Ֆրիդա Կալոյի 5 հրաշալի կտավները, որոնց մասին արժե իմանալ
copy image url

Ֆրիդա Կալոյի 5 հրաշալի կտավները, որոնց մասին արժե իմանալ

Մշակույթ 1 տարի առաջ - 22:42 25-04-2023
Ֆրիդա Կալոն ժամանակակից արվեստի ամենահայտնի կին նկարիչներից է։ Նա համարվում է անհատականության և ապստամբության համաշխարհային խորհրդանիշ: Նրա գրավիչ կերպարը լի է տոկունությամբ և վճռականությամբ, իսկ կյանքը՝ վայրիվերումներով: Դեռ վաղ հասակում նա հիվանդացավ պոլիոմիելիտով, իսկ տասնութ տարեկանում վթարի ենթարկվեց, որի հետևանքով ավելի քան 30 վիրահատություն տարավ և մի քանի տարի անցկացրեց անկողնուն գամված:

Նա նաև բուռն անձնական կյանք ունեցավ՝ ամուսնանալով իրենից քսան տարով մեծ, մեքսիկացի հայտնի որմնանկարիչ Դիեգո Ռիվերայի հետ: Նրանք ամուսնացել են 1929-ին, ամուսնալուծվել՝ 1939-ին, ապա նորից ամուսնացել նույն թվականին։ Երկուսն էլ ունեցել են բազմաթիվ արտաամուսնական կապեր, այդ թվում՝ Ֆրիդայի սիրավեպը Լեւ Տրոցկու հետ Մեքսիկայում ապաստան ստանալու ժամանակ և Ռիվիերայի՝ Կալոյի քրոջ հետ սիրավեպը:

Ահա նրա 5 հետաքրքրաշարժ աշխատանքները։

1. Ավտոբուսը, Ֆրիդա Կալո, 1929թ․

Ֆրիդա Կալոյի «Ավտոբուսը» կտավը հիշեցնում է 1925-ին նրա հետ պատահած դժբախտ պատահարը: Նա ավտոբուսի մեջ էր այն ժամանակվա ընկերոջ՝ Ալեխանդրո Արիասի հետ, երբ էլեկտրական գնացքը, ինչպես ինքն էր նկարագրում, հարվածեց ավտոբուսի կողքին, և ավտոբուսը կիսվեց երկու մասի: Ֆրիդան լուրջ վնասվածք էր ստացել՝ նստարանի արմնկակալը նրա կոնքի մի կողմից մտել էր և մյուսից դուրս եկել։ Վթարի հետևանքով երեք տեղից կոտրվել էր նրա ողնաշարը, վիզը, երկու կողոսկրը, նա ստացել էր աջ ոտքի տասնմեկ կոտրվածք, ձախ ուսի հոդախախտ: Բժիշկները հրաշք էին համարում, որ նա ոչ միայն ապրեց, այլ նաև նորից քայլեց:



Նկարն ազդված է նաև Դիեգո Ռիվերայի քաղաքական հայացքներից և ներկայացնում է մեքսիկական հասարակության այդ ժամանակվա տարրերը: Ձախից աջ պատկերված է տնային տնտեսուհին, աշխատող մարդը, կրծքով կերեկրող ոտաբոբիկ մայրը, պատուհանից դուրս նայող երիտասարդ տղան, գործարարը` փողի տոպրակը ձեռքին և մի երիտասարդ կին, որը կարող է հենց Ֆրիդան լինել: Նկարում ակնհայտ են հակակապիտալիստական​​տրամադրությունները՝ բոբիկ մայրը պատկերված է որպես Մադոննա, իսկ գործարարը, ենթադրաբար, կապիտալիստ է՝ մեքսիկական հասարակության մեջ, վառ կապույտ աչքերով գրինգո:

2. Թավշյա հագուստով ինքնանկար, Ֆրիդա Կալո, 1926թ․

1926-ին Ֆրիդա Կալոն դեռ սիրահարված էր Ալեխանդրո Արիասին։ Նրանք ծանոթացել էին 1922-ին ​​դպրոցում և դարձել անբաժան։ Սակայն շուտով Ֆրիդայի դավաճանության մասին լուրերը հասան Ալեխանդրոյին, և դա շատ արագ փչացրեց նրանց հարաբերությունները։ Ֆրիդայի ապաքինման ժամանակ Ալեխանդրոյի հանդեպ ունեցած անկեղծ սերը նրան ստիպեց քայլեր ձեռնարկել, և նա նկարեց «Թավշյա զգեստով ինքնանկար»-ն ու անմիջապես ուղարկեց Ալեխանդրոյին՝ մի ուղեկցող երկտողով․ «Խնդրում եմ, դիր մի ցածր տեղում, որտեղ կկարողանաս տեսնել այնպես, կարծես ինձ ես նայում»:



Նկարն ինքնին ավելի ավանդական է, քան Ֆրիդայի կտավների մեծ մասը: Նա գրեթե եվրոպացի արքայադստեր տեսք ունի իր գինեգույն թավշյա զգեստով, և, ենթադրաբար, ձեռքը մեկնել է Ալեխանդրոյին: Լանջաբացը մերկացնում է նրա կուրծքը՝ ցույց տալով այն պատրաստակամությունը, որը նա պատրաստ է տրվել Ալեխանդրոյին: Նրա դեմքը հանդարտ է: Նվերը հմայեց Ալեխանդրոյին և վերջինս եկավ Ֆրիդային այցելության, սակայն 1927-ի մարտին Ալեխանդրոն մեկնեց Եվրոպա, և սիրավեպն այսպես ավարտվեց։

3. Ինքնանկար՝ ժամանակը թռչում է, Ֆրիդա Կալո, 1929թ․

Այս կտավն արմատապես տարբերվում է «Ինքնանկար թավշյա զգեստով» կտավից, որը Ֆրիդան նկարել էր այս կտավից երեք տարի առաջ: Սա Դիեգո Ռիվերայի հետ հարաբերություններ սկսելուց հետո նրա առաջին ինքնանկարն է։ Այստեղ երևում է Ֆրիդայի նորահայտ ինքնությունը: Ալեխանդրոյի հետ պատանեկան սիրո ժամանակ եղած արքայադուստրն անհետացել էր՝ իր տեղը զիջելով ավելի անհնազանդ Ֆրիդային:



Նկարում նա կրում է ավանդական մեքսիկական հագուստ, այլ ոչ թե ավելի պաշտոնական: Նրա այտերին դիմափոշի կա։ Նախկին ոճից տարբերվելը, անկասկած, մասամբ նաև պայմանավորված է Ռիվերայի ոճով, որից նա ազդվել է։

2000-ի ամռանն այս ինքնանկարը հինգ միլիոն դոլարով վաճառվեց ամերիկացի մի հավաքորդի և Կալոն դարձավ այն լատինաամերիկյան նկարչուհին, որի կտավը վաճառվեց ամենաթանկը։

4. Ֆրիդա և Դիեգո Ռիվերա, 1931թ․

Այս կտավը ստեղծվել է նրանց ամուսնությունից երկու տարի անց և կարելի է համարել հարսանեկան դիմանկար է: Շատ քննարկումներ եղան նկարի համատեքստի և դրա առարկաների ներկայացման շուրջ: «Ֆրիդա Կալոյի կենսագրությունը» (1983) գրքի հեղինակ Հայդեն Հերերան այս կտավը մեկնաբանում է հետևյալ կերպ՝ Ֆրիդան իրեն ներկայացնում է որպես պարզապես մեծ նկարչի կին՝ վկայակոչելով Ռիվերայի չափսերը և Ֆրիդայի խոնարհված գլուխը: Նկարի վերին աջ անկյունում գրվածը թարգմանվում է այսպես «Ահա դուք տեսնում եք մեզ՝ ես Ֆրիդա Կալոն, իմ սիրելի ամուսնու՝ Դիեգո Ռիվերայի հետ: Ես նկարել եմ այս կտավը Սան Ֆրանցիսկոյում՝ Կալիֆորնիայի հիասքանչ քաղաքում, մեր ուղեկից պարոն Ալբերտ Բենդերի համար։ 1931-ի ապրիլ ամիսն էր»։



Նրանց ամուսնության պայթյունավտանգ բնույթը չխանգարեց, որ միասին լինեն մինչև Ֆրիդայի մահը՝ 1954-ի հուլիսի 13-ը:

5. Գիլերմո Կալոյի դիմանկարը, 1952 թ․

Ֆրիդան նկարեց հոր՝ Գիլերմո Կալոյի դիմանկարը նրա մահից (1941թ․) տասնմեկ տարի անց։ Գիլերմոն գերմանական ծագումով մեքսիկացի էր՝ այստեղից էլ Ֆրիդայի «Frieda» ուղղագրությամբ նախնական անունը: Գերմանիայում նացիզմի տարածումից հետո նա փոխեց իր անունը։ Ֆրիդայի հայրը լուսանկարիչ էր և դստերը սովորեցրել էր լուսանկարներ մշակել: Հավանաբար, հոր ազդեցությունն է պատճառը, որ Ֆրիդայի նկարների մեծ մասում վրձնած կերպարը ընդունել է այնպիսի կեցվածք, ինչպիսին տեսախցիկի առաջ կկանգներ:



Դիմանկարն արվել է այն լուսանկարների ոճով, որ հայրն էր նկարում: Մասնավորապես, այստեղ հայրը հիշեցնում է 1898-ի իր հարսանեկան լուսանկարը: Դիմանկարի ներքևի մասում Ֆրիդայի կողմից գրված մեջբերումը թարգմանվում է հետևյալ կերպ. «Նա վաթսուն տարի տառապեց էպիլեպսիայով, բայց երբեք չթողեց իր աշխատանքը, պայքարեց Հիտլերի դեմ՝ երկրպագելով իր դստերը՝ Ֆրիդա Կալոյին»։ Ֆրիդայի սերը հասկանալի էր. Գիլերմոն հաճախ էր նրան անվանում իր սիրելի դուստրը՝ յուրահատուկ ոգու և տաղանդի պատճառով:

Արմինե Մուրադյան