Երևան +10°
copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 15:00 10-05-2023

Շուշին ազգային դավաճանության արդյունքում է հանձնվել հայերին. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Արցախի Հանրապետության օկուպացված Շուշի քաղաքում իր հոր՝ Հեյդար Ալիևի 100-ամյակի կապակցությամբ ծավալուն ելույթ է ունեցել, որի ընթացքում կրկին մի շարք հակահայկական հայտարարություններ է հնչեցրել։ Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի նախագահականի մամուլի ծառայությանը։

Ալիևը շեշտել է, որ չէր կարող այս շնորհավորական ուղերձը Բաքվից հղել, քանի որ օկուպացված Շուշին Ադրբեջանի հաղթանակի խորհրդանիշն է և հաղթանակի պսակը։ Նա հերթական անգամ շեշտել է, որ Շուշիի օկուպացումից մեկ օր անց Հայաստանը ստորագրեց կապիտուլյացիայի ակտը։ Նրա խոսքով՝ Հեյդար Ալիևի ամենամեծ ցանկությունը «Շուշին, Ղարաբաղը և Զանգեզուրը ազատ տեսնելն էր և իրենց հաջողվել է կատարել այդ ցանկությունը»։

Ադրբեջանի նախագահը հայտնել է, որ ադրբեջանական ժողովրդի ողբերգությունները սկսվել են այն բանից հետո, երբ Հեյդար Ալիևը հեռացել է քաղաքական իշխանությունից։ Նա նշել է, որ 1987 թվականին նրա հրաժարականից երկու շաբաթ չանցած «հայ ազգայնականները և նրանց հովանավորները խորհրդային կառավարությունում բարձրացրել են Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը Ադրբեջանի կազմից հանելու և Հայաստանին փոխանցելու հարցը, ինչից հետո սկսել են Ադրբեջանի դժբախտությունները»։ «Կասկածից վեր է, որ եթե Հեյդար Ալիևը ներկայացված լիներ իշխանության մեջ, հայ ազգայնականները երբեք չէին համարձակվի դիմել այդ կեղտոտ քայլերին։ Ե՛վ հայ ազգայնականները, և՛ Ադրբեջանի ներկայիս ղեկավարության մեջ ներկայացված ազգային դավաճանները փաստացի միավորվեցին և տգեղ չար ու զրպարտչական արշավ իրականացրին Հեյդար Ալիևի դեմ»,- հայտաարարել է նա։

Վերջինս միևնույն ժամանակ նշել է, որ այդ օրերին Նախիջևանը գտնվում էր բավականին ծանր իրավիճակում, քանի որ լիակատար շրջափակման մեջ էր։ Նրա խոսքով՝ «հայերը ծրագրում էին գրավել ինչպես Ղարաբաղը, այնպես էլ Նախիջևանը»։ Ալիևն ասել է, որ «Նախիջևան ներխուժելը հայերի ծրագրերի մի մասն էր, իսկ Հեյդար Ալիևը պաշտպանել է Նախիջևանը օկուպացիայից»։

Իլհամ Ալիևն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ 1992 թվականի նոյեմբերին Նախիջևանում «Նոր Ադրբեջան» կուսակցության ստեղծումը և կուսակցության նախագահի պաշտոնում Հեյդար Ալիևի ընտրությունը փաստացի հանգեցրին Ադրբեջանում ժամանակակից քաղաքական համակարգի ձևավորմանը։ Նա նշել է, որ այդ շրջանում Ադրբեջանում իշխանության մեջ գտնվողները մտածում էին միայն իրենց անձնական շահերի մասին, իսկ Ադրբեջանի ժողովրդական ճակատի և Մուսավաթի իշխանությունը վառելիք էր վաճառում Հայաստանին։

«Տեսեք, թե այս մարդիկ որքան ատելությամբ են ապրել սեփական ժողովրդի հանդեպ, որ այս ծանր օրերին իրենց գրպանները լցնելու համար դիմել են այս կեղտոտ գործերին։ Իշխանության մեջ մնալու համար նրանք նույնիսկ խրախուսում էին քաղաքացիական պատերազմը»,- ասել է նա։

Ադրբեջանի առաջնորդը հերթական անգամ պնդել է, որ Շուշին 1992 թվականի մայիսին ազգային դավաճանության արդյունքում է հանձնվել հայերին։ Նրա խոսքով՝ Շուշին անառիկ ամրոց է, ինչի մասին բոլորը գիտեն։ Ալիևը պնդել է, որ Շուշին հանձնվել է հայերին, որպեսզի Ադրբեջանի ժողովրդական ճակատ-Մուսաֆաթ զույգը իշխանության գա։ Նա շեշտել է, որ Շուշիի անկումից մեկ ամիս անց Ադրբեջանի ժողովրդական ճակատ-Մուսաֆաթ զույգը եկավ իխանության և հասավ իր երազանքին։ «Շուշայի գրավումից հետո Լաչինի ճակատագիրը գրեթե մեծ վտանգի տակ էր, իսկ տասը օր անց գրավվեց նաեւ Լաչինը։ 1993 թվականի ապրիլին օկուպացվել է Քալբաջարը և այդպիսով ստեղծվել է Ղարաբաղի և Հայաստանի աշխարհագրական կապը»,- հայտարարել է նա։