Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 20:46 14-04-2023

Մեր փողոցը ըդպես էլ քանդած մնաց. Գյումրիում մի շարք փողոցներ դեռևս քանդված են

Մարդկանց մոտ Գյումրին ասոցացվում է պատմական միջուկի, ֆիլմերի փողոցի հետ, մինչդեռ Գյումրիում կան փողոցներ, որոնք տարիներով ասֆալտի երես չեն տեսել։ Այդ փողոցները ոչ մի սուբվենցիոն ծրագրում ընդգրկված չեն։ Դրանցից է, օրինակ, Սավոյան ծայրամասային թաղամասը, որի բնակիչները, երեսուն տարի ի վեր սպասում են, որ այսպես ասած՝ парад-ը իրենց դռնով էլ կանցնի։

«16 մարզպետ փոխվավ, ես շատ գիտեմ՝ քանի էլ քաղաքապետ, բայց մեր փողոցը ըդպես էլ քանդած մնաց»,-ասում է Սավոյան փողոցի բնակիչ Գեղեցիկ Գևորգյանը։

Այս թաղամասի բնակիչները դեռ շատ պիտի սպանեն, որովհետև նույնիսկ սուբվենցիոն ծրագրում ընդգրկված մի շարք փողոցներում շինարարական աշխատանքները ձգձգվում են։



Հիշեցնենք, որ 2023 թվականի սուբվենցիոն ծրագրով 29 փողոցների հիմնանորոգում է նախատեսվում՝ ընդհանուր արժեքը 2 մլրդ 551 մլն դրամ, իսկ ընդհանուր երկարությունը՝ ընդամենը 7951 մետր կամ մոտ 8 կմ։ Նշենք նաև, որ 2022-ից անավարտ մնացած փողոցների նորոգումներն են ավարտվելու։

Խոսքն «Անի» թաղամասի 3-րդ և 11-րդ փողոցների մասին է, որոնք թաղամասի քանդված 34 փողոցների մեջ եզակիներից են։ Փողոցների հիմնանորոգման ծրագրի ավարտի ու մեկնարկի ժամկետների խախտումները կոնկրետ «Անի» թաղամասում միայն 3-րդ և 11-րդ փողոցներով չեն սահմանափակվում։ Ավելի վատ, գրեթե անանցանելի վիճակ այստեղ ստեղծվել է ջրամատակարարման ցանցի նորացման արդյունքում։

2021-ից սկսված, բայց լիովին չավարտված ծրագիրը խախտել է նաև Անի թաղամասի բոլոր 34 փողոցների հիմնանորոգումների ժամկետը։ Ոչ միայն սուբվենցիոն, նաև ՎԶԵԲ ծրագրով նորոգումներ չեն կարող իրականացնել, քանի դեռ ջրաշինարարը՝ «Դորոժնիկ» ընկերությունը, նորացված ցանցի փորձարկումները չի կատարել։ Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի խոսքով՝ 3-րդ և 11-րդ փողոցները կիսավարտ մնացին հենց «Դորոժնիկ» ընկերության պատճառով։ Փողոցները խճապատվել են, լուսավորություն է իրականացվել, բայց քանի որ փորձարկում չիրականացվեց, հետևաբար քաղաքապետարանն էլ չէր կարող տվյալ փողոցները ասֆալտապատել։

Քաղաքապետը շեշտում է, որ նման խնդիրներ ջրաշինարարը միայն Գյումրիում չէ, որ ստեղծել է։ Ամեն դեպքում, քաղաքապետարանը դարձյալ խնդրի լուծման տարբերակները կշարունակի քննարկել «Դորոժնիկ» ընկերության հետ։



Թաղամասի հազարավոր բնակիչներ փողոցների բարեկարգմանը սպասում են արդեն երկու տարի։ Անանցանելի վիճակը չի փոխվում ո՛չ անձրևոտ, ո՛չ չոր եղանակներին։ Բնակիչներին քաղաքապետարանից ասել են, թե մի քանի օրից ասֆալտապատումը կսկսեն, իրենք էլ սպասում են։ Իսկ քաղաքապետարանի խոստումը վերաբերում է 3-րդ և 11-րդ փողոցներին, եթե իհարկե, ջրաշինարարը փորձարկումներ կատարի։ Մնացած փողոցների հիմնանորոգման, որը ՎԶԵԲ-ի մեծ ծրագրի մասն է կազմում, քաղաքապետը դարձյալ մեկնարկի հստակ ժամկետներ չի նշում։ Ջրամատակարարման ցանցի փորձարկումից կախված փողոցաշինական ծրագիրը տուժում է նաև Շիրակացի փողոցում, որտեղ ևս ջրաշինարարը անավարտ գործեր ունի։

Քանդած փողոցների պատմությունը ձգվում է մինչև կենտրոնական այգուն հարող հատվածը։ Ինչ-որ չափով երթևեկելի պահելու համար քաղաքապետարանը կիրառում է հարթեցման և խճապատման ավանդական տարբերակը, որն իրականացվում է տեղական բյուջեի միջոցներով։ Հարթեցում և խճապատում են նաև այն փողոցները, որոնք ընդգրկվել են այս տարվա հիմնանորոգման սուբվենցիոն ծրագրում։

Գյումրիում ևս 29 փողոցում՝ ընդհանուրը մոտ 8 կմ, հատվածային նորոգումներ կկատարվեն, իսկ թե երբ, դա էլ կախված է մրցույթների անցկացման արդյունքներից, որոնք նոր են մեկնարկելու։