copy image url
Արտաքին Խոսք 1 տարի առաջ - 16:00 30-04-2023

Ուկրաինական հակահարձակումը Ռուսաստանի համար կարող է ողբերգությամբ ավարտվել. Պրիգոժին

Ռուսաստանում գործող «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ղեկավար Եվգենի Պրիգոժինը ծավալուն հարցազրույց է տվել ռազմական թղթակից WarGonzo նախագծի հիմնադիր Սեմյոն Պեգովին, որի ընթացքում հանդես է եկել մի շարք սենսացիոն հայտարարություններով։

Հաղորդվում է, որ հարցազրույցի ընթացքում Պրիգոժինը ներկայացրել է ուկրաինական ռազմաճակատում տիրող իրավիճակը։ Պրիգոժինը խոսել է Բախմուտում տիրող իրավիճակի, իր ղեկավարած ռազմական ընկերության մոտ սպառազինության պակասի, ինչպես նաև մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից Ռուսաստանին դավաճանելու մասին։ Նա հատկապես ուշադրություն է հրավիրել առաջիկայում սպասվող ուկրաինական հակահարձակման վրա՝ կոչ անելով ճիշտ գնահատել իրավիճակը։

Բախմուտում տիրող իրավիճակի և սպառազինության պակասի մասին

Անդրադառնալով Բախմուտում ստեղծված իրավիճակին՝ Պրիգոժինը նշել է, որ իր ղեկվարած մասնավոր ռազմական ընկերության ստորաբաժանումները կարող են դուրս բերվել քաղաքից՝ զինամթերքի սուր պակասի պատճառով։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է հրատապ որոշում կայացնել Բախմուտում կռվող մարտիկներին կործանիչներ մատակարարելու նպատակահարմարության վերաբերյալ։

Պրիգոժինը շեշտել է, որ «Վագներ»-ի մարտիկները կշարունակեն կռվել Բախմուտում, սակայն ստիպված կլինեն կազմակերպված նահանջել, կամ մնալ տեղում և մահանալ, եթե սպառազինության մատակարարումների հարցում իրավիճակը չփոխվի։ «Վագներ»-ի ղեկավարը նշել է, որ կազմակերպությանն օրական անհրաժեշտ է մոտ 80 հազար արկ։ Բացի այդ նա հայտնել է, որ իր կազմակերպությունն օրական անհրաժեշտ 4000 պարկուճից ստանում է միայն 800-ը։

Վերջինս հիշատակել է նաև Ուկրաինայում ռուսական զորքերի հրամանատարի տեղակալ Սերգեյ Սուրովիկինին՝ չնայած այն բանին, որ նրանք միասին են ծրագրել հետաձգել ուկրաինական ուժերի առաջխաղացումը Բախմուտում։ Փորձագետների համոզմամբ՝ Պրիգոժինի կողմից Սուրովիկինի հիշատակումը, ամենայն հավանականությամբ, Սուրովիկինի հետ հրապարակավ դաշնակցելու փորձ է, քանի որ Ռուսաստանի Գլխավոր շտաբի ներկայիս պետ Վալերի Գերասիմովը կորցնում է նախագահ Վլադիմիր Պուտինի բարեհաճությունը։

Նա նաև տեղեկացրել է, որ ներկայումս Բախմուտում արյունալի մարտեր են ընթանում, որոնց մասնակցելու նպատակով մեծ թվով վարձկաններ են ժամանել։ Պրիգոժինի խոսքով՝ վերջին օրերին քաղաք են ժամանում հակառակորդի ստորաբաժանումները, որոնք լավ պատրաստված են։ «Եթե ​​նախկինում ասում էի, որ վարձկանները քիչ են, ապա հիմա նրանց թիվը մեծ է, ուկրաինական հատուկ ջոկատայինների հետ արյունալի մարտ է ընթանում»,- ասել է նա։

Ուկրաինական ուժերի առաջիկա հակահարձակման մասին

«Վագներ»-ի ղեկավարը հայտնել է նաև, որ ուկրաինական զինված ուժերը պատրաստ են առաջիկա հակահարձակմանը։ Նրա համոզմամբ՝ ուկրաինական հակահարձակումը հետաձգվում է եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով, քանի որ անվերջ տեղումները թույլ չեն տալիս, որ ռազմական տեխնիկան առաջ շարժվի։ Պրիգոժինն ասել է, որ վերջին հորդառատ անձրևը կանխատեսվում է մայիսի 2-ին, այնուհետև կսկսվի չոր եղանակ, և տանկերը կկարողանան շարժվել։

Նա չի բացառում, որ Ուկրաինայի զինված ուժերի հակահարձակումը հնարավոր է մեկնարկի մինչև մայիսի 15-ը։ «Ուկրաինական բանակը պատրաստ է հակահարձակման։ Նրան հետ էր պահում վատ եղանակը և, հավանաբար, որոշ ներքին խնդիրներ, որոնք նա պետք է լուծեր։ Միգուցե մայիսի 9-ին նրանք մեզ ընդմիջում տան, բայց մինչև 15-ը հարձակումը կլինի ընդամենը 100%-ով»,- ասել է նա։

Պրիգոժինը գնահատել է Ուկրաինայի զինված ուժերի մարտական պատրաստվածությունը։ Նա շեշտել է՝ ուկրաինական բանակը 2014 թվականին չէր կարող պարծենալ լավ մարտունակությամբ, սակայն այս ամբողջ ընթացքում նրանք պատրաստվել են 2022 թվականին և ռուս-ուկրաինական պատերազմի սկզբում ուկրաինացիներն իրենց դրսևորեցին որպես կազմակերպված և պատրաստված զինվորներ։

Վերջինս միևնույն ժամանակ նախազգուշացրել է, որ ուկրաինական հակահարձակումը Ռուսաստանի համար կարող է ողբերգությամբ ավարտվել, եթե իրենք չհամախմբվեն։ Նա կոչ է արել դադարեցնել ստախոսությունը և պատրաստվել պատասխան հարվածի։ «Ուստի պետք է դադարեցնել ստախոսությունը, նվազեցնել քարոզչությունը, և մենք պետք է պատրաստվենք պատասխան հարվածի։ Եվ հեքիաթը, որ մեզ մոտ ամեն ինչ կարգին է, պետք է խորը թաղել»,- հայտարարել է նա։

Պրիգոժինի խոսքով՝ առաջնագծում ուկրաինական զորքերի թիվը չի նվազել։ Նա հայտնել է, որ ուկրաինական կողմը շարունակում է նոր ստորաբաժանումներ բերել և ռոտացիաներ կատարել։

Ներքին դավաճանության մասին

Եվգենի Պրիգոժինը միևնույն ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնությունում առկա ներքին դավաճանությունը թույլ չի տալիս «Վագներ»-ին արդյունավետ պաշտպանություն իրականացնել և առաջ շարժվել։ Նա դժգոհել է, որ զինամթերքի բացակայության պատճառով կազմակերպությունը հինգ անգամ ավելի շատ անձնակազմ է կորցնում, քան դա պետք է լիներ հարձակման ժամանակ։

Վերջինս պարկուճների բացակայությունը բացատրել էր ռուս պաշտոնյաների և նրանց հանցավոր խմբի կողմից իրենց արկեր չտրամադրելու կանխամտածված գործողություններով։ Պրիգոժինը նման պաշտոնյաների հասցեին վիրավորական արտահայտություններ է օգտագործել և նշել, որ վերջիններս պետք է պատասխան տան մահացածների մայրերին։ Նա վստահեցրել է, որ բոլոր նման պաշտոնյաներին անուն-ազգանունով ճանաչում է։

Նա միևնույն ժամանակ խիստ քննադատության է ենթարկել ՌԴ ռազմական ղեկավարությանը՝ նշելով, որ վերջինիս չի հաջողվել ապահովել բանակի և «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության միջև փոխգործակցությունը։ Նա կարծում է, որ մինչ վագներականները Բախմուտում շրջափակում էին Ուկրաինայի Զինված ուժերի զգալի ուժերը, բանակային ստորաբաժանումները պետք է առաջ շարժվեին Սլավյանսկի և Կրամատորսկի ուղղությամբ: Վերջինս նշել է, որ նրանք դա նույնպես չեն արել, իր խոսքով՝ դարձյալ դավաճանության պատճառով։ Պրիգոժինը հավելել է՝ ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը և հակահետախուզությունը դեռ կզբաղվեն այս հարցով։

Եվգենի Պրիգոժինը պատասխանել է նաև պետական ​​հեղաշրջման նախապատրաստման մասին Պեգովի սադրիչ հարցին։ Հարցին, թե արդյոք Մոսկվան և Ռուբլյովկան պե՞տք է վախենան, որ «Վագները» իր տանկերը կշրջի դեպի մայրաքաղաք: Պրիգոժինի պատասխանը կարճ է եղել` «Մոսկվան մեզ թշնամի չէ»։