Ինչպես արդեն տեղեկացրել ենք Երևանում ապրիլի 25-ին տեղակայված «Նեմեսիս» գործողության մասնակիցների հիշատակին նվիրված հուշակոթողը առաջացրել է Թուրքիայի իշխանությունների զայրույթը։ Թուրքական կողմը արձանի տեղակայումից օրեր անց փակել էր իր օդային տարածքը հայկական ինքնաթիռների համար, որոնք Թուրքիայի տարածքով թռչում էին դեպի երրորդ երկրներ։ Չնայած այս ամենին Երևան-Ստամբուլ և Երևան-Անթալյա, ինչպես նաև հակառակ ուղղություններով չվերթները շարունակվում են անխափան իրականացվել, որոնք ֆինանսական տեսանկյունից ավելի շահավետ են Թուրքիայի համար։
Չնայած Հայաստանի իշխանություններն ամենաբարձր մակարդակով փորձում էին մեղմել Թուրքիայի իշխանությունների զայույթը. մասնավորապես ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազատություն ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարեց, որ արձանի տեղակայումը սխալ որոշում էր, իսկ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն Անկարայում նշեց, որ արձանի տեղակայումն իրականացվել է տեղական ինքնակառավարման մարմինների կողմից և չի արտահայտում Հայաստանի իշխանությունների պաշտոնական դիրքորոշումը, այնուամենայնիվ կարող ենք արձանագրել, որ Թուրքիայի զայրույթը չի հաջողվել մեղմել։ Նախօրեին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Հայաստանից պահանջել էր ապամոնտաժել հուշակոթողը՝ հակառակ դեպքում սպառնալով նոր քայլեր ձեռնարկել։
Ստեղծված իրավիճակում հատկանշական է՝ ՀՀ իշխանությունները կկատարե՞ն Անկարայի հերթական պահանջը, որը միևնույն ժամանակ միջամտություն է ինքնիշխան պետության ներքին գործերին, թե՞ այնուամենայնիվ չեն համարձակվի գնալ այդ քայլին, ինչպես հուշակոթողի տեղակայման մասին արտահայտվել էր Փաշինյանը, որպեսզի իրենց դավաճան չանվանեն։
Սակայն հարկ ենք համարում ուշադրություն հրավիրել այն բանին, որ եթե Հայաստանի իշխանությունները տեղի տան Թուրքիայի պահանջներին և ապամոնտաժեն հուշակոթողը, ապա դրանից հետո թուրքական կողմն ամեն անգամ Հայաստանից զիջումներ կորզելու նպատակով կդիմի նույն ճանապարհին։ Առհասարակ թուրքական և արևելյան հասարակություններում ընդունված է, որ թույլին և նահանջողին չեն հարգում և վերջինիս հետ խաղաղություն չեն հաստատում։ Եթե ամեն դեպքում հայկական կողմը ապամոնտաժի հուշարձանը, ապա կարճաժամկետ հեռանկարում հնարավոր է, որ Թուրքիան որոշակի քայլեր ձեռնարկի հարաբերությունների կարգավորման ուղղությամբ՝ օրինակ վերաբացի օդային սահմանը երրորդ երկրներ թռչող օդանավերի համար, կամ բացի հայ-թուրքական ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար, ինչի մասին պայմանավորվածություն էր ձեռք բերվել դեռևս նախորդ տարի հուլիսին։
Ինչ վերաբերում է երկարաժամկետ հեռանկարում հնարավոր զարգացումներին, ապա հուշակոթողի ապամոնտաժումն էլ ավելի կթուլացնի Հայաստանի բանակցային դիրքերը, որոնք 2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմից հետո այնքան էլ բարվոք վիճակում չէին։ Միևնույն ժամանակ Թուրքիան դրանով Հայաստանի նկատմամբ լրացուցիչ ճնշման գործիք կստանա, և ամեն անգամ, երբ Հայաստանը չի կատարի Թուրքիայի հերթական պահանջները այդ երկիրը նորից կփակի իր օդային սահմանը և այլն։ Բացի այդ եթե Հայաստանը ապամոնտաժի «Նեմեսիս» գործողության մասնակիցների հիշատակին նվիրված հուշակոթողը, ապա Թուրքիան հաջորդիվ կարող է պահանջել ապամոնտաժել Սողոմոն Թեհլերյանի արձանը, իսկ ավելի ուշ նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը։
Հայաստանի իշխանությունները Թուրքիայի ճնշումներին դիմագրավելու համար որպես հակափաստարկ կարող են օգտագործել Թուրքիայի տարածքում Հայոց ցեղասպանության կազմակերպիչների անուններով հուշարձանների, փողոցների, դպրոցների և բազմաթիվ այլ հաստատությունների առկայությունը, եթե իհարկե վերջիններս ցանկանում են տուրք չտալ Անկարայի պահանջներին և չապամոնտաժել հուշարձանը։ Չնայած թուրքական պաշտոնական քարոզչությունն առհասարակ մերժում է Հայոց ցեղասպանության փաստը, սակայն 1919 թվականին հենց թուրքական Հատուկ ռազմական տրիբունալն է աշխարհում առաջինը ճանաչել Հայոց ցեղասպանությունը և դրա կազմակերպիչներից 18-ի նկատմամբ մահապատժի որոշում կայացրել, որոնցից սակայն իրագործվեց միայն երեքը, իսկ մյուսները պատասխանատվության ենթարկվեցին հենց «Նեմեսիս» գործողության մասնակիցների գործողությունների արդյունքում։
Հեղինակ` Դավիթ Գույումջյան