Երևան +10°
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 15:44 01-05-2023

Փաշինյան-Ալիև զույգի անվան «մաքսակետ»․ հերթական անգամ երևաց՝ քարոզելու առումով թուրքը գերազանց է

Երեկ ադրբեջանական լրատվամիջոցները տեսանյութ են տարածել, որում հայկական համարանիշներով մենքենաները կանգնում են Ադրբեջանի կողմից Հակարիի կամրջի վրա տեղադրված անցակետում, անցակետի աշխատակիցներն էլ ստուգում են քաղաքացիների անձնագրերը, ավտոմեքենաների խցիկները։

Ինչպես և սպասելի էր, օգտատերերի մի մասն սկսել է վերահրապարակել տեսանյութը և այն արագորեն ողողել է համացանցը, իսկ որոշ օգտատերեր էի հորդորել են չտրվել ադրբեջանական հերթական քարզչական սադրանքին և չտարածել տեսանյութը։

Տեսանյութի տարածումից հետո ԱՀ պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «2023 թվականի ապրիլի 23-ից Ադրբեջանը ապօրինի անցակետ է տեղադրել Արցախ-Հայաստան սահմանագծին (Լաչինի միջանցքում), որի հետևանքով Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի համայնքները մնացել են լիակատար շրջափակման մեջ` կտրվելով ինչպես Ստեփանակերտից, այնպես էլ ՀՀ-ից:
Ապրիլի 23-ից Շուշիի շրջանի Մեծ Շեն, Հին Շեն, Եղցահող և Լիսագոր համայնքների բնակիչների հումանիտար վիճակն օր-օրի վատթարացել է, փորձ է արվել Կարմիր խաչի արցախյան գրասենյակի միջոցով այդ համայնքներին սնունդ և դեղորայք մատակարարել, սակայն այդ ջանքերը արդյունք չեն տվել: Ռուս խաղաղապահների աջակցությամբ սկզբնական օրերին ծնողների մոտ են վերադարձվել Գորիս քաղաքում մնացած երեք անչափահաս երեխաները, իսկ մնացածների վերադարձն Ադրբեջանը արգելել էր:

Լիակատար ու երկկողմանի շրջափակման մեջ գտնվող գյուղերի բնակիչների հրատապ հումանիտար խնդիրները լուծելու համար մի խումբ բնակիչներ դիմել են տեղում ծառայություն իրականացնող ռուս խաղաղապահներին, որոնց կողմից թույլատրվել է առանց զննության մասնավոր մեքենաներով անցնել Հակարիի կամրջի մոտ տեղադրված անցակետով` նախապես հավաստիացնելով, որ ադրբեջանցիների կողմից որևէ հսկողական միջամտություն չի լինելու: Մեր քաղաքացիները խաղաղապահների աջակցությամբ միակողմանի ու անխափան կերպով անցել են ճանապարհը, սակայն անցակետի տեղադրման պատճառով Գորիսում մնացած հայրենակիցների հետ իրենց բնակավայր վերադարձի ճանապարհին անցակետում նրանք հանդիպել են ադրբեջանցիների: Վերջիններս, մեր քաղաքացիներին դնելով անելանելի վիճակում, ստիպել են կատարել իրենց պահանջները, տեսանկարահանել այդ գործընթացը` հերթական բեմականացումը ցուցադրելու համար:

Սա հերթական ապացույցն է, որ ադրբեջանական ապօրինի անցակետը խոչընդոտում է Արցախի քաղաքացիների, մեքենաների ու բեռների անխափան տեղաշարժը՝ խախտելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները և ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը: Արցախի Հանրապետության ժողովուրդը սպասում է Լաչինի միջանցքի` Եռակողմ հայտարարությամբ սահմանված ռեժիմի վերականգնմանը` 5 կմ լայնությամբ միջանցք բացառապես ռուսական խաղաղապահ ուժերի վերահսկողությամբ»։

Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սիրելի Արցախցիներ, անցակետի մասին ադրբեջանական կողմից տարածված տեսանյութը էժանագին քարոզչություն է և որևէ կապ չունի իրենց կողմից վերահսկվող տեղաշարժի հետ։
Իրականում ընդամենը տեղի է ունեցել 1-2 մեքենայի տեղաշարժ, այն էլ անակնկալի են հանդիպել կամրջի վրա, որտեղ ադրբեջանցիները պահանջել են ցույց տալ անձնագրերը։ Տեսանյութում ցուցադրված կադրերի 90%-ը բեմադրված է, շատ են մոնտաժային պահերը, իրական է ընդամենը 2 հայկական մեքենան, որոնք այդ պահին Գորիսից վերադարձել են Հինշեն։
Ադրբեջանն այս քարոզչությունն օգտագործում է Արցախցիների նկատմամբ հոգեբանական ահաբեկում իրականացնելու համար։ Թշնամու միակ նպատակն է նախ աշխարհին ցույց տալ, որ ինքը լրիվ տիրացել է Արցախին, ապա Արցախցիներին պահել մշտական վախի ու խուճապի մեջ։
Եթե աշխարհի առումով մեծ հաշվով միևնույն է, ապա մեր դեպքում Ադրբեջանի նյարդերը տեղի են տալիս։ Թշնամին լավ է հասկանում, որ անհնար է Արցախցիների հաստակողությունը մաշել, դրա համար էլ ջանքեր չի խնայում վախեցնելու համար։
Իրականությունը մի բան է, քարոզչությունը՝ այլ։ Քարոզելու առումով թուրքը գերազանց է, իսկ մենք քարոզել չգիտենք կամ չենք ուզում։ Խնդրում եմ չտարածել թշնամու այդ տեսանյութերը և չօգնել Ադրբեջանին։
Ամեն դեպքում Արցախի իրականությունը որևէ մոտ կապ չունի քարոզչության հետ»։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը գրում է․ «Փաշինյան–Ալիև զույգի անվան «մաքսակետ»

Արցախի կոկորդին Ադրբեջանն անցակետ, ավելի ճիշտ՝ քողածածկված ռազմական հենակետ է կառուցել։ Անունը դրել են մաքսակետ։
Համացանցում հայտնված կադրերի թեմայով Հայաստանից քար լռություն էր (նիկոլենց մոտ հետտոնական վիճակ էր)։ Արցախից էլ։ Միայն այսօր Ստեփանակերտից հաստատեցին եղածը։
Երեկվանից անիմաստ քննարկում էր ծավալվել՝ «մաքսակետում» արված նկարահանումները հայկական պետհամարանիշներով ավտոմեքենաների մասով ֆե՞յք է, թե՞ ոչ։ Մինչդեռ քննարկման իրական թեման պետք է լինի ովքեր, երբ, ինչպես հասցրեցին մեզ այս օրին և ինչ է պետք անել։
Արցախում ադրբեջանական «մաքսակետի» հայտնվելու հիմքերը դրվեցին Նիկոլ Փաշինյանի կողմից 2018 թվականի մայիսի 9–ին։ Այդ օրը Ստեփանակերտում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ չի բանակցելու հակամարտության թեմայով։ Մի շարք այլ վտանգավոր հայտարարություններ էլ արեց։ Դրանից հետո սկսվեց իրարամերժ քայլերի կասկադը։ Հետո եկավ Բոլթոնի հրահանգները կատարելու ժամանակը։ Ահա այդպես փլվեց բանակցային գործընթացը, ստացանք պատերազմ ու պարտություն։
Հիմա Փաշինյանն Արցախը ճանաչում է ադրբեջանական՝ դրանով իսկ Ալիևի հետ «մաքսակետ» տեղադրելով Արցախում։ Որքան շատ է Ադրբեջանը սեղմում, այնքան ավելի է ագրեսիվանում նիկոլական պրոպագանդան՝ «Արցախը հանձնենք, որ Հայաստանը պահենք» հակապետական և կեղծ կոդի շրջանակներում։ Եվ հակառակը՝ որքան ագրեսիվանում են Փաշինյանի հակաղարաբաղյան (իրականում՝ հակահայաստանյան) պրոպագանդան ու քայլերը, այնքան լկտիանում է Բաքուն։
Ուշագրավն այն է, որ Փաշինյանի ու Ալիևի թիրախում ռուս խաղաղապահներն են։ Քանզի երկուսին էլ դրսից նույն հրահանգիչներն են ուղղորդում։
Ստեղծված իրավիճակն ունի մեկ լուծում՝ իշխանափոխություն Հայաստանում։ Մնացած բոլոր օրակարգերը կեղծ են ու հակապետական։ Պետք է մի կողմ դնել կուսակցական, հատվածային շահերն ու ստեղծել հասարակական–քաղաքացիական, ժողովրդական նոր շարժում ու դրա միջոցով սրբել նիկոլական այս իշխանությանը։ Իմ բոլոր ջանքերն այդ ուղղությամբ են»։