն էր։

Նա նկատեց, որ Փաշինյանն ամբողջովին հայտնեց, թե ինչերի տակ է ստորագրելու՝ անկլավները լինելու են Ադրբեջանի կազմում, Արցախը համարվելու է Ադրբեջան և այլն։ «Այստեղ որպես այդպիսին ճնշման արդյունքում, երկուստեք հետկուլիսային կամ ուղիղ բանակցությունների արդյունքում շատ հավանական է նման փաստաթղթի ստորագրումը։ Նիկոլ Փաշինյանն այն վարչապետն է, ով կարող էր մեկ գիշերում ստորագրել նոյեմբերի 9-ի տխրահռչակ փաստաթուղթը՝ իհարկե հայ ժողովրդին խոստանալով Արցախի կարգավիճակի հետ կապված ցանկացած հարց։ Հետևաբար Փաշինյանը կաշկանդված չէ նման տխրահռչակ փաստաթղթեր ստորագրելու հարցում։

Ավելին՝ նորից եմ կրկնում, որ երեկվա ասուլիսի ժամանակ նա հստակ ցույց տվեց, որ պատրաստ է նման բան ստորագրել և նա ստորագրելու է։ Առերևույթ իրականում նա կատարում է ծանր հանցագործություն, բայց խթանելով ալիևյան ռեժիմի քաղաքականությունը, ինքը գնալու է այդ քայլին, ինչի հավանականությունը շատ մեծ է։ Այստեղ պարզապես պետք է հասկանալ, թե ժամանակ շահելու ինչ տարբերակներ կան, ինչ կտա այդ պայմանագիրը և ամենակարևորը՝ միակ փաղաքշական դրույթն այն է, որ լինի դա Նիկոլ Փաշինյանը, թե ցանկացած ոք նման փաստաթուղթը լեգիտիմ չի համարվի, եթե չանցնի բոլոր ներպետական ինստիտուտներով՝ Ազգային ժողովով, նախագահականով, սահմանադրական դատարանով։ Նման փաստաթուղթը մեկ անձով պայմանավորված չի կարող վերջնական իրավական ուժ ունենալ»,- եզրափակեց միջազգայնագետը։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

21:06 Արտաշատում կինը ննջասենյակի պահարանից գողացել է 1.2 մլն դրամ, 3.200 դոլար, 20.000 ռուբլի, ոսկյա զարդեր ու խաղադրույք է կատարել. shamshyan.com
18:07 Երևանում փորձել են թալանել «Գուավա» խանութի «բունկերը». հնչել է կրակոց. գողերն ու անվտանգության աշխատակիցները փախել են. shamshyan.com
08:30 Ի՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ Հրապարակ
11:10 Բագրատ Սրբազանը հանդիպում է քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ․ ՈԻՂԻՂ
13:46 Յոլյան կենտրոնում բոլորը վախեցած են, նախարարությունը սարսափ է տարածել
14:26 Հերթը Հայաստանի տարածքում գործող հանքավայրերինն է․ ադրբեջանական մամուլը գործի է անցել
21:48 Թե ինչպես Իսահակյանը կերակրեց ցրտին ու անձևին իրեն հսկող ՊԱԿ աշխատակցին
19:08 Շատ ցավալի է, որ ԵՊՀ չի լինելու. հարցում
11:46 Գյուղը կիսել եք, թnւրքին բերել, ի՞նչ անվտանգություն․ կիրանցեցին՝ Սանոսյանին
19:31 Բագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփում է օրը․ ՈւՂԻՂ