Երևան +23°
copy image url
Ներքին 11 ամիս առաջ - 12:32 13-05-2023

Մեզ այլևս աշխատավայրում չեն բռնաբարի․ մերսի քեզ, Փաշինյա՛ն Նիկոլ

Մայիսի 3-ին ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքը: Ըստ այդմ՝ այսուհետ Հայաստանում օրենքով կարգելվի սեռական ոտնձգությունն աշխատավայրում։

ՀԿ սեկտորը ցնծության մեջ է, այնպիսի խինդ, ուրախություն է, ասես Լաչինի միջանցքը բացվել է, կամ թշնամին հետ է շպրտվել Սյունիքի բարձունքներից։ Իհարկե, համազգային թիվ մեկ «կարեւորության» այս հարցը, ըստ «գրանտակերների», լրիվ լուծում չի ստացել, նրանք մտահոգված են, որ «սեռական ոտնձգությունը՝ որպես աշխատանքային պայմանագրի լուծման հիմք, չի ամրագրվել օրենքում, ինչը նշանակում է, որ սեռական ոտնձգություն իրականացրած անձին գործատուն իրավունք չի ունենա ազատելու աշխատանքից, հետեւաբար առաջարկում են «Աշխատանքային օրենսգրքի» հետագա վերանայումների ժամանակ նախատեսել սեռական ոտնձգության համար ավելի խիստ սանկցիաներ, ինչպես նաև ապահովել տուժողների կողմից բողոքարկման հստակ գործող մեխանիզմներ»։

Վստահաբար, օրենսդրական փոփոխություններ նախաձեռնած Զարուհի Բաթոյանն ու Հերիքնազ Տիգրանյանը այս հարցերը եւս կլուծեն։

Նախ՝ մի քանի դիտարկում «դարակազմիկ» այս փոփոխության մասին։ Ստացվում է՝ մինչ այս փոփոխությունը ընդունվելը աշխատավայրում սեռական բռնությունը թույլատրելի՞ էր, աջուձախ բոլորս սեռական բռնության էինք ենթարկվում։ Որքան տեղյակ ենք մենք՝ անտեղյակներս, մարդը բարձրագույն արժեք է, նրա նկատմամբ ցանկացած տեսակի բռնություն քրեորեն պատժելի է, համապատասխան կառուցակարգերը կան թե՛ Մայր օրենքում, թե՛ «Քրեական օրենսգրքում»։ Ինչ տարբերություն՝ բռնությունը որտեղ է՝ տանը, աշխատավայրում, թե բակում, բռնությունը համարվում է բռնություն։

Երկրորդ՝ օրենսդրական փոփոխության հեղինակները որեւէ ուսումնասիրություն, հետազոտություն ունե՞ն, թե Հայաստանում քանի հոգի է աշխատավայրում սեռական բռնության ենթարկվում, արդյոք առկա կառուցակարգերը ի զորու չեն պաշտպանել նրանց։

Երրորդ՝ որքանով է հրատապ եւ անհրաժեշտ եղել նման օրենսդրական փոփոխությունը ընդունելը չավարտվող պատերազմի պայմաններում, եւ ինչ խնդիր է դրանով լուծվում։

Չորրորդ՝ միթե միայն կանա՞յք են սեռական բռնության ենթարկվում աշխատավայրում՝ հաշվի առնելով, որ ՀԿ սեկտորը շնորհակալ է նախաձեռնող պատգամավորներին «կանանց ձայները ԱԺ ամբիոն հասցնելու» համար։

Հինգերորդ՝ արդյոք սա ավելի հրատապ խնդիր է, քան աշխատանքային պայմանների հետ կապված մյուս առաջնահերթ հարցերը, քան բուն աշխատանքի հարցը, արժանապատիվ վարձատրության խնդիրը։ Տպավորություն է, թե մեր օրենսդիրները այնքան պարապ են, որ մի քանի «գրանտակերի» աբսուրդ առաջարկները պատրաստ են դարձնել օրենք՝ առանց երկար-բարակ մտածելու, ուսումնասիրելու։

Երբ դիլետանտությունը սկսում է երկիր կառավարել, օրենսդրական փոփոխությունների մակարդակն էլ իջնում է պլինտուսից ներքեւ։

Հ․Գ․ Մինչ մեր օրենսդիրները արգելում են սեռական բռնությունը աշխատավայրում, շարքային քաղաքացին երեք տարի շարունակ չի կարողանում հասնել արդարադատության շատ պարզ հիմքով․ գործատուն աշխատանքից ազատել է աշխատանքի չներկայանալու համար՝ առանց նրանից բացատրություն պահանջելու։ Ահա այսպես է լինում, երբ ժողովրդի ընտրյալները այնքան կտրված են լինում իրականությունից, որ սկսում են թիթեռ նկարել։