Արտաքին 3 տարի առաջ - 15:00 13-04-2023

Թուրքիայի նախագահի թեկնածուն խոստանում է սիրիացի փախստականներին վերադարձնել Սիրիա և հանդիպել Ասադի հետ

Թուրքիայի նախագահի թեկնածու, ընդդիմադիր Հայրենիք կուսակցության առաջնորդ Մուհարեմ Ինջեն խոստանում է իր հաղթանակի պարագայում երկրի տարածքում գտնվող սիրիացի փախստականներին վերադարձնել Սիրիա։ Այս մասին Ինջեն ասել է ռուսական РИА Новости լրատվական գործակալությանը տված հարցազրույցում։

Ինջեն շեշտել է, որ սիրիացիներին իրենց հայրենիք կվերադարձնի խաղաղ ճանապարհով՝ առանց որևէ ճնշման։ «Մենք նրանց տուն կուղարկենք ժպիտներով ու պարով։ Ոչ ոք չի ասում, որ մենք նրանց կսեղմենք բեռնատարների մեջ և կուղարկենք սահման: Մենք կկիրառենք անհրաժեշտ դիվանագիտական ​​մեթոդները, քանի որ սիրիացիներին տուն ուղարկելու համար պետք է սկսել երկխոսություն և դիվանագիտություն»,- ասել է նա։

Թուրքիայի նախագահի թեկնածուն հայտնել է նաև, որ հաղթանակի դեպքում բոլոր ջանքերը կգործադրի՝ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հետ հանդիպելու համար։ Նրա խոսքով՝ Թուրքիայի անունից Սիրիայի հետ բանակցությունները պետք է վարեն դիվանագետները, իսկ հետո՝ նախագահը։

«Իհարկե, ես կհանդիպեմ Ասադի հետ: Սիրիան մեր հին հարևանն է: Ի՞նչ է անում ԱՄՆ-ն այնտեղ իր սահմաններից 10000 կիլոմետր հեռավորության վրա: Մենք կապրենք սիրիացիների հետ կողք կողքի, պետք է մեր խնդիրները լուծենք երկխոսության միջոցով»,- ասել է Ինջեն։

Թուրքիայի միգրացիոն գործակալությունը հունվարին հայտնել էր, որ Թուրքիայում բնակվում է 3.5 միլիոն սիրիացի, իսկ 2022 թվականին գրեթե 59.000 մարդ վերադարձել է Սիրիայի անվտանգ տարածքներ։ Մարտի վերջին Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտնել էր, որ փետրվարյան ավերիչ երկրաշարժերից հետո շուրջ 60 հազար սիրիացի կամավոր կերպով վերադարձել է Սիրիա։

«Հայրենիք» կուսակցության նախագահ Մուհարեմ Ինջեն 2018 թվականի հունիսին կայացած նախագահական ընտրություններում եղել է «Հանրապետական-ժողովրդական» կուսակցության թեկնածուն և Էրդողանի գլխավոր մրցակիցը՝ ստանալով ձայների 30 տոկոսը։ Ընտրություններից երկու տարի անց նա դուրս է եկել ՀԺԿ-ից և հիմնադրել իր կուսակցությունը։

Հիշեցնենք, որ Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրությունները կկայանան մայիսի 14-ին։ Նախագահական ընտրություններում առաջադրվել է չորս թեկնածու՝ գործող նախագահ Էրդողանը, ընդդիմադիր վեց կուսակցություններից ձևավորված «Ազգ» դաշինքի միասնական թեկնածու, քեմալական «Հանրապետական-ժողովրդական» կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն, Մուհարեմ Ինջեն և ծագումով ադրբեջանցի, ազգայնական գործիչ Սինան Օղանը։ Ընտրություններում հիմնական պայքարը ընթանում է Էրդողանի և Քըլըչդարօղլուի միջև։


Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
15:10 Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են զոհված զինծառայողների մարմինները
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
14:20 Ուժեղ կարկուտ՝ Արթիկում․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել