Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին Խոսք 11 ամիս առաջ - 20:00 08-05-2023

Էրդողանը ձգտում է ամեն գնով հաղթել, իսկ պարտվելու դեպքում՝ իշխանությունը հեշտ չի զիջելու

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Ինչպես բազմիցս տեղեկացրել ենք, մայիսի 14-ին Թուրքիայում կայանալու են նախագահական և խորհրդարանական ընտրություններ, որոնք չափազանց կարևոր նշանակություն են ունենալու այդ երկրի հետագա ընթացքի վրա։ Ընտրությունները տեղի են ունենում Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-ամյակին ընդառաջ, և երկրում գործող քաղաքակական ուժերի համար կենսական կարևորություն ունի այն հարցը, թե ով կլինի Թուրքիայի ղեկին՝ իսլամիստ-պահպանողական Ռեջեփ Թայիփ Էրդողանը և իր գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, թե ներկայիս Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի հիմնադրած «Հանրապետական-ժողովրդական» կուսակցությունը, որի առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն նախագահական ընտրություններում Էրդողանի գլխավոր մրցակիցն է։
Էրդողանը և Քըլըչդարօղլուն
/Էրդողանը և Քըլըչդարօղլուն/

Նախագահական ընտրություններին մասնակցում է չորս թեկնածու՝ գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ՀԺԿ առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն, որի շուրջ միավորվել է Թուրքիայի ընդդիմության ազդեցիկ հատվածը, նախորդ նախագահական ընտրություններում (2018) Էրդողանի գլխավոր մրցակից, ընդդիմադիր «Հայրենիք» կուսակցության նախագահ Մուհարեմ Ինջեն և ծագումով ադրբեջանցի, «Նախնի» դաշինքի թեկնածու Սինան Օղանը, սակայն հիմնական մրցակցությունն ընթանում է Էրդողանի և Քըլըչդարօղլուի և նրանց ղեկավարած «Ժողովուրդ» և «Ազգ» դաշինքների միջև։ Մինչև այժմ տարբեր հետազոտական ընկերությունների կողմից անցկացված հարցումները փաստում են, որ Էրդողանի և Քըլըչդարօղլուի վարկանիշները գրեթե հավասար են, իսկ խորհրդարանական ընտրությունների պարագայում առաջատար է Էրդողանի գլխավորած ԱԶԿ-ն։ Մի շարք փորձագետներ չեն բացառում ընտրությունների երկրորդ փուլի հնարավորությունը, քանի որ կարծում են՝ ո՛չ Էրդողանը, ո՛չ Քըլըչդարօղլուն առաջին փուլում չեն կարողանա ստանալ ձայների 50 տոկոսից ավելին։ Էրդողանի պարագայում հիմնական խոչընդոտը ընդդիմության կողմից նախագահի միասնական թեկնածուի առաջադրումն էր, որին իր աջակցությունն է հայտնել նաև քրդամետ «Ժողովուրդների ժողովրդավարություն» կուսակցությունը, որը հավակնում է ստանալ ձայների 10-15%ը։ Քըլըչդարօղլուի պարագայում հիմնական խոչընդոտը ընտրություններին Մուհարեմ Ինջեի մասնակցությունն է, ով նախկինում եղել է ՀԺԿ անդամ, մասնակցել է 2018 թվականի նախագահական ընտրություններին և ստացել ձայների շուրջ 30%-ը։ Տարբեր տվյալներով՝ վերջինս այս ընտրությունների առաջին փուլում կարող է ստանալ ձայների մոտավորապես 5%-ը։

Ինչ վերաբերում է Մուհարեմ Ինջեին, ապա վերջինս չի բացառում որ կարող է Քըլըչդարօղլուի օգտին հրաժարվել իր թեկնածությունից և աջակցել վերջինիս։ Միևնույն ժամանակ ընդդիմադիր գործիչն ինքնաբացարկի համար չափազանց բարձր «գին է պահանջում»՝ մասնավորապես Թուրքիայի խորհրդարանի նախագահի պաշտոնը։ Ինջեն հանդիպում է ունեցել Քըլըչդարօղլուի հետ, սակայն վերջինս հրաժարվել է հաղթանակի պարագայում խորհրդարանի նախագահի պաշտոնը տրամադրել Ինջեին։

Քըլըչդարօղլուն և Ինջեն
/Ինջեն և Քըլըչդարօղլուն/

Բացի այդ՝ Թուրքիայի ընդդիմությունը լուրջ սխալ էր կատարել՝ առաջադրելով հենց Քըլըչդարօղլուի թեկնածությունը, քանի որ վերջինս Էրդողանի համեմատ ավելի թույլ քաղաքական գործիչ և հռետոր է, ինչպես նաև գործող նախագահի համար բավականին ցանկալի մրցակից։ Ընդդիմության հաղթանակի շանսերը շատ ավելի մեծ կլինեին այն դեպքում, եթե նախագահի միասնական թեկնածու առաջադրվեին ՀԺԿ անդամներ Ստամբուլի քաղաքապետԷքրեմ Իմամօղլուն, ում նկատմամբ դատավարություն է ընթանում, և Էրդողանը ամեն կերպ խոչընդոտում էր նրա առաջադրմանը, կամ Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշը։ Յավաշի առաջադրման պարագայում ընդդիմության համար դժվար կլիներ ստանալ քրդական ընտրազանգվածի ձայները, քանի որ վերջինս նախկինում եղել է ծայրահեղ աջակողմյան «Ազգայնական շարժում» կուսակցության անդամ։ Սակայն Քըլըչդարօղլուն կարծում է, որ հատկապես փետրվարյան ավերիչ երկրաշարժերի հետևանքով Էրդողանի դիրքերն այնքան են թուլացել, որ այժմ վերջապես կարող է հաղթել նրան։

Էրդողանի համար չափազանց կարևոր նշանակություն ունի այս ընտրություններում հաղթանակը մի քանի պատճառներով։ Նախևառաջ Թուրքիայի ներկայիս նախագահն ամեն կերպ փորձում է երկրի պատմության մեջ ավելի շատ պատմական հետք և ժառանգություն թողնել, և այս առումով նա հեռակա մրցակցության մեջ է ներկայիս Թուրքիայի հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի, ինչպես նաև օսմանյան մի շարք սուլթանների հետ։ Միևնույն ժամանակ Էրդողանը մտահոգություններ ունի իր և մերձավոր շրջապատի ապագայի վերաբերյալ, քանի որ ընտրություններում պարտության դեպքում իրենց նկատմամբ կարող են մի շարք գործեր հարուցվել, և վերջիններս կհայտնվեն մեղադրյալի աթոռին։

/Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն/

Ինչպես արդեն նշեցինք, հոկտեմբերին լրանալու է Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-ամյակը, և Էրդողանի չի կարող իրեն թույլ տալ այդ ժամանակ չլինել երկրի նախագահի պաշտոնում։ Այլ կերպ ասած՝ այս ընտրությունները Աթաթուրքի հին Թուրքիայի և Էրդողանի նոր Թուրքիայի բախման կետն են, որի արդյունքներով որոշվելու է երկրի զարգացման հետագա ընթացքը և Էրդողանի քաղաքական ժառանգության հարցը։ Հենց այս ամենով էլ պայմանավորված, կարծում ենք, որ Էրդողանը չի կարող իրեն թույլ տալ պարտված հեռանալ երկրի քաղաքական կյանքից։ Սա Էրդողանի համար ունի նաև խորհրդանշական կողմ, քանի որ Աթաթուրքի քաղաքական ժառանգությունը պահպանվեց վերջինիս մահվանից հետո առնվազն 22 տարի, իսկ Էրդողանի պարտության պարագայում չի պահպանվի անգամ 1 տարի։

Էրդողանը ընտրությունների համար նաև չափազանց խորհրդանշական օր է ընտրել։ Ի սկզբանե նախագահական և խորհրդարանական ընտրությունները նշանակված էին հունիսի 18-ին, սակայն հունվարին Էրդողանի գլխավորած «Ժողովուրդ» դաշինքի նախաձեռնությամբ այն տեղափոխվեց մայիսի 14-ին։ Մայիսի 14-ը Էրդողանի համար պատահական օր չէր. հենց 1950 թվականի մայիսի 14-ին Թուրքիայի առաջին իսլամիստական «Ժողովրդավարական» կուսակցությունը բացարձակ հաղթանակ տարավ Աթաթուրքի հիմնադրած «Հանրապետական-ժողովրդական» կուսակցության նկատմամբ։ Էրդողանը իր կուսակցությունը համարում է ԺԿ-ի իրավահաջորդ, իսկ ԺԿ հիմնադիր, նախկին վարչապետ Ադնան Մենդերեսը մեծ ազդեցություն է ունեցել Էրդողանի քաղաքական հայացքների ձևավորման վրա։ Բացի այդ՝ Էրդողանը պարբերաբար օգտագործում է Մենդերեսի հայտարարությունները։ Մասնավորապես Մենդերեսը 1950 թվականի ընտրությունների ժամանակ մշտապես օգտագործում էր «Բավակա՛ն է, խոսքն ազգինն է» կարգախոսը, որով նա համոզիչ հաղթանակ տարավ ընտրություններում։ «Մենք էլ 2023թ․ խնդրում ենք մեր ազգի աջակցությունը՝ ասելով՝ «Բավակա՛ն է, խոսքը, որոշումն ու ապագան ազգինն են»։ Մեր ազգը 73 տարի անց նույն օրը «վեցի սեղանի» անվան տակ հանդես եկող հեղաշրջման տիկնիկավարներին կասի՝ «բավակա՛ն է»»,- հայտարարում է Էրդողանը։
Ադնան Մենդերեսը
/Թուրքիայի նախկին վարչապետ Ադնան Մենդերեսը/

Միևնույն ժամանակ Էրդողանը քարոզարշավի շրջանակներում պարբերաբար հայտարարում է, որ բնակչությունից ձայն է խնդրում վերջին անգամ։ Ընտրություններում հաղթելու պարագայում նա կպաշտոնավարի մինչև 2028 թվականը, և եթե Թուրքիայի սահմանադրության մեջ նոր փոփոխություններ չկատարվեն, կամ խորհրդարանի կողմից վաղաժամ արտահերթ ընտրություններ չնշանակվեն, ապա Էրդողանն այլևս չի կարողանա մասնակցել հաջորդ ընտրություններին։ Կարծում ենք, որ նրա տարիքը և առողջական վիճակը նույնպես նրան թույլ չեն տա հետագայում կրկին հավակնել նախագահի պաշտոնին։ Նշենք, որ Էրդողանի գլխավորած ուժը Թուրքիայում իշխում է սկսած 2002 թվականից, իսկ Էրդողանը 2003-2014 թվականներին զբաղեցրել է Թուրքիայի վարչապետի պաշտոնը, իսկ 2014 թվականի օգոստոսից մինչև այսօր Թուրքիայի նախագահն է։

Բացի այդ՝ եթե նույնիսկ Էրդողանը պարտվի ընտրություններում, ապա նա իշխանությունը հեշտ չի զիջի։ Նման օրինակ եղել է 2019 թվականի մարտին կայացած ՏԻՄ ընտրությունների ժամանակ, երբ Ստամբուլի քաղաքապետի պաշտոնի համար պայքարում ՀԺԿ թեկնածու Էքրեմ Իմամօղլուն չնչին առավելությամբ հաղթել էր ԱԶԿ թեկնածու, Էրդողանի մտերիմ Բինալի Յըլդըրըմին, սակայն ընտրություններից օրեր անց արդյունքերը չեղարկվել էին երկրի Բարձրագույ ընտրական խորհրդի կողմից և նոր ընտրություններ էին նշանակվել հունիսին։ Կրկնակի ընտրություններում ընդդիմադիր թեկնածուն համոզիչ հաղթանակ տարավ, իսկ ձայների տարբերությունը կազմում էր շուրջ 10%։ Հենց այս պատճառով Էրդողանը մինչև օրս չի կարողանում «ներել» Իմամօղլուին, և վերջինս նկատմամբ դատական գործընթացներ են իրականացվում։

Միևնույն ժամանակ, Թուրքիայում չափազանց մեծ է հետընտրական բախումների հավանականությունը։ Այս համատեքստում Քըլըչդարօղլուն իր կողմնակիցներին հորդորել է ընտրություններում իր հաղթանակի պարագայում փողոց դուրս չգալ, քանի որ Էրդողանի զինված կողմնակիցները կարող են սադրանքներ և բախումներ հրահրել։

Այսպիոսով, ամփոփելով Թուրքիայում տեղի ունեցող նախընտրական զարգացումները՝ կարող ենք փաստել, որ գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փորձելու է ամեն գնով հաղթել ընտրությունների առաջին փուլում, իսկ պարտվելու դեպքում՝ հեշտությամբ չի զիջելու իշխանությունը։ Չնայած առաջին փուլում հաղթելու Էրդողանի ցանկությանը՝ ամենայն հավանականությամբ ընտրությունները կտեղափոխվեն երկրորդ փուլ, որտեղ ներքաղաքական իրավիճակը էլ ավելի կվատթարանա։ Ինչ վերաբերում է խորհրդարանական ընտրություններին, ապա մեծ հավանականությամբ Էրդողանի գլխավորած քաղաքական ուժը կստանա ամենամեծ թվով մանդատները, սակայն այն բավարար չի լինի մեծամասնություն ապահովելու և կառավարություն ձևավորելու համար։

Հեղինակ՝ Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

15:25 Հայ զինվորականները զղջում են չարածի համար. նմանություն՝ Բաքվում պահվող գերիների ճնշումների հետ
20:35 Ավարտվել է կիրանցեցիների և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը․ այն անարդյունք էր
22:30 Արցախի ղեկավարներին ազատելու դիմաց Ալիևը ՀՀ-ից ծանրակշիռ բան է ուզում ստանալ
07:56 Աննա Հակոբյանի շուրջ սկանդալները շարունակվում են. Գյումրիում նույնպես վանկարկումներ են հնչել. Ժողովուրդ
22:53 Քաղաքացիներն իրենց օծված չեն զգում. հարցում
23:08 Ժողովրդին քաղաքական ուժերը տարել են փակուղի, մարդիկ չգիտեն՝ ում վստահեն. ակցիայի մասնակից
21:30 Բանակը Սերժ Սարգսյանի հրաժարականը կարող է պահանջել, Նիկոլ Փաշինյանինը` ոչ
12:00 Փաշինյանի հայտարարությունից հետո Իսկանդեր կրակող սպային թունավորել են ու սպանել. մոր բացահայտումը
18:40 Պարեկն՝ ընդդեմ վարորդի. անիրագործելի պահանջներ են ներկայացնում ու տուգանում 
22:36 Հազիվ քաղաք ենք էկել, կոֆե խմենք․ կիրանցեցիները դժգոհ են երևանցիների անտարբերությունից