Երևան +15°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 16:35 28-04-2023

Անհնար է, որ քաղաքացին ՔԿ-ում հասնի պատուհանին ու իրեն գցի. իրավապաշտպանը կասկածներ ունի

Երեկ ՀՀ Քննչական կոմիտեից հայտնել են, որ 2023թ. ապրիլի 27-ին մեղադրյալը ցատկել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության երրորդ հարկի միջանցքի լուսամուտից և մահացել։

ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 1-ին մասի և 393-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում Արտաշատ համայնքի Հովտաշեն բնակավայրի բնակիչ Միսակ Պողոսյանին 2022 թվականի սեպտեմբերի 30-ին ՀՀ քրեական օրենսգրքի 404-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով ներկայացվել է մեղադրանք՝ առանձնապես խոշոր չափերով շրջանառությունն արգելված թմրամիջոցներ պարունակող բույսեր, մասնավորապես շուրջ 200 «Կանեփ» տեսակի բույս աճեցնելու, ինչպես նաև իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր շուրջ 277 գրամ քաշով մի քանի տասնյակ փաթեթներով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի շրջանառության համար։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված եղել բացակայելու արգելը։

Ավելի ուշ՝ օպերատիվ նոր տվյալների իրացման արդյունքում, նրա ավտոմեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել է տետրահիդրոկաննաբինոլ բուսական խառնուրդ տեսակի թմրամիջոց։

Oragir.News-ի հետ զրույցում գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանն ասաց, որ իրականում դեպքը սարսափեցնող է և իր մոտ անհանգստություն առաջացրեց. «Ինքնասպանությունը, դա երևի թե ամենածայրահեղ քայլն է, որին մարդ կարող է դիմել, առավել ևս, եթե այդ մարդն ունենա ինչ-որ հոգեկան խնդիրներ ու պրոբլեմներ։

Իհարկե, լուրջ խնդիրներն էլ ընդունելի չեն ինձ համար, որովհետև ինքնասպանությունն իրոք ամենածայրահեղ քայլն է։ Իսկ եթե քաղաքացին քննչական մարմնից նման ծայրահեղ քայլի է դիմում՝ իր կյանքը վնասելու համար, սա արդեն անկախ դեպքից ու դրա մանրամասներից՝ այն ամենն ինչ տեղի է ունեցել, դա շատ լուրջ մտահոգության առիթ է տալիս, սա խոսում է ՀՀ-ում, մասնավորապես, թե՛ ՔԿ խայտառակության մասին, թե՛ առհասարակ ուժային կառույցներում տիրող` այս բառը բնորոշ է, «բարդակի» մասին։

Շատերին այսօր հրավիրում են ՔԿ, ու այնպես չի, որ կարող ես հեշտությամբ հասնել պատուհանի մոտ ու քեզ նետել ներքև, այսինքն` այստեղ առաջին հերթին շատ լուրջ քննություն պետք է անցկացնել, որովհետև ես մտածում եմ անգամ, որ ինքն իրեն չի գցել, այլ՝ գցել են։ Այդ պահին քննիչն ինչ-որ բաներ արել է՝ դա կանխելու համար, արդյո՞ք հասարակությանը շեղելու համար չեն արել, ու արդյո՞ք այդ մարդու վրա գործ կարելու խնդիր չի եղել, պարզապես ցանկացել են ցույց տալ՝ իբրև մենք թմրանյութերի իրացման դեմ պայքար ենք իրականացնում։

Սա արդեն յուրաքանչյուրիս լուրջ մտածելու առիթ է տալիս, ու ցանկացած պահի արդեն ես սպասում եմ նման նորությունների, սա խոսում է ՀՀ-ի ողբալի վիճակի մասին։ Իրենք, տեսեք, փորձում են վաղը մեծ շուքով նշել քաղաքացու տոնը՝ իրենց անկումային ռեյտինգը բարձրացնելու համար, բայց սա խոսում է նրա մասին, որ ՀՀ քաղաքացին միանշանակ դարձել է սպանվելու մատերիալ թե՛ սահմանից այս կողմ, թե՛ սահմանից այն կողմ»։

Հիշեցնենք, որ հայտարարության մեջ ասվում է, որ կատարվել է դեպքի վայրի, ինչպես նաև դիակի արտաքին զննություն, որի արդյունքում մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները՝ կատարվածի հանգամանքները պարզելու ուղղությամբ։