Թուրքիայում ընդդիմության միասնական թեկնածուն խոստանում է քրդական հարցը լուծել ժողովրդավարական միջոցներով
copy image url

Թուրքիայում ընդդիմության միասնական թեկնածուն խոստանում է քրդական հարցը լուծել ժողովրդավարական միջոցներով

Արտաքին 2 տարի առաջ - 19:00 13-04-2023
Թուրքիայի նախագահական ընտրություններում ընդդիմության միասնական թեկնածու, քեմալական «Հանրապետական-ժողովրդական» կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն խոտանում է նախագահի պաշտոնում ընտրվելու դեպքում քրդական հարցը լուծել ժողովրդավարական միջոցներով։ Ինչպես փոխանցում է Gerceknews լրատվականը, Քըլըչդարօղլուն այս մասին նշել է իր կուսակցության փոխնախագահ Սեզգին Թանրըքուլի «Ինձ նույնպես լսիր։ Ի՞նչ է ասել ՀԺԿ-ն քրդական հարցի լուծման վերաբերյալ» գրքի առաջաբանում։

Քըլըչդարօղլուն վճռականությունն է հայտնել քրդական հարցը լուծել ժողովրդավարական միջոցներով՝ մայրերի արցունքներին վերջ տալու համար։ Նա ընդգծել է, որ քրդական հարցի լուծումը վճռորոշ քայլ է Թուրքիայի առաջընթացի, զարգացման, ընդլայնման, ներքին խաղաղության ու կայունության դեմոկրատական տեսլականի իրականացման ուղղությամբ։

Վերջինս պնդել է, որ իր ղեկավարած «Հանրապետական-ժողովրդական» կուսակցությունը քրդական հարցի լուծման նպատակով թափանցիկ և խիզախ լուծումներ է ներկայացրել՝ «չնայած իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խոչընդոտներին, մանիպուլյացիաներին և թաքնված օրակարգերին»: Նա միևնույն ժամանակ քննադատել է այս հարցի նկատմամբ իշխող ԱԶԿ-ի սխալ վերաբերմունքը և վերահաստատել ՀԺԿ-ի հանձնառությունը՝ խնդիրը լուծելու ժողովրդավարական միջոցներով և վերջ դնելու մայրերի արցունքներին:

«Էրդողանն ասաց, որ այս ճանապարհին «թույն կխմի» եթե անհրաժեշտ լինի, բայց նա միայն շահարկեց լուծման գործընթացը սեփական աթոռը պաշտպանելու համար և ստիպեց ժողովրդին խմել թույնը»,- գրել է Քըլըչդարօղլուն։

Թուրքիայի ընդդիմության նախագահի միասնական թեկնածուն հայտնել է նաև, որ քրդական խնդիրը ոչ միայն երկրի քուրդ քաղաքացիների, այլ նաև ողջ Թուրքիայի քաղաքացիների խնդիրն է։

«Այդ ընթացքում մենք հետևողականորեն շեշտում էինք, որ այս հարցը կարող է լուծվել քաղաքական և սոցիալական կոնսենսուսի միջոցով Ազգային ժողովում, որտեղ մարմնավորված է ժողովրդի կամքը, այլ ոչ թե փակ դռների հետևում։ Մենք խորհրդարանին կարգավորման գործընթացի վերաբերյալ հստակ ու կոնկրետ առաջարկներ ենք ներկայացրել և մենք կանգնած ենք եղել կանգնել այդ առաջարկների թիկունքում։ Ինչպես երեկ, այնպես էլ այսօր մենք վճռական ենք քրդական հարցը լուծել ժողովրդավարական միջոցներով, վերջ դնել ահաբեկչությանը և թեթևացնել մայրերի արցունքները։ Որովհետև այս խնդիրը ոչ միայն մեր քուրդ քաղաքացիների, այլ նաև ողջ Թուրքիայի ընդհանուր խնդիրն է, և դրա լուծումը կպահանջի նաև ընդհանուր քաղաքական և սոցիալական կոնսենսուս»,- եզրափակել է նա:

Ձեզ գուցե հետաքրքրի