Ուղիղ եթեր
Մշակույթ 3 տարի առաջ - 13:50 22-04-2023

Ինչպես Երվանդ Քոչարը գնեց ու Հայաստան բերեց Գյուստավ Կուրբեի կտավը

Պատմում է Ավետիք Իսահակյանը․

«Կիրակի է, Քոչարի հետ պիտի գնանք «Մարշե օ պյուս»/«Լվերի շուկան»/, այսպես էր անվանել փարիզեցին իր սիրած հին ու մին իրերի շուկան: Այնտեղ կարող էիր գտնել ինչ կամենայիր… Քայլում, թափառում ենք այս բացօթյա թանգարանում, որտեղ ուղղակի գետնի վրա դրված էին հին թե նոր, անվթար, թե կոտրված զանազան իրեր`կարի մեքենաներ, կահույք, հայելիներ, հին զենքեր, մոմակալներ, արձանիկներ և այլն: Ասում էին, թե մեկն այստեղ գտել է «Ստրադիվարիուս» ջութակ: Բախտ որոնողները շատ էին. նրանց թվում կային և արվեստի հմուտ գիտակներ: Գնեցինք մի քանի իրեր: Քոչարը հանկարծ քարացած կանգ առավ: Նշմարել էր փոշիների տակ թաքնված մի կտավ: Ներքին զգացողությամբ հասկացել էր, որ սա մի արժեքավոր գործ պիտի լիներ: Անտարբեր, զսպելով իր հուզմունքը, վաճառողից հարցրեց նկարի գինը: Շատ բարձր չէր. անմիջապես, առանց սակարկելու վճարեց ու նկարը թևի տակ դրած` արագ հեռացավ: Նստեցինք մետրո և ուղիղ` Քոչարի արվեստանոցը: Այնտեղ Քոչարը մի հատուկ հեղուկի մեջ թաթախված բամբակով սկսեց կտավը մաքրել… Քոչարը հետաքրքրությամբ որոնում էր հեղինակի ստորագրությունը: Մաքրեց նկարի ցածի աջ կողմը, ոչինչ չկար, փորձեց ձախ կողմը և երևաց «C» տառը, մի քիչ հետո ամբողջությամբ «Կուրբե» ազգանունը: Չի կարող պատահել, մի˚թե նշանավոր նկարիչ Գյուստավ Կուրբեի գործը, Փարիզի 1871թ. կոմունայի հերոսի կտավը: Անգնահատելի գործ էր. մեր հավատը չէր գալիս»:


Գյուստավ Կուրբե, «Աղջկա գլխանկար»

Կտավում սքանչելի վարպետությամբ վրձնած կանացի գլխանկար էր։ Քոչարն առանց ժամանակ կորցնելու գնում է իր բարեկամ, խոշորագույն քննադատ Վալդեմար Ժորժի տուն՝ ցույց տալու նկարը։ Քննադատը հիացմունք է ապրում, նա Քոչարին ուղարկում է Շառլ Լեժեի մոտ, որը երկու խոշոր հատոր էր գրել Կուրբեի մասին: Լեժեն նկարի վրա թեթև հայացք նետելուց հետո սկսում է զննել այն հակառակ կողմից: Քիչ հետո նա հայտարարում է, որ դա Գյուստավ Կուրբեի գործն է: Նկատելով Քոչարի զարմանքը` Լեժեն բացատրում է. «Կուրբեի նկարների կտավներն առանձնահատուկ են. նկարչի մայրը և քույրը հին սավաններից էին պատրաստում դրանք»: Քոչարի բերած նկարը ճիշտ այդպիսի կտավի վրա էր արված: Հետո Լեժեն, ստուգելով ստորագրությունը, նկարի գրունտը, ֆակտուրան, տալիս է նաև գրավոր մասնագիտական եզրակացություն. «Նկարը Գյուստավ Կուրբեի գործն է, որն, ամենայն հավանականությամբ, պատկերում է Ժորժ Սանդի վեպերից մեկի հերոսուհուն»:

Տարիներ անց Երվանդ Քոչարն այդ կտավը նվիրում է Հայաստանի Ազգային պատկերասրահին: Այն ցուցադրվում է եվրոպական արվեստի սրահում:

Արմինե Մուրադյան

Ամենից շատ դիտված

17:59 Ժամերով հերթ ենք կանգնում, բժիշկներն էլ քմահաճույքով են աշխատում․ ահազանգ
18:46 Թագադրվելուց կարճ ժամանակ անց՝ ողբերգական մահ․ ռոդեոյի 22-ամյա թագուհուն հարվածել է կայծակը
18:19 Երևանում՝ «MG» սուպերմարկետի մոտ, հրդեհ է բռնկվել վագոն-տնակում․ այն վերածվել է մոխրակույտի
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
19:42 Երևանում ձերբակալվել են 21 և 23-ամյա երիտասարդներ․ Bentley-ում հայտնաբերվել է «Մակարով» տիպի ատրճանակ
21:30 2050 թվականին աշխարհը նվաճելու ծրագիրը հետաձգվու՞մ է
18:56 Ջորջ Քլունին նոր բիզնես է սկսում Ֆրանսիայում․ 65-ամյա դերասանը իտալական ռեստորան կբացի
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:48 Ինչ էլ խոսեք, պատմության մեջ մնալու եք որպես Արցախ հանձնած․ Շարմազանովը՝ իշխանությանը