Ադրբեջանցի քաղաքագետ Ֆարհադ Մամեդովը կարծում է, որ Ռուսաստանը տարածաշրջանում իրականությունը փոխելու հնարավորություն չունի, և եթե Փաշինյանն ու Ալիևը Վաշինգթոնում համաձայնության գան, ապա Մոսկվան ստիպված կլինի ընդունել դա։ Այս մասին Մամեդովն ասել է ադրբեջանական Minval.az լրատվականի հետ զրույցում՝ մեկնաբանելով ԱՄՆ-ում ընթացող Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները։
Մամեդովը շեշտել է, որ բանակցությունները կձգձգվեն մի քանի օր, և նման փորձ եղել է ավելի վաղ Քի Վեսթում Արցախի հարցով ընթացող բանակցություններում։ Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները ցույց տվեց, որ հիմա իր համար շատ կարևոր է արդյունքի հասնելը, ինչը սկզբունքորեն համապատասխանում է նաև Ադրբեջանի շահերին։ «Կարեւոր է, որ շոշափելի արդյունքներ լինեն։ Նախորդ երկուսուկես տարվա ընթացքում մենք հասել ենք նրան, որ բանակցությունների արդյունքների բացակայությունը բերում է տեղում փոփոխությունների, հետո փոխվում է բանակցային օրակարգը»,- ասել է նա։
Ադրբեջանցի փորձագետի կարծիքով՝ բանակցություններից պետք է արդյունքներ սպասել, սակայն արդյունքի բացակայությունը ներկայիս օրակարգը կդարձնի անիմաստ։ Նա միևնույն ժամանակ հնարավոր է համարել, որ արտգործնախարարների մակարդակով ընդունվի և համաձայնեցվի առաջիկա մի քանի շաբաթների ու ամիսների ճանապարհային քարտեզը։
Վերջինս միևնույն ժամանակ հայտնել է, որ ներկայումս ոչ Հայաստանի, ոչ էլ Ադրբեջանի ղեկավարությունը շահագրգռված չէ ԵՄ-ի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ հարաբերությունների սրմամբ։ «Ուստի նպատակահարմար կլինի ստորագրել խաղաղության մեծ համաձայնագիր՝ բոլոր հիմնական միջնորդների մասնակցությամբ, որքան էլ դա դժվար թվա»,- ասել է նա։
Անդրադառնալով ԱՄՆ-ի միջնորդությամբ ընթացող բանակցություններին ռուսական կողմի արձագանքին՝ Մամեդովն ասել է, որ Մոսկվան անթաքույց գրգռվածություն է ցուցաբերում։ Սակայն վերջինս նաև պնդել է, որ սահմանափակ ռեսուրսները Ռուսաստանին թույլ չեն տալիս որևէ քայլ ձեռնարկել։
«Սակայն սահմանափակ ռեսուրսները Ռուսաստանին թույլ չեն տալիս որևէ քայլ ձեռնարկել։ Կարծում եմ, որ տեղեկատվական եռուզեռը կուղղվի Փաշինյանի դեմ, իսկ մյուս կողմից Ռուսաստանը կձևանա հայության միակ պաշտպանը։ Եվ եթե նույնիսկ հայերը հրաժարվեն նրանցից, Ռուսաստանը դեռ կպաշտպանի և կիրականացնի իր առաքելությունը։ Ռեսուրսներն ու շուկայական պայմաններն այլևս նույնը չեն, որպեսզի կարողանանք կրկնել Մերձդնեստրը, Աբխազիան և Հարավային Օսիան։ Այսպիսով, խաղաղության այս գործընթացում հաշվի կառնվի Ռուսաստանի դերը»,- նշել է նա։
Ինչ վերաբերում է Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպմանը, ապա փորձագետը չի բացառել, որ այն կարող է տեղի ունենալ։ Նա նաև նշել է, որ հունիսի սկզբին Քիշնևում սպասվում է եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, որտեղ նույնպես հնարավոր է Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը։