Երևան +17°
Ներքին Տեսանյութ 11 ամիս առաջ - 22:14 18-05-2023

Հրամանատարը Զանգելանում տղայիս թողել է տրուբայի մեջ, փախել․ անհետ կորած զինծառայողի մայր

Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի բնակիչ Կիմա Ավետիսյանը 2020 թվականի հոկտեմբերից՝ 2․5 տարի, որևէ տեղեկություն չունի պատերազմի դաշտ մեկնած իր միակ որդուց՝ Գևորգից։

Տիկին Կիման Oragir.News-ի հետ զրույցում պատմեց, թե ինչպես է որդին շտապել մարտի դաշտ, և ինչ մանրամասներ են իրեն հայտնի։

«Իմ մինուճար տղան՝ Գևորգ Կարապետյանը, 8 տարի ծառայել է Էջմիածնի «Քիմիկների» զորամասում։ Երբ պատերազմը սկսվեց, իմ երեխեն շատ էր անհանգստանում, ասում էր՝ մամա, ես պետք է գնամ պատերազմ, չմտածեց, որ տան միակ տղան էր, 2 փոքրիկ երեխաներին թողնելով օրորոցում գնաց․․․»։

Տիկին Կիման վերջին անգամ որդու հետ 2020 թվականի հոկտեմբերի 20-ին է խոսել։ Այնուհետև պարզել են, որ տղաներին տարել են թշնամու կողմից արդեն գրավված տարածք՝ Կովսական, որտեղ 30 հոգով կռվել են 500 զինված ադրբեջանցու դեմ․ «Հոկտեմբերի 18-ին թշնամին Զանգելանը գրավել էր, դրոշը խփել էր, աշխարհը տեսնում էր, որ Ադրբեջանի դրոշը ծածանվում էր Զանգելանում, բայց հոկտեմբերի 21-ի առավոտյան, գեներալ Անդրանիկ Մակարյանի հրամանով, իրենց զորամասի հրամանատար Արսեն Աբգարյանի ղեկավարությամբ, տղաներին հանձնել են թշնամուն։ Երրորդ ավտոբուսին հաջողվել է հետ գալ, բայց 40 երեխա ընկել են շրջափակման մեջ»։

Շուրջ 3 տարի անհետ կորած համարվող զինծառայողի մայրն ասում է՝ համացանցում տարածվաած տեսանյութերով ճանաչել են Գևորգին, ուսի շրջանում էլ վիրավորում է եղել, «Կարմիր խաչը» ևս նույնականացրել է, բայց մինչ օրս որևէ քայլ չի ձեռնարկվել, որ որդուն հետ բերեն, իսկ դրա շանսերը քիչ-քիչ նվազում են, քանի որ Գևորգի անունը հաստատված գերիների ցանկում չկա։

«Մենք ունենք տեսանյութ, որտեղ երևում է, թե ոնց են երեխաներին ծեծելով, թևերը կապած տանում գերության, բայց էլի չենք կարողանում մի տեղից ինֆորմացիա ունենանք։

Գևորգիս փոքրիկ երեխան 4 ամսական էր, որ ինքը գնաց մարտի դաշտ, երեկ լրացավ նրա 3 տարեկանը, մեծ երեխան 5 տարեկան է, շատ կապված էր հոր հետ, ամեն վայրկյան սպասում է, դռանն է նայում, ով դուռը բացում է, նայում է․․․ Զորամասի հրամանատար Արսեն Աբգարյանը Նոր տարուն եկել է մեր տուն, երեխուն խաղալիք է տվել, երեխեն այդ խաղալիքը ծոցն է պահում, գիտի, թե հայրն է ուղարկել։

Պատերազմը միայն ցածր խավի համար էր, ոչ մի բան չեն անում, դավաճանները մինչ օրս չեն էլ պատժվել, ինչո՞ւ իրենց պատիժը չեն կրում, չէ՞ որ մեր երեխեքին տարան, հանձնեցին։ Հեսա 3-րդ տարին կլինի, որ մենք լուր չունենք։ Արդեն 3 տարի ես այս ցավով եմ ապրում, երեխեն ամեն անգամ հարցնում է՝ տատի, Գևորգը ե՞րբ է գալու, հորը Գևորգ էր ասում։ Փոքր աղջիկն էլ հոր նկարին նայելով մեծանում է․․․»։

Կիմա Ավետիսյանն ասում է՝ իրենց տղաներին միտումնավոր գերության հանձնելու համար դիմել են դատարան, գործ է հարուցվել․
«Ցուցմունքներին ծանոթանալով՝ կարդացի, որ Գևորգին ու ևս մի հոգու հրամանատարը թողել է տրուբայի մեջ, ինքը փախել, հետ է եկել, ասել է՝ գնում եմ զորամասից տղաներ բերեմ, ձեզ հանեմ այստեղից․․․»։

Մանրամասները՝ Oragir.News-ի տեսանյութում

Ամենից շատ դիտված