«Կարևոր է արձանագրել, որ պետական պարտքի կառուցվածքում դրամով պարտքի չափաբաժինն էականորեն ավելացել է, արտարժույթովինը՝ էականորեն նվազել է, սա նշանակում է որ մեր պետական պարտքը փոխարժեքային ռիսկերի նկատմամբ ավելի դիմացկուն է դարձել»։ Այս մասին այսօր կառավարության նիստում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հասկանալու համար, թե արդյոք թվերի մեջ փոփոխություններ չկան, կապվեցինք տնտեսագետ Հրանտ Միքայելյանի հետ։
Նա, մեզ հետ զրույցում անդրադառնալով նախորդ անգամ ծավալված թեմային արտաքին պարտքի
վերաբերյալ, ասաց. «Նիկոլ Փաշինյանի հետ համաձայն չեմ, նա ինչպես միշտ սուտ է ասել, քանի որ անցյալ տարվա ընթացքում դրամ-դոլար փոխարժեքը փոխվել է ՀՀ-ում, և նաև դոլարով պայմանավորված՝ ՀՆԱ-ն աճել է, ապա դոլարով վերցրած պարտքը ՀՆԱ-ի նկատմամբ փոքրացել է, որովհետև նույն դոլարը դրամով դարձել է 25 % -ով ավելի քիչ։ Եվ այսպես պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը նվազեց ու կազմեց, ինչքան ես հիշում եմ, 45 %, և սա նվազում է՝ նախորդ տարիների նկատմամբ։ Այսպիսով կարելի է ասել, որ պարտքային բեռը թեթևացել է` 2021 թվականի նկատմամբ, բայց կրիտիկական չի․ ծանր պարտքային բեռ է համարվում նաև 60 %-ից ավելին, և այս պահի դրությամբ կառավարելի է ու ամենաճիշտ բնութագիրն է, եթե տանք»։
Միքայելյանի խոսքով՝ որևէ երաշխիք չկա, որ թղթադրամի փոխարժեքը տապալվելու է այս մակարդակում, հեշտությամբ թվերը կարող են փոխվել, որևէ երաշխավորում չկա դրա հետ կապված։ Դա կվերականգնվի այն ժամանակ, երբ ռուս-ուկրաինական պատերազմը, և նմանատիպ այլ հարցեր ինչ-որ լուծում ստանան․ սա մեկ։ Երկրորդը՝ ամեն դեպքում չի նշանակում, որ պետք է նոր պարտքեր վերցնել, պետք է պարտքեր հնարավորինս չվերցնել, և աշխատել, որ նվազեցնի պարտքային բեռը։ Այս պահին զուտ նվազել է՝ տեխնիկական պատճառներից ելնելով, և հետո, հաջորդ ժամանակաշրջանի համար, երբ գուցե ճգնաժամ լինի, այդ ժամանակ հայկական տնտեսությունը պատրաստ լինի և հնարավորություն կունենա նոր պարտք վերցնելու, որպեսզի ճգնաժամի ռիսկերը նվազեցնի։ Այնպես որ, այո՛, պարտքի բեռը կառավարելի է, չէի ասի՝ թեթև է, և պետք է աշխատել, որ այն կառավարելի մնա նաև ապագայում»։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը, անցնելով տնեսական ցուցանիշների ներկայացմանը և տարվելով բյուջետային մուտքերի միլիարդների ներկայացմամբ, միլիարդներով սկսեց ներկայացնել մեկ աշխատողի աշխատավարձը:
«2018 թվականի մայիսի նկատմամբ՝ այս տարվա մարտին միջին աշխատավարձն ավելի է 125 հազար դրամով կամ 71%-ով, փետրվարի նկատմամբ 35 հազար դրամով կամ 848 %-ով… կներեք՝ 35 մլրդ 548 մլն դրամով կամ 13.5%-ով: Այս տարվա մարտին, նախորդ տարվա մարտի նկատմամաբ 58 մլրդ…. Ներողություն, էլի խառնեցի, այստեղ խոսքը, ցավոք սրտի, միլիարդները մի մարդու աշխատավարձի մասին չէր»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը և սկսեց ուղղված թվերով ներկայացնել նույն ցուցանիշները՝ ասելով. «2023 թվականի մարտին, 2018 թվականի մարտի նկատմամբ մեկ մարդու աշխատավարձն ավել է 125,313 դրամով կամ 71 %-ով, 2023 մարտին փետրվարի նկատմամբ 35,848 դամ, կամ 13 %, ով, իսկ 2023 թվականի մարտը նախորդ տարվա մարտի նկատմամբ ավել է 58 հազար դրամով կամ 23 %-ով»: