Բաքվում «Ֆորմուլա 1»-ի անցկացման նպատակն է քողարկել ԼՂ հայերի բնաջնջման քաղաքականությունը. ԿԳՄՍՆ
copy image url

Բաքվում «Ֆորմուլա 1»-ի անցկացման նպատակն է քողարկել ԼՂ հայերի բնաջնջման քաղաքականությունը. ԿԳՄՍՆ

Ներքին 2 տարի առաջ - 14:12 27-04-2023
Հայաստանի Հանրապետության Կրթութան, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն Ադրբեջանի Հանրապետության մայրաքաղաք Բաքվում ապրիլի 28-30-ը կայանալիք «Ֆորմուլա 1» Գրան պրի եվրոպական մրցաշարի կազմակերպիչ կառույցին և միջազգային սպորտային հանրությանը կոչ է անում բողոքի ձայն բարձրացնել Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական իշխանությունների էթնիկ զտման քաղաքականության վերաբերյալ։ Այս մասին հայտարարություն է տարածել ԿԳՄՍ նախարարությունը:

Հայտարարությունում նաև ասվում է.

«ԿԳՄՍ նախարարությունը սպորտային հանրության ուշադրությունը հրավիրում է այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանի Հանրապետությունը 2022թ.-ի դեկտեմբերի 12-ից ապօրինի կերպով արգելափակել է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին և աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը՝ ԼՂ-ն կանգնեցնելով հումանիտար աղետի առաջ։

Միավորված ազգերի կազմակերպության արդարադատության միջազգային դատարանը 2023թ.-ի փետրվարի 22-ին բավարարել է Հայաստանի հայցը՝ պարտավորեցնելով Ադրբեջանին անհապաղ բացել Լաչինի միջանցքը։ Առ այսօր, Ադրբեջանը ոչ միայն չի կատարել դատարանի որոշումը, այլև կտրել է գազամատակարարումը և էլեկտրականությունը։ Ապրիլի 23-ին Ադրբեջանի իշխանություններն ապօրինի անցակետ են տեղադրել Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող հումանիտար միջանցքում՝ փաստացիորեն պատանդ վերցնելով ԼՂ-ի 120.000 հայ բնակիչներին։ Ադրբեջանի իշխանություններն այս քաղաքականությամբ ձգտում են էթնիկ զտման ենթարկել ԼՂ հայ բնակչությանը՝ ստիպելով լքել իրենց հայրենի բնակավայրերը։

Բաքվում «2023 Ֆորմուլա 1 Գրան պրի» եվրոպական մրցաշարի կազմակերպումը իրականում նպատակ ունի քողարկելու Լեռնային Ղարաբաղի հայերի բնաջնջման քաղաքականությունը: Ֆորմուլա 1-ի Գրան պրիի կազմակերպիչներին և մասնակիցներին կոչ ենք անում մաս չդառնալ էթնիկ զտման քաղաքականության քողարկմանը»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2022–ի դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։

Ադրբեջանական կողմն ապրիլի 22-ին փակել է նաև Հակարի գետի կամուրջը։ Այս ճանապարհը փակելով` կտրվում է Հայաստանի (Կոռնիձորից) և Արցախի միջև ցամաքային կապը նաև Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն և Եղծահող գյուղերի հատվածում։ Ավելի ուշ Ադրբեջանը հայտարարություն տարածեց, որ այդ հատվածում հսկիչ–անցագրային կետ է տեղադրել։

Ամենից շատ դիտված

23:42 Իրանը առաջիկա ժամերին կիրականացնի միջուկային զենքի փորձարկում. իրանական բանակ
19:38 Իսրայելը, օգտագործելով Արցախում կառուցված օդանավակայանները, հարվածներ է հասցնում Իրանին
12:40 Ինչպե՞ս է պատահել, որ ձեր դստեր շփման շրջանակում գտնվել է մանկապղծության մեջ մեղադրվող անձ. Մուրազին՝ Աննա Հակոբյանին
21:47 Շիրակում համաճարակ է. 1870 խոշոր և 1320 մանր եղջերավորներ ենթարկվել են սպանդի
23:25 Ադրբեջանում հայտարարել են, որ Բաքվի օդանավակայանում ապահովված է բոլոր ուղևորների, այդ թվում՝ ծագումով հայերի անվտանգությունը
22:30 Աննա Հակոբյանը համար առաջին անբարոյականն է Հայաստանում․ հարցում
21:11 Իսրայելի բանակը գրանցել է Եմենից հրթիռային արձակումներ
20:39 Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր բախումների վտանգը մեծանում է. Reuters
17:50 էսօր ամենաքիչը 300 դրամի խաբեցին ինձ. Ռուզաննա Խաչատրյան
21:02 Մենք լաց չենք էղնի, որ մեզի փող տան, մենք կխոսանք, որ էս վարակի դեմն առնին. մուսայելյանցի