Երևան +12°
copy image url
Արտաքին Խոսք 11 ամիս առաջ - 20:00 20-05-2023

Մայիսի 28-ից հետո իրանա-ադրբեջանական նոր լարվածություն կլինի

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մայիսի 17-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին մասնակցել են Ռեշտ-Աստարա երկաթուղային հատվածի ստեղծման համաձայնագրի ստորագրման արարողությանը։

Փաստաթղթի համաձայն՝ Մոսկվան և Թեհրանը համատեղ կֆինանսավորեն նախագծման, շինարարական աշխատանքները, ինչպես նաև ապրանքների և ծառայությունների մատակարարումները։

Ռեշտ-Աստարա գծի երկարությունը կկազմի 170 կմ։ Այն անհրաժեշտ է Հյուսիս-հարավ միջազգային փոխադրամիջանցքի ցամաքային հատվածները միացնելու համար, ինչը թույլ կտա բարձրացնել անդրկասպյան երթուղու տնտեսական արդյունավետությունը։

Հատկանշական է նաև, որ երկաթուղու մի հատվածն էլ անցնում է նաև Ադրբեջանի տարածքով, այն դեպքում, երբ Թեհրանի և Բաքվի միջև առկա լարվածությունը պահպանվում է, կողմերը պարբերաբար միմյանց փոխադարձ մեղադրանքներ են ներկայացնում։

Oragir.News-ի հետ զրույցում իրանագետ Գարիկ Միսակյանն ընդգծեց, որ այս նախագծով ավելի շատ շահագրգռված է ռուսական կողմը՝ հաշվի առնելով վերջին զարգացումները։ Նրա խոսքով՝ հենց ռուսական կողմից նախաձեռնությամբ սկսեցին բանակցությունները՝ այս ուղղությամբ վերջնական արդյունքի հասնելու համար։

Իրանագետը միևնույն ժամանակ շեշտում է, որ այս նախագծի իրականացման հարցում բազմաթիվ խնդիրներ կան, որոնք գտնվում են հենց Իրանի տարածքում։ Նա նշեց, որ այդ խնդիրները կապված են նախագծի աշխարհագրական դիրքի, Իրանի բնակչության շրջանում առկա դժգոհությունների, ինչպես նաև Իրանի պաշտոնական դիրքորոշման հետ։

«Չնայած Իրանը հայտարարել է, որ ցանկություն ունի իրականացնել այդ երկաթուղու նախագիծը, այնուամենայնիվ ձգձգել է այն։ Կարծում եմ՝ այնպես չէ, որ այս փուլում էլ դրա շինարարությունը բավականին արագ տեմպերով կընթանա, կամ ծրագիրն ամբողջովին ավարտին կհասցվի։ Սա հավանաբար ցույց կտա ժամանակը, բայց իրանական կողմն էլ հավանաբար սպասելու է նրան, թե հայկական հատվածից Հյուսիս-հարավի շինարարության մեկնարկը երբ է տրվելու, որպեսզի իր հյուսիսային տարանցումը կարողանա վերաբաշխել Հայաստանի տարածքով, Ադրբեջանով և այլն»,- կարծում է իրանագետը։

Հարցին, թե այս նախագծով Ռուսաստանը փորձու՞մ է կարգավորել իրանա-ադրբեջանական հարաբերություններում առկա լարվածությունը, քանի որ երկաթուղու մի հատվածն անցնելու է Ադրբեջանի տարածքով՝ Միսակյանը շեշտեց, որ Ռուսաստանը մի քանի անգամ փորձեց նվազեցնել այդ լարվածությունը, սակայն դժվար է ասել՝ Ռուսաստանը փորձո՞ւմ է կարգավորել դա, թե՞ ոչ։

Նա միևնույն ժամանակ ուշադրություն է հրավիրում այն բանին, որ այս բանակցությունները և համաձայնագրի ստորագրումը տեղի են ունեցել Ռուսաստանի և Իրանի միջև, իսկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ներկա չէր ստորագրման արարողությանը, որին մասնակցում էին Պուտինը և Ռայիսին։

Իրանագետը հիշեցնում է, որ շինարարության ավարտի ժամկետների վերաբերյալ որևէ հայտարարություն դեռևս չկա, իսկ ադրբեջանական կողմը երկաթուղու շինարարությունը կա՛մ ավարտվել է, կա՛մ շատ ավելի հեշտ կլինի ավարտել, քան Իրանում։ Նա նաև նշեց՝ իրանցի փորձագետներն էլ են պնդում, որ այդ նախագծի իրականացումն այդքան էլ հեշտ չի, և դրա գործարկման օրը մոտ չէ։

Պատասխանելով հարցին, թե ներկայումս ինչ իրավիճակում են գտնվում իրանա-ադրբեջանական հարաբերությունները, և դրանցում առկա լարվածությունը, Միսակյանն ընդգծեց, որ իրանա-ադրբեջանական լարվածությունը շարունակվում է և ունի աճող դինամիկա։

Նրա խոսքով՝ վերջին մի քանի շաբաթներին այնպիսի կոշտ հայտարարություններ չենք լսում, որոնք առկա էին նախկինում, և իրավիճակը ցույց է տալիս, որ այդ հարաբերությունները դեռևս հեռու են կարգավորված լինելուց։ Գարիկ Միսակյանը նկատեց, որ Իրանի ԱԳՆ-ի վերջին հայտարարությունը, Իրանի նյարդային հասարակական-քաղաքական դիրքորոշումը, Ադրբեջանում պարբերաբար տեղի ունեցող ձերբակալությունները փաստում են՝ Ադրբեջանի հանդեպ Իրանի դիրքորոշումը բավականին բացասական է։

Նրա համոզմամբ՝ կողմերի միջև առկա լարվածության սառեցումը, մասնավորապես, կոշտ հայտարարությունների բացակայությունը կապված է թուրքական ընտրությունների հետ։ Իրանագետը հավելեց, որ Թուրքիայում կայանալիք ընտրություններից հետո իրանա-ադրբեջանական հարաբերություններում ականատես կլինենք նոր լարվածության։

Դավիթ Գույումջյան