Բացի Ալիևից այլ մարդ կա՞, որի հետ բանակցային պրոցեսի պատմությունը քննարկվել է. Գեղամ Մանուկյանը՝ Փաշինյանին

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 17:33 18-04-2023


«Նիկոլ Փաշինյանի չիմանալը չի նշանակում, որ հայկական պոեզիայում Արագածին նվիրված բանաստեղծություններ չկան»,-խորհրդարանում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ դիմելով բաց դռների շրջանակներում ԱԺ այցելած դպրոցականներին և ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի ուսանողներին, որոնց հետ միջանցքում հանդիպման ժամանակ նման բան էր ասել Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը սկսեց արտասանել . «Դո՛ւ, Արագած, Ալմաստ վահան…»:

Գեղամ Մանուկյանը ընդհատեց Փաշինյանին՝ ասելով, որ կան նաև Սիլվա Կապուտիկյանի, Համո Սահյանի ստեղծագործությունները, բայց իր սիրածը Հովհաննես Շիրազի «Հանճարեղ խելագար»-ն է և արտասանեց մի հատված.

«Կախպերանամ ողջ ազգերին,
Թե չթողնեն թուրքի գերին
Սրբություններն իմ հայկական.
Խելքի կգամ, երբ միանան
Արարատներն Արագածին…»:

Այնուհետև Գեղամ Մանուկյանն ասաց 5 տարիների ընթացքում արցախյան հակամարտության մասին եղել են Փաշինյանի այնքան հայտարարություններ, որ գիտական աշխատանքի նյութ կարող է դառնալ և հիշեցրեց Փաշինյանի 2019թ. և 2020 թ. սեպտեմբերի 2-ի գրառումները, որոնցում նա շնորհավորել է Արցախի անկախության օրը, բայց այդ օրը Արցախի Հանրապետության հռչակման օրն է, իսկ անկախությունը հռչակվել է 2019 թվականի դեկտեմբերի 10-ին:

Նիկոլ Փաշինյանն էլ հիշեցրեց, որ 1989 թվականին ՀՀ ԳԽ-ն և ԼՂՀ մարզխորհուրդը որոշում էին ընդունել միավորման մասին, նման որոշում ընդունվել է նաև 1990 թվականին, իսկ 1991 թվականի դեկտեմբերին Արցախն անկախացել է և հարց տվեց՝ թե ումի՞ց։

Այնուհետև Գեղամ Մանուկյանը նշեց, որ իր հարցը հետևյալն է․ «Ցանկացած պաշտոնի եկած մարդ ինստիտուցիոնալ հիշողություն ունենալու համար պետք է խորհրդակցի նախկինների հետ։ Մինչև հիմա ինձ մի հայտարարություն է հայտնի, որ 2019թ․-ին ասել եք, որ քննարկել եք Ադրբեջանի նախագահի հետ բանակցային գործընթացի պատմության հետ կապված հարցեր։ Կա՞ այլ մարդ՝ պաշտոնյա, նախկին դիվանագետ, բանակցային գործընթացի մասնակից, որի հետ քննարկվել է ողջ բանակցային գործընթացը»։

Նիկոլ Փաշինյանը խոստովանեց, որ իրականում ճիշտ է ասում, բայց մի նրբություն կա․ «Դա իմ մասին չի, մեր մասին է։ Ասեմ ինչի։ Ումի՞ց է անկախացել ԼՂ-ն։ Մեկ ընդհանուր պետություն էինք ուզում, մեկ անկախություն էինք ուզում, մեկ ասում էինք, որ Ղարաբաղը չպետք է լինի Ադրբեջանի կազմում․․․Ինչ վերաբերում է քննարկումներին, ապա ԼՂ իշխանությունն իմ բոլոր քայլերից եղել է տեղյակ։ Նույնիսկ բանակցային փաթեթներն եմ փոխանցել ԼՂ իշխանությանը»։

Նիկոլ Փաշինյանը ասաց, որ այն բոլոր մարդիկ, որոնք տեղյակ էին բանակցային գործընթացից, թող գրեին իրեն, կամ հանդիպման առաջարկ անեին, իսկ ինչ վերաբերում է բանաստեղծությանը, ապա չի կարող բոլորը հիշել, չնայած մի քանիսը անգիր գիտի, բայց ինքը դպրոցականների հետ նկարի մասին էր խոսում:

Շարունակելով՝ Փաշինյանը նշեց․ «Վերջերս մի պաշտոնյա ասում էր, թե ուզում էր այս կամ այն բանն առաջարկել։ Թող առաջարկեր։ Ավելին՝ հիմա թող գրեն ու հրապարակեն այն, ինչ այն ժամանակ ուզում էին առաջարկել։ Չեն անում, որովհետև իրենց գրածը նույն հարցերն է առաջացնելու։

Թող Վարդան Օսկանյանն այսօր հրապարակի, թե 2018 թվականին ինչ խորհուրդ էր տալու ինձ, կամ 2019 թվականին ինչ խորհուրդ էր տալու ինձ։ Ես Վարդան Օսկանյանի հետ պրոբլեմ ունեմ, որ ինքը Մադրիդյան սկզբունքներով մեր, ձեր այս շիլաշփոթն ավելի խորը շիլաշփոթ է դարձրել։

Ես էլ եմ գնալու քննիչ հանձնաժողով, թող ինքն էլ գա, ասի՝ այ ես սենց բաներ պիտի ասեի։

Իսկ պատասխանատվությունից չեմ էլ կարող խուսափել, չեմ էլ ուզում։ Բայց իմ ասած այն է, որ այս դահլիճում, այս դահլիճից դուրս կռվել ենք, վիճել, դուք ինձ եք դավաճան ասել, ես էլ ձեզ։ Ասում եմ, մի պահ կա, եկեք փաստարկների դաշտում հասկանանք, կարող է ինչ-որ բան ես լավ չեմ հասկանում, ես ամենագետ չեմ, ես աշխարհի բանաստեղծություններն անգիր չգիտեմ, չնայած մի քանիսը գիտեմ»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում․