copy image url
Միտք 1 տարի առաջ - 22:30 04-05-2023

Եթե Հայաստանը ինչ-որ պահի հրաժարվի նախապայմանների կատարումից, դրան կհետևի Թուրքիայի կոշտ արձագանքը

Արցախյան 44-օրյա պատերազմում կրած ծանր պարտությունից հետո մեկնարկեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, մի շարք փորձագետներ նախազգուշացնում էին, որ Հայաստանը գտնվում է ամենաթույլ մեկնարկային իրավիճակում և չի կարողանալու դիմագրավել թուրքական նախապայմաններին։ Միևնույն ժամանակ Հայաստանի իշխանությունները համառությամբ փորձում էին և փորձում են առաջ մղել իրենց այսպես կոչված խաղաղության օրակարգը, որին ձգտում են միայն իրենք, բայց ոչ երբեք Թուրքիան և Ադրբեջանը։

Նախօրեին հայտնի դարձավ, որ Թուրքիայի իշխանությունները որոշում են կայացրել Հայաստանի համար փակել իրենց օդային տարածքը։ Թուրքական կողմն իր այս որոշումը մեկնաբանում էր այն հանգամանքով, որ օրեր առաջ Երևանում կայացել է «Նեմեսիս» գործողության հերոսների հիշատակը հավերժացնող աղբյուր-հուշակոթողի բացումը։ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն նշեց, որ Անկարան թույլ չի տա հայկական օդանավերի անցումն իր տարածքով, քանի դեռ «Հայաստանի կողմից շարունակվում են Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ իրականացվող սադրանքները»։

Հատկանշական է, որ Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ երբ մեկնարկում էր հայ-թուրքական բանակցությունները, Հայաստանը Թուրքիային Հայոց ցեղասպանությունը ճանաչելու պահանջ չի ներկայացրել, իսկ Թուրքիան էլ Հայաստանից չի պահանջել հրաժարվել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից։

Այսպիսով չնայած հայ-թուրքական բանակցություններից հետո մշտապես երկու կողմերը հայտարարում էին, որ գործընթացն իրականացվում է առանց նախապայմանների, թուրքական կողմից վերջին գործողությունները փաստում են որ նախապայմաններն այնուամենայնիվ կան, պարզապես դրանք հնչեցվում են ոչ հրապարակային։ Առհասարակ նախքան Արցախյան 44-օրյա պատերազմը Թուրքիան Հայաստանին ներկայացնում էր երեք նախապայման՝ Արցախի հարցում Ադրբեջանի օգտին միակողմանի զիջումերի կատարում, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և պահանջատիրության գործընթացից հրաժարում, ինչպես նաև Կարսի պայմանագրի վերաճանաչում, որով հաստատվել են հայ-թուրքական ներկայիս սահմանը։ Տարիներին ընթացքում փոխվում էին ոչ թե թուրքական նախապայմանները, այլ միայն Հայաստանի կողմից դրանք կատարելու հերթականությունը։ Արդեն պատերազմից հետո երբ Արցախի հարցը դե ֆակտո լուծվել էր Ադրբեջանի օգտին, իսկ հայկական կողմը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և պահանջատիրության գործընթացը պատվիրակում էր հայկական սփյուռքին, Թուրքիայի կողմից առաջ քաշվեցին նոր նախապայմաններ՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրում և Արցախում ռազմական ճանապարհով Ադրբեջանի արձանագրած հաջողությունների փաստացի լեգիտիմացում, ինչպես նաև այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի տրամադրում։

Ինչ վերաբերում է Թուրքիայի և Ադրբեջանի հետ խաղաղության օրակարգին, ապա նշված պետությունների պատկերացմամբ Հայաստանի հետ խաղաղության հաստատումը հնարավոր է բացառապես այն պարագայում, երբ Հայաստանը կկատարի իրեն ներկայացված բոլոր պահանջները։ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում այս մոտեցումները և պահանջները նոր չեն, դրանք առաջացել են դեռևս Թուրքիայի Հանրապետության ձևավորման շրջանում և դրվել են այս երկրի պետական քաղաքականության հիմքերում։

Միևնույն ժամանակ Թուրքիայում կայանալիք համապետական ընտրությունների համատեքստում Հայաստանում որոշ շրջանակներ պնդում են, որ Էրդողանի վարչակարգի փոփոխության պարագայում կփոփոխվի նաև Հայաստանի նկատմամբ Թուրքիայի քաղաքականությունը և ՀՀ-ին ներկայացվում պահանջները։ Նման ակնկալիքները որևէ աղերս չունեն իրականության հետ, քանի որ ինչպես արդեն նշվեց, այդ մոտեցումները դրված են Թուրքիայի պետական քաղաքականության հիմքում և ցանկացած քաղաքական ուժ, որն այդ երկրում կգա իշխանության, շարունակելու է թուրքական պետական քաղաքականությունը։

Այպիսով կարող ենք փաստել, որ եթե Հայաստանը ինչ-որ պահի հրաժարվի թուրքական նախապայմանների իրականացումից, կամ որոշ քայլեր կկատարի, որոնք դուր չեն գա թուրքական կողմին, ինչպիսին օրինակ «Նեմեսիս» գործողության հերոսների հիշատակը հավերժացնող աղբյուր–հուշակոթողի բացումն էր, դրան կհետևի Թուրքիայի կոշտ արձագանքը և գործողությունները, իսկ հայ-թուրքական ներկայիս կարգավորման գործընթացը կունենա իր նախորդների ճակատագիրը։

Բացի այդ Հայաստանում քննարկումների և բանավեճերի առիթ էր դարձել նաև փետրվարին Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերից հետո Հայաստանի կողմից այդ երկրին տրամադրված հումանիտար օգնությունը։ Այդ նպատակով մի քանի ժամով բացվել էր անգամ հայ-թուրքական ցամաքային սահմանը, որը փակ էր ավելի քան երեք տասնամյակ։ Հայաստանում Թուրքիայի հետ հարաբերություններն ամեն գնով կարգավորելուն աջակցող շրջանակները պնդում էին, որ այս օգնությունից հետո թուրքական կողմը որոշակիորեն կմեղմացնի իր մոտեցումները, ինչպես նաև վերջապես կբացի Հայաստանի հետ սահմանը։ Ինչպես նախազգուշացնում էին բազմաթիվ թյուրքագետներ և Թուրքիայի պետական քաղաքականությանը ծանոթ վերլուծաբաններ, Թուրքիայի մոտեցումները չփոխվեցին և չէին էլ կարող փոխվել, և թուրքական կողմը դա փաստեց առաջին իսկ հնարավորության դեպքում։

Ինչ վերաբերում է ավերիչ երկրաշարժերի ժամանակ Թուրքիա ուղարկված հումանիտար օգնությանը, ապա պաշտոնական Անկարան այդ քայլն ընկալում է բացառապես որպես հումանիտար ժեստ, որը չի կարող որևէ կերպ փոխել այդ երկրի կողմից Հայաստանին ներկայացվող պահանջները։ Բացի այդ թուրքական կողմը մշտապես ուշադրություն է հրավիրում այն բանին, որ Հայաստանում 1988 թվականին տեղի ունեցած Սպիտակի երկրաշարժի ժամանակ Թուրքիան էլ Հայաստանին է օգնություն ցուցաբերել։

Միևնույն ժամանակ նկատենք, որ հուշակոթողի բացմանը թուրքական կողմի նման կոշտ արձագանքը, որը ոչ այլ ինչ էր քան միջամտություն ինքնիշխան պետության ներքին գործերին, պայմանավորված է ոչ այնքան Հայոց ցեղասպանության, կամ Նեմեսիս գործողության մասնակիցների նկատմամբ վերաբերմունքով, այլ Թուրքիայում ընթացող ներքաղաքական զարգացումներով։ Մի շարք փորձագետների համոզմամբ՝ առաջիկա ընտրությունները Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի 20-ամյա պաշտոնավարման ընթացքում ամենաբարդ ընտրական գործընթացն են, և հնարավորություն կա, որ վերջինս կարող է կորցնել իշխանությունը։ Նման կոշտ արձագանքով Թուրքիայի իշխանության ներկայացուցիչները փորձում էին նաև սիրաշահել ազգայնական հայացքեր ունեցող ընտրազանգվածին։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

20:31 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է․ shamshyan.com
11:10 Բագրատ Սրբազանը հանդիպում է քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ․ ՈԻՂԻՂ
11:46 Գյուղը կիսել եք, թnւրքին բերել, ի՞նչ անվտանգություն․ կիրանցեցին՝ Սանոսյանին
22:12 Գնե՛լ Սանոսյան, այդ ծառայությունդ էժան չի՛ նստելու. Բագրատ Սրբազան
19:17 Երևանի բժշկական կենտրոններից մեկում 47-ամյա ծննդկան է մահացել. shamshyan.com
12:15 Բագրատ Սրբազանը չի բացառում՝ հնարավոր է վարչապետի թեկնածուի անուն քննարկվի
00:19 «Nissan Tida»-ում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի․ shamshyan.com
09:30 Ով է ստում՝ Պեսկո՞վը, թե՞ ԱԽՔ-ը, կամ ինչ կփոխվեր, եթե Փաշինյանն ասեր՝ «Այո»
15:27 Փաշինյանի անհատական օգտագործման նախկինները խոսելու իրավունք ունե՞ն․ Մամիջանյանը՝ Խաժակյանին 
15:00 Փաշինյանի յուրայինները․ արցախցիների դժգոհություններն օգտագործվում են վերջիններիս դեմ