Խաչատուրովին կալանավորելը Տավուշում թշնամուն զիջումներ անելուն միտված քայլ է
copy image url

Խաչատուրովին կալանավորելը Տավուշում թշնամուն զիջումներ անելուն միտված քայլ է

Ներքին 2 տարի առաջ - 20:22 26-04-2023
«Ամեն մի սպայի ձերբակալությունը առանձին թեմա չենք կարող դարձնել։ Ես առանձնացնեմ, որ եթե խոսենք Գրիգորի Խաչատուրովի մասին, ապա դա մեր բանակը թուլացնելուն ուղղված հերթական քայլն է։ Ավելին ասեմ, որ դա Տավուշի շրջանում թշնամուն զիջումներ անելուն միտված քայլ է»,- Oragir.News-ի հետ զրույցում, անդրադառնալով բարձրաստիճան սպաների ձերբակալումներին առնչվող հարցին, ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

Ասում է՝ այս իշխանությունները շատ լավ հասկանում են, որ Գրիգորի Խաչատուրովը շատ մեծ հեղինակություն ունի Տավուշի մարզում․ «Փորձում են ցանկացած տիպի դիմադրության օջախ կոտրել, որ կարողանան իրենց համագործակցությունը շարունակել Ալիևի վարչակազմի հետ»,-ընդգծում է Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

Անդրադառնալով Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի կալանավորմանը և առաջադրված մեղադրանքին՝ քաղաքագետը ասաց․ «Ես լավ ճանաչում եմ գեներալ Արզումանյանին։ Նա փառահեղ անցյալ ունի։ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ մեծ ներդրում ունի, որովհետև դժվար վայրերում լուրջ գործողություններ է իրականացրել։ Հիմա մեղադրվում է Շուշին հանձնելու մեջ, բայց ես կասեմ, որ Շուշին հանձնելը քաղաքական որոշում էր, և մարտական գործողությունները այս պարագայում անզոր էին։ Պաշտպանության սխալ կազմակերպում չի եղել, որովհետև առհասարակ պաշտպանություն չի եղել։ Պարզ է, որ այս իշխանությունները իրենց քաղաքական պայմանավորվածությունների համար պատասխանատուներ կգտնեն, և Արզումանյանը այս գործով է անցնում»,-մեկնաբանում է Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

Քաղաքագետը պնդում է, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող բոլոր սպաները թիրախավորվել են։