Ուղիղ եթեր
copy image url
Խոսք Արտաքին Ներքին 11 ամիս առաջ - 20:00 22-05-2023

Շուշիի և Բախմուտի գրավումը նույնական չէ, սակայն միանշանակ է՝ Շուշիի դեպքում շատ հարցականներ կան

Նախօրեին հայտնի դարձավ, ռուսական կողմը ամիսներ շարունակ տևած կատաղի մարտերից հետո կարողացել է ամբողջովին գրավել Բախմուտ քաղաքը։ Հատկանշական է, որ ռուսական ուժերը փորձում էին քաղաքի նկատմամբ վերահսկողություն սահմանել դեռևս նախորդ ամռանից, իսկ այս տարվա հունվարից քաղաքում անդադար կատաղի մարտեր էին ընթանում։ Չնայած ռուսական կողմը վերջին ամիսներին վերահսկում էր քաղաքի տարածքի մեծ մասը, սակայն քաղաքի ամբողջական գրավումը հնարավոր դարձավ միայն նախօրեին։

Oragir.News-ի հետ զրույցում պահեստազորի գնդապետ, ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը չհամաձայնեց այն դիտարկման հետ, որ Ռուսաստանը Ուկրաինայում պատերազմ է վարում՝ նշելով, որ եթե նման պատերազմ լիներ, ապա ռուսական կողմը կօգտագործեր իր ողջ զինանոցը՝ ժամ առաջ հաջողության հասնելու համար։ Նրա դիտարկմամբ՝ այն, որ ռուսական զինանոցն այսօր աշխարհում ամենահզորն է վերջերս համոզվել են նաև արևմուտքում։ Նա ընդգծեց, որ Ռուսաստանն իրականացնում է հատուկ ռազմական գործողություն, և թիրխային հարվածներ են հասցվում։

Ռազմական փորձագետը նշում է, որ Բախմուտը գտնվում է ռազմական նշանակություն ունեցող խաչմերուկի վրա։ Նրա խոսքով՝ այդ խաչմերուկը ճանապարհ է բացում դեպի Դոնեցկի մարզի ամբողջական ազազատագրում, ինչպես նաև դեպի Դնեպրոպետրովսկ՝ Դնեպրի մյուս ափ։ Անդրադառնալով խնդրի քաղաքական կողմին՝ փորձագետը նշեց, որ հավաքական Արևմուտքը Ուկրաինայի իշխանություններին օգնում է միայն այն պարագայում, երբ ուկրաինացին կռվում է, լուրջ դիմադրություն է ցույց տալիս։

«Հակառակ դեպքում այն զենքը, զինամթերքը, մասնագետները, որոնք հավաքական Արևմուտքը, Արևմուտքի ռազմաքաղաքական դաշինք հանդիսացող ՆԱՏՕ-ն չէր տրամադրի, եթե այնուամենայնիվ ուկրաինացիները չկռվեին»,- կարծում է նա։

Նահապետյանը նկատում է, որ քաղաքի ազատագրումն ունի նաև բարոյահոգեբանական շեշտադրում։ Նա ուշադրություն է հրավիրում այն բանին, որ ամիսներ շարունակ քաղաքում տեղի ունեցած մարտերը ցույց տվեցին, որ Ռուսաստանը զինված ուժերի ներկայացուցիչները՝ լինեն դրանք կամավորականներ, վարձկաններ, թե կանոնավոր զորք, ի դեմս մի քանի տասնյակ ազգերի ներկայացուցիչների, միասնականություն և հաղթանակի հասնելու կամք, ինչպես նաև արհեստավարժ պատերազմ վարելու ունակություններ ունեն։

Ռազմական փորձագետը միևնույն ժամանակ կարծում է, որ շփման գծի կարճացումը ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի հատուկ որոշումն էր՝ այն դեպքում, երբ սկզբում այն հյուսիսում՝ Խարկովում էր գտնվում, հարավում բավական տարածվել էր, իսկ հետո ռուսական կողմը շատ արագ նահանջեց։ «Ես կարծում եմ, որ դա ծուղակ էր, թեև այդ նահանջի ժամանակ ասում էի, որ ռազմական հնարք է օգտագործվում՝ սկզբից հարձակվում է, հետո կտրուկ նահանջում է՝ հակառակորդին խայծ տալու համար, որպեսզի վերջինս գլխապտույտ հաջողությունից ոգևորված հարձակվի։ Այդ գլխապտույտ հաջողությունից ոգևորված՝ նրանք փաստացի եկան մի տեղ, որտեղ ռուսական կողմը բավականին շահեկան դիրքերում էր նախապես ամրացված՝ Բախմուտի՝ Արտյոմովսկի մատույցներում, և տեղի ունեցավ այն, ինչ եղավ Ստալինգրադի ճակատամարտում՝ 1942-ի դեկտեմբերից 1943 թվականի փետրվար ամիսներին։ Այդ ճակատամարտում փաստացի Գերմանիայի պարտության հիմքը դրվեց, որովհետև Ստալինգրադի ճակատամարտից հետո ֆրոնտալ հակահարձակում եղավ ամբողջ ճակատում։ Այստեղ ևս, կարելի է ասել, մի մսաղաց ստեղծվեց, որտեղ տարբեր աղբյուրների համաձայն՝ 50-60 ստորաբաժանումներ են կռվել, մոտ 30 բրիգադ, հատուկ նշանակության 10-15 գնդեր։ Կարելի է ասել, որ ուկրաինական բանակի առավել մարտունակ փորձառու մասը Բախմուտի փոքր հատվածում այդ մսաղացի մեջ մնաց։ Այսինքն՝ Ռուսաստանի ռազմական ստրատեգների նպատակը շատ ավելի դյուրին և առանց ավերելու Ուկրաինան ազատագրելն էր, բայց դրա համար պետք է զինված ուժերի մի մասը մի տեղում, կոմպակտ տեղում մարտական գործողությունների ընթացքում ոչնչացվեր»,- նշում է փորձագետը։

Նահապետյանը նշեց, որ Բախմուտը Ուկրաինայի համար ռազմավարական, ռազմական, բարոյական և քաղաքական նշանակություն ուներ, որը վերջինս փորձեց պահել, սակայն պարտվեցին։ Նա նկատեց, որ Դոնեցկի մարզի ամբողջական ազատագրումը ամիսների հարց կարող է լինել, և այդ ազատագրման գործընթացում ևս ուկրաինական բանակի նոր զորակոչված ստորաբաժանումների դիմադրությունը շատ թույլ է լինելու, քան այն առավել փորձառու ստորաբաժանումներինը, որոնք դիմադրում էին Բախմուտում։

Հարցին, թե Շուշիում և Բախմուտում տեղի ունեցած ռազմական գործողությունները համեմատելի՞ են իրար հետ, և հաշվի առնելով Բախմուտում ամիսներ շարունակ տևած կատաղի մարտերը՝ կարո՞ղ ենք պնդել, որ բերդաքաղաքը հանձնվել է դավաճանության արդյունքում, Հայկ Նահապետյանը նշեց, որ դավաճանության մասին պնդումն իրավական գնահատական է, որը պետք է ուժի մեջ մտնի դատարանի վճռով։ Նրա խոսքով պետք է լինեն բավականին ապացուցողական հիմքեր, որ Շուշիի գործողության ժամանակ կոնկրետ անձինք՝ զինված ուժերի, կամ քաղաքական ղեկավարության կազմից, նպաստել են, որպեսզի Ադրբեջանը կարողանա Շուշին վերցնել։

Նահապետյանը միևնույն ժամանակ շեշտեց, որ Շուշիի հետ կապված դեռևս շատ հարցեր կան, որոնց պատասխանները օդում սավառնում են, և միայն դրանց ի հայտ գալուց հետո պարզ կլինի Շուշիի անկման պատճառները։ Նա ուշադրություն հրավիրեց այն բանին, որ Ադրբեջանը ռազմական դրություն հայտարարեց պատերազմի մեկնարկից մեկ օր հետո, իսկ Հայաստանը դա արեց նույն օրը։ «Արդյոք Ադրբեջանը սպասո՞ւմ էր Հայաստանի կողմից ինչ-որ քայլերի, որպեսզի այդ գործողություններն ավելի տարածական չլինեին, և Հայաստան ընդուներ Ադրբեջանի կողմից ի սկզբանե ներկայացված պահանջները՝ մասնավորապես ազատագրված յոթ շրջանները վերադարձնելու հետ կապված։ Հարցեր կան, որոնց պատասխանները ես կարծում եմ, որ այս իշխանությունների պաշտոնավարման օրոք լիարժեք չի տրվի, որովհետև իրենք շահագրգիռ կողմ են։ Փաշինյանին հետագայում իրավական պատասխաատվության ենթարկելու ամենամեծ հիմքը կարող է հանդիսանալ իր այն ինքնախոստովանություն, որ եթե ինքը պատերազմի ընթացքում այն դադարեցներ, ապա իրեն դավաճան կասեին, երբ իրեն այն ժամանակվա գլխավոր շտաբի պետը անվտանգության խորհրդի նիստի ընթացքում զեկուցել էր, որ հայկական կողմը կրում է պարտություն, և եթե հրադադարի ռեժիմ հաստատելու առաջարկ լինի, ապա ճիշտ կլինի, այն ընդունվի։ Իսկ այդպիսի առաջարկ հոկտեմբերի 18-19-ին եղել է, Փաշինյանը խոստովանեց, որ ինքը հետ է կանգնել, որովետև իր ես-ի մասին է մտածել՝ Փաշինյան Նիկոլ ՀՀ քաղաքացու, այլ ոչ թե ՀՀ վարչապետի պարտականությունները կատարող անձի, կամ գերագույն հրամանատարի, թեև ինքը այդ կարգավիճակը երբեք չի ունեցել, որովհետև այդ կարգավիճակը տրվումէ պատերազմի ժամանակ, իսկ Հայաստանը երբևիցի չի ընդունել, որ 44-օրյա ռազմական բախման ժամանակ գտնվել է պատերազմի մեջ։ Պատերազմ վարելու համար Ազգային ժողովը պետք է իրավական ակտ ընդունի, դիմի ՄԱԿ-ին և այլն»,- նշեց ռազմական փորձագետը։

Համեմատելով Բախմուտում և Շուշիում տեղի ունեցած մարտական գործողությունները՝ Նահապետյանը նկատեց, որ ուկրաինացիները մեծ հաշվով նույն սլավոնական ժողովուրդն են, որոնց մարտական ոգին բավական բարձր է։ Նա միևնույն ժամանակ շեշտեց՝ չպետք է մոռանալ, որ ուկրաինական կողմին օգնում է հավաքական արևմուտքը, ՆԱՏՕ-ի ամբողջ ներուժը ոչ բացահայտ Ուկրաինայի զինված ուժերի հետ է՝ հրահանգիչների, մասնագետների, լավագույն տեխնիկայի առումով և այլն։ Ռազմական փորձագետը հիշեցրեց, որ հայկական կողմը նման օժանդակություն ընդհանրապես չի ունեցել։ «Եղել ենք մենք՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը, ինչ-որ կամավոր ստորաբաժանումներ, Արցախի պաշտպանության բանակը և մեր սարերն ու Աստված։ Իսկ ուկրաինական կողմում, եթե ուշադրություն դարձնենք, առկա են հավաքական արևմուտքի կողմից տված լավագույն զինտեխնիկան, հրահանգիչները, կամավորական լեգեոնները»,- նշեց նա։

Նահապետյանը նաև ուշադրություն հրավիրեց այն բանին, որ մի պետությունում՝ օրինակ Լեհաստանում, մեկ օրվա ընթացքում կարող է մոտ 6000 սպա զորացրվի, կամ արձակուրդ գնա։ Նրա համոզմամբ՝ այդ անձինքը վարձկանների կարգավիճակով հայտնվում են Ուկրաինայում։ «Հետևաբար հավաքական արևմուտքի համար Ուկրաինայի դիմադրությունը ստրատեգիական է, որպեսզի Ռուսաստանին հաղթեն։ Սակայն գլխավոր նպատակը ոչ թե Ռուսաստանին հաղթելն է, այլ այդ հաղթանակի միջոցով Ռուսաստանում իշխանափոխություն իրականացնելը։ ԱՄՆ-ի գերնպատակը դա է։ Բայց մեր պատերազմի դեպքում հավաքական արևմուտքը, կամ որևէ այլ պետություն նման նպատակ չէր դրել, իսկ մեր դիմաց Ադրբեջանին փաստացի օգնում էին Թուրքիայի գլխավոր շտաբի շուրջ 600 սպաներ՝ ներառյալ մինչև գումարտակի կառավարումը, մոտոհրաձգային որոշ ստորաբաժանումներ, մի քանի հազար թուրքոման կոչվող իսլամիստ արմատականներ»,- նկատում է նա։


Ռազմական փորձագետը նաև հավելեց, որ Ադրբեջանի հաղթանակում լուրջ դեր են ունեցել այսօր Հայաստանին բարեկամ ներկայացող մի շարք երկրներ՝ մասնավորապես Ֆրանսիան։ Նրա համոզմամբ՝ Ֆրանսիան Ադրբեջանի հաղթանակի մեջ առյուծի բաժին է ունեցել։ «Բոլոր օդային մարտերը, օդային հետախուզությունը, օդում Ադրբեջանի առավելությունը ուղղակիորեն ասոցացվում է Ֆրանսիայի երկու ռազմական արբանյակների հետ, որոնք այդ ժամանակ օգնել են իրենց։ Այնպես որ մենք մենակ ենք եղել՝ չեմ կարող ասել, դա քաղաքական իշխանության տգիտության հետևա՞նք էր, որ պատերազմի նախաշեմին մեր կարգավիճակն այդպես եղավ, թե՞ օբյեկտիվ-սուբյեկտիվ հանգամանքների առկայության։ Շուշիի և Բախմուտի գրավումը նույնական չեմ դիտարկում, սակայն այն, որ Շուշին վերցնելու մեջ շատ հարցականներ են եղել միանշանակ է։ Մասնավորապես այն ճեղքումը, երբ մի քանի օր գիշերային պայմաններում ադրբեջանցիների բավականին լավ պատրաստված դեսանտային-գրոհային ստորաբաժանումները լուրջ անցում են կատարել, իրենք դյուրին կերպով են հասել Շուշի։ Այդ ամբողջ ճանապարհին ականապատված դաշտեր չեն եղել և այլն։ Այսինքն հայկական կողմի բացթողումները եղել են, և ամեն ինչ չէ, որ պետք է պայմանավորենք դավաճանության հանգամանքով, որն էլ այս պահին ապացուցողական բավարար հիմքեր չունի, որ նման որակում տանք։ Իհարկե ռազմական առումով նույնպես բացթողումներ են եղել, որովհետև Շուշի վերցնելը սկզբունքորեն անհնար էր։ Սա կփաստի նա, ով Շուշիում եղել է և ռազմական գործից հասկանում է, սակայն ունենք, այն, ինչ ունենք»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան