copy image url
Ներքին 1 տարի առաջ - 13:26 29-04-2023

Ամեն օր դռան զանգից սիրտս վեր է թռչում, ես դեռ սպասում եմ իմ Յուրային

Անհայտ կորած ազատամարտիկ Յուրի Առուստամյանի կինը՝ Զարինե Հակոբյանը, հավատով սպասում է՝ իր սիրելի Յուրին մի օր կգա:

«1994 թվականի հունվարի 7-ին է տեղի ունեցել Յուրայի վերջին մարտը։ Մինչ այդ Յուրան մարտնչել է Արցախում, մասնակցել է գյուղերի ազատագրման մարտերի և 1992 թվականի վերջին եկել է Սյունիք, հետո Կապանի մարտերին է մասնակցել՝ Շիկահող, Հանդ, Սրաշեն․․․․ Հետո Հորադիզ կայարանում 1994 թվականի հունվարի 7-ին կատարվեց այն, ինչը սարսափելի է։ Առավոտյան՝ ժամը 7-ի սահմաններում, թշնամին սկսել է մինամյոտով հրետակոծել, և տղաները՝ թվով 22 հոգի, ծանր վիրավորվել են և մնացել են շրջափակման մեջ։ Այդ ժամանակ 8 կիլոմետր նահանջ է եղել, և մնացած կամավորները, ինչքան էլ ցանկացել են, չեն կարողացել օգնել տղաներին։ Պատմել են, որ օգնության կանչեր են լսել․ հետո ինչ է կատարվել, ստույգ ոչ ոք չգիտի։ Յուրի Առուստամյանի և մնացած տղաների կարգավիճակը առ այսօր ոչ ոք չգիտի։ Դին չկար՝ չհավատացինք, որ Յուրան չկա։ Իմ սիրտը վկայում էր, որ նա թեկուզ վիրավոր կենդանի է մնացել։ Ես միշտ ապրում եմ Յուրայով և դեռ սպասում եմ նրան»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Զարինե Հակոբյանը։



Զարինեն հետագա կյանքը նվիրեց զավակներին, բայց միշտ սպասում է, որ Յուրան կգա ու արդեն կգրկի թոռներին։ Եռաբլուր զինվորական պանթեոնում աշխատանքի անցած Զարինեն միշտ տարբերակ, լրացուցիչ լուր կամ ինֆորմացիա է փնտրել ամուսնու մասին։

«Գուցե ռազմագերի է և դեռ ապրում է։ Մենք տարիներ շարունակ փորձել ենք ճշտել՝ Բաքվի կամ ադրբեջանական որևէ բանտում է, թե ոչ։ Հստակ տեղեկություն չենք ստացել»,-ասում է։



Զարինեն երանի է տալիս այն ընտանիքներին, որ Հայաստանում հուղարկավորել են իրենց զավակին և աղոթելու տեղ ունեն․ «Անհետ կորածների ծնողների զգացողությունները կիսում եմ․ իմ որոնումների մեջ համ ցավ, համ ոգևորություն կար։ Կարծում եմ, որ այս ծնողներն էլ պետք է հուսան, ովքեր չեն տեսել իրենց տղայի մարմինը, ԴՆԹ անալիզները մասունքի հետ չեն համապատասխանել։ Թող հույս ունենան, որ մի տեղ իրենց որդիները ապրում են։ Ադրբեջանը չի հայտնում գերիների հստակ թիվը, բայց գերի լինելն էլ ահավոր բան է․ գերի կարող են ընկնել ուշագնաց վիճակում, ծանր վիրավոր վիճակում, հնարավոր է՝ անձը մարտնչի մինչև վերջ, բայց չհասցնի իր համար մի փամփուշտ պահել։ Ես դա էլ եմ համարում հերոսական ուղի, և ծնողը պետք է հույս ունենա, որ որդին մի օր կգա։ Գերիների փաստը կա, դա նշանակում է, որ թշնամու մոտ մեկի ամուսինն է կամ մեկի որդին, այնպես որ պետք է սպասել և ապրել։ Դաժան է շատ, որովհետև եթե չկան, ապա գոնե ամփոփվեին հայոց հողում։ Դաժան է, որ տղաները չկան և թաղվել են թշնամու հողում։ Պետք է աղոթենք, որ որտեղ էլ լինեն, Աստված պահապան լինի նրանց»,-հուզվում է Զարինե Հակոբյանը և հավելում․ «Ես անձամբ ճանաչում եմ մի ընտանիքի, որոշակի իրավիճակից ելնելով անուններ չեմ տա, բայց նրանք գտել են որդու ձեռքը և համարում են, որ որդին կենդանի է։ Ասում են՝ գուցե ԱԹՍ-ի պայթյունից ձեռքը կորցրած լինի, բայց ինքը ողջ մնացած լինի։ Ես՝ որպես զինվորական հոգեբան, հանդիպում եմ հաշմանդամ դարձած տղաներին, և հարյուր տոկոսով գիտեմ, որ նման գերիներ էլ կունենանք, բայց չեմ կարծում, որ ունենք գերի, որ վախկոտաբար է հայտնվել թշնամու ձեռքում։ Սա հոգու ցավ է, կսկիծ է․ ամեն օր դռան զանգից սիրտս վեր է թռչում, ես դեռ սպասում եմ իմ Յուրային»,-եզրափակում է 29 տարի ամուսնու վերադարձին սպասող կինը։