Երևան +12°
copy image url
Ներքին Խոսք 1 տարի առաջ - 18:04 10-05-2023

Ռիսկային ազդակներ ՓՄՁ-ներին․ ԵԱՏՄ մաքսազերծման նոր կարգից շահում են միայն «մեծ ձկները»

Վերջին շրջանում Հայաստան ներմուծվող որոշ ապրանքները մնում են մասքատներում։ Note.am ընկերության հիմնադիր Ներսես Ավդալյանը Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ մի քանի օր անդադար ՀՀ մաքսատները թույլ չէին տալիս մաքսազերծել 20-ից ավելի ներկրողների ապրանքներ։

Բացատրությունն այն էր, որ ԵԱՏՄ մաքսազերծման կարգ է փոխվել։ Գործարարը նշեց, որ գործընթացն, իհարկե, առաջ գնացել է, այդ ապրանքներն այլևս մաքսատներում չեն, բայց հարցի լուծումն այնպիսին չէ, որ հուսադրող լինի։

«Խնդիրը լուծվել է, այսպես ասած, բարի կամքի դրսևորմամբ։ Սակայն ցանկացած պահի ունենք ռիսկ, որ այդ խնդրի առաջ էլի կկանգնի որևէ այլ ընկերություն։

Բանն այն է, որ օրենսդրական լուծում խնդրին ոչ Հայաստանում, ոչ ԵԱՏՄ-ում չի տրվել։ ԵԱՏՄ կանոներից մեկը, որը վերաբերում է IFC սերտիֆիկացիային, ըստ որի՝ բրենդային ապրանքները ներկրվելուց պետք է անցնեն որակի սերտիֆիկացիա։ Այս պահանջը պարտադրում է ընկերություններին՝ յուրաքանչյուր ներկրված ապրանքից մեկ օրինակ թողնել սերտիֆիկացնող կազմակերպության մոտ և սպասել 30-60 օր՝ մինչև ապրանքն անցնի սերտիֆիկացման ողջ պրոցեսները։

Մինչդեռ, Հայաստանում կան ընկերություններ, որոնք տարեկան ներկրում են 30 սմարթֆոն, ընդ որում՝ դրանք միշտ չէ, որ միևնույն մոդելի են, այսինքն, կարող է, օրինակ՝ 3 տարբեր մոդելների սմարթֆոններ լինել։ Այդ դեպքում՝ ընկերությունը յուրաքանչյուր մոդելից մեկական պետք է թողնի սերտիֆիկացնող կազմակերպությանը, սպասի 30 օր, մինչև սերտիֆիկատը կտրվի, ու այսպես յուրաքանչյուր խմբաքանակի համար։

Այս դեպքում գնորդի համար ապրանքի արժեքը ավելանում է, իսկ կազմակերպությունների մի մասը հատկապես ՓՄՁ, կփակվեն»։

Ավդալյանն ընդգծեց, որ ԵԱՏՄ մաքսային կանոններն առավելապես նախատեսված և ադապտացված են Ռուսաստանի, նաև մյուս ավելի մեծ շուկա ունեցող երկրների համար։ «Ռուսաստանի և Հայաստանի տնտեսությունների շրջանառությունների ծավալներն անհամադրելի են, դրանք 100, 200, անգամ 1000 անգամ տարբերվում են։

Օրինակ, Հայաստան ներկրվում է տարեկան 20 հազար նոթբուք, իսկ Ռուսաստան՝ 3 մլն, Հայաստան տարեկան ներկրվում է, օրինակ՝ 50 000 լվացքի մեքենա, իսկ Ռուսաստան՝ դրանից 5000 անգամ ավելի։

Ստացվում է՝ հայկական տնտեսությունը ռիսկային ազդակներ է ստանում։ Բնականաբար, սրանից շահում են «մեծ ձկները», որոնք աշխատում են Ռուսաստանում, Բելառուսում և ներկրում են ոչ թե 30 հատ 3 տարբեր մոդելների սմարթֆոններ, այլ 3000 հատ և ավելի սմարթֆոններ՝ 10 մոդելի։ Նրանց համար սերտիֆիկացումն ավելի էժան է լինում, քանի որ յուրաքանչյուր 1 անուն ապրանքի սերտիֆիկացումն արժե 200 000 դրամ։

Հիմա պատկերացրեք՝ բերել եք 100 հազար դրամանոց սմարթֆոն, որի սերտիֆիկացման համար 200 հազար դրամ պետք է վճարեք․․․ Բացի այդ, լինում են դեպքեր, երբ գնորդը իր համար մեկ հատ կոնկրետ մոդելի սմարթֆոն է պատվիրում, որը մենք բերում ենք Գերմանիայից, այն արժե, օրինակ՝ 250 հազար դրամ, գնորդը կհամաձայնի՞ ևս 200 հազար դրամ վճարել դրա սերտիֆիկացման համար»։

Ավդալյանն ընդգծեց, որ խոսքը միայն սմարթֆոններին չի վերաբերում, այլև համակարգչային և կենցաղային տեխնիկաներին, դետալների արտադրությանը։ Գործարարը նշեց, որ խնդրի շուրջ քննարկում ծավալելու համար նամակներ ու գրություններ են ուղարկել մի շարք գերատեսչություններ, հանդիպումների և քննարկումների համար արդեն որոշակի պայմանավորվածություններ կան։

«Մենք ուզում ենք, որ սա ճանաչվի հակամրցակցային, ուզում ենք օգտվել ազատ մրցակցության լծակից և ունենալ կառավարության որոշում, որը հակամրցակցային է ճանաչում այս կարգավորումը և մեզ կանաչ լույս է տալիս, որպեսզի մենք և մեր նման կազմակերպությունները իրենց 100 կամ 1000-ավոր աշխատակիցներով շարունակեն ազատ մրցակցել Հայաստանի ներսում։ Ի վերջո, թեև այս անգամ խնդիրը լուծվել է, սակայն չկա որևէ երաշխիք, որ մի օր էլ այն չի դիպչի Հայաստանի տնտեսության համար ավելի էական ոլորտների»։