Երևան +13°
copy image url
Ներքին 11 ամիս առաջ - 19:58 06-05-2023

«26.5 ժամ...».Շուշիի պատմական հաղթանակը սերունդները չեն մոռացել

Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղի միջնակարգ դպրոցն աչքի է ընկնում հայրենասիրական բովանդակությամբ միջոցառումներով, որոնցից հերթականը «26.5 ժամ ...» խորագիրը կրող միջոցառումն էր:

Վահրամաբերդի միջնակարգ դպրոցի 10-րդ և 11-րդ դասարանցիները ներկայացրել են Շուշի բերդաքաղաքի պատմությունը, Շուշիի պատմական հաղթանակը։ Միջոցառման գլխավոր նպատակը այն էր, որ մատաղ սերունդը չմոռանա Շուշիի ազատագրման, ասել է, թե մեր պատմության կարևորագույն էջը։

«Միջոցառումը վերնագրվել է 26.5 ժամ՝ խոսքը 1992թ.-ի Շուշիի ազատագրման ժամանակահատվածի մասին է, այսինքն՝ 26.5 ժամում են Շուշին ազատագրել և հատուկ այդպիսի խորություն տվեցինք վերնագրին, որ հուզական և հայրենասիրական երանգ լիներ և հաղթական հնչերանգ ունենար։ Միջոցառման բուն նպատակն այն էր, որ աշակերտները երբևէ չմոռանան իրենց պատմության այդ կարևորագույն էջը։ Շուշին, ճիշտ է, այսօր մեր վերահսկողության տակ չէ, բայց դա ամենևին չի խանգարում մեր պատմական ակունքներն ու գեները հիշել և հասկանալ, որ մենք հայ ենք և հայից ենք սերվում։



Հայ ազատամարտիկները գնացել են դեպի իմացյալ մահ, մենք պիտի կրենք այդ հաղթանակի կարևոր առաքելությունը մեզ վրա և նմանվեք նրանց, այսինքն՝ մենք իմանանք և հասկանանք, որ մենք 1992-ին ազատագրել ենք Շուշին, մենք դա կարողացել ենք անել»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է Վահրամաբերդի միջնակարգ դպրոցի պատմության ուսուցիչ Կիմա Եղշատյանը։

Պատմության ուսուցչի խոսքով՝ միջոցառման գլխավոր նպատակը այն էր, որ ներկա սերունդը երբեք ընկճված, հիասթափված, գլխիկոր կերպարի մեջ չլինի, այլ հակառակը՝ հայի այն արժանապատիվ տեսակը լինի, որին փոխանցել են այդպիսի պատմական հաղթանակ և երբևէ չմոռանա այդ դրվագը։

Պատմության ուսուցիչը շեշտեց նաև, որ Շուշիի փայլուն հաղթանակից բացի մենք ունեցել ենք շատ հաղթանակներ, որոնք ևս գրի և հիշատակության են արժանի։