Երևան +14°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 18:38 10-04-2023

Արթուր Հովհաննիսյանը պետք է վայր դնի մանդատը․ դատախազությունը ստացել է Թագուհի Թովմասյանի դիմումը

«Գլխավոր դատախազությունը ստացել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի դիմումը, որտեղ նա նկարագրել էր, թե ինչպիսի ենթադրյալ հանցանքներ է իրեն թույլ տվել ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը ՄԻՊ թեկնածուի հարցով հանձնաժողովի նիստի ընթացքում»։ Այս մասին Oragir.News-ին հայտնեցին դատախազության լրատվության վարչությունից։ Որևէ հավելյալ տեղեկատվություն դատախազությունից դիմումի ընթացքի վերաբերյալ մեզ հրաժարվեցին հայտնել։

Նշենք, որ 7 էջանոց դիմումում Թովմասյանը պահանջել էր դատախազությունից ուսումնասիրել ՔՊ-ական պատգամավորի վարքը։ Պատգամավորը նաև ահազանգել էր ԱԺ աշխատակազմի կողմից դիմումի ուղարկման ընթացակարգի խախտման վերաբերյալ։

Թագուհի Թովմասյանն Oragir.News-ի հետ զրույցում ընդգծեց, որ Ազգային ժողովն իրավունք չուներ բովանդակային քննարկման առարկա դարձնել իր դիմումը։

«ԱԺ ընդհանուր բաժինը իրականացնում է փոստատարի ծառայություն, այսինքն՝ մեր նամակները ավտոմատ կարգով տեղափոխում է այն հասցեով, որ նախանշվում է։ Ես այսպես աշխատում եմ արդեն 1 տարի 7 ամիս, իրենք պարտավոր են իրենց աշխատանքն իրականացնել։ Ես զարմացա, որ հենց Արթուր Հովհաննիսյանին վերաբերող դիմումը դարձավ խնդիր, իրենք հիշեցին, որ 33 տարի ԱԺ հանձնաժողովի նախագահները բլանկ չունեն և հանձնաժողովի բլանկով են առաջնորդվում։ Մինչդեռ միշտ է այդպես եղել։ Հանձնաժողովն ունի բլանկ, հանձնաժողովի բլանկը վերցնում է հանձնաժողովի փոխնախագահը, որն իր գրությունները հասցեագրում է և տակը գրում է հանձնաժողովի փոխնախագահ, հանձնաժողովի նախագահի դեպքում՝ նույն բլանկի ներքում գրվում է հանձնաժողովի նախագահ։ Այսպես անում են բոլոր 12 հանձնաժողովները, որ այսօր ԱԺ-ում գոյություն ունեն։ Բայց նրանք մտան բովանդակային դաշտ, ինչի առնչությամբ ես դեռ իմ պայքարի գործընթացները կշարունակեմ, նրանք դեռ պետք է պատասխան տան, թե օրենքի որ տառին հղումով են իրենք իմ նամակի բովանդակության մեջ մտել։ ԱԺ աշխատակազմը ապաքաղաքական մարմին է, և նրանք պետք է ծառայեն բոլորին, այլ ոչ թե սպասարկեն Արթուր Հովհաննիսյանի շահը»։

Թովմասյանն ասաց, որ նամակը կարող էր տարբեր կերպ առաքել, բայց խնդիր ուներ իր դիմումը հասցնել գլխավոր դատախազին որպես հանձնաժողովի նախագահ, քանի որ որպես հանձնաժողովի նախագահ է ահազանգել, որ հանձնաժողովի նիստը խոչընդոտվել է և խոչընդոտվել է ՔՊ քարտուղարի կողմից։

«Ընդ որում՝ երբ ես ասում եմ՝ մի խանգարեք նիստը, նա պարծենում է, թե լավ եմ անում խանգարում եմ, արձանագրեք, որ խանգարում եմ։ Ես էլ արձանագրել եմ ու ուղարկել դատախազություն։ Ուրիշ ի՞նչ է մնում գլխավոր դատախազին անել, քան պատժի միջոցների մասին մտածել»։

Նա նշեց, որ ի վերջո ԱԺ աշխատակազմում նոր բլանկ են արարել՝ 33 տարվա ավանդույթը խախտելով։ Նոր բլանկ են բաժանել բոլոր 12 հանձնաժողովների նախագահներին, արդյունքում ամբողջ փաստաթղթաշրջանառությունը խճճվել է, բայց ամենահետաքրքիրն այն է, որ ո՛չ նոր, ո՛չ էլ նախկին բլանկը որևէ աշխատակարգով հաստատված չէ, այն լրիվ սուբյեկտիվ դաշտում է, կուզենք՝ այդ բլանկով կուղարկենք, կուզենք՝ չենք ուղարկի, կուզենք՝ նոր բլանկ կստեղծենք, կուզենք՝ չենք ստեղծի։ Չկա աշխատակարգում որևէ նորմ սահմանված, որ բլանկը պիտի լինի օրինական»։

Նա ընդգծեց, որ գլխավոր դատախազը անկախ մարմնի ղեկավար է ու պետք է անկախ լինի բոլորից, ու իրենց համար չպետք է լինեն սիրելիներ ՔՊ-ում կամ ընդդիմադիր խմբակցությունում, որոնց պատգամավորների հետևից պետք է գան՝ անձեռնմխելիությունից զրկելու, մինչդեռ ՔՊ-ի պարտգամավորների բոլոր արարքները պետք է ներվեն։

«Սա շատ հետաքրքիր ու լուրջ թեստ է գլխավոր դատախազի համար, թե ինչքանով է անկախ։ Եթե որևէ գործողություն չիրականացվեց ընդդեմ Արթուր Հովհաննիսյանի իրականացրած քայլերի, որոնք ակնհայտ վնասել են ՀՀ օրենքները, դա նշանակում է, որ դատախազությունը ակնհայտ առաջնորդվում է քաղաքական նպատակահարմարություններով։ Եթե իրականացրեց որևէ քայլ, ես կհամարեմ, որ մենք ապրում ենք քիչ թե շատ իրավական երկրում, և հետևողականորեն կսպասեմ, թե ինչ ընթացք է ունենում հարուցված քրեական գործը։ Իսկ ինչ վերաբերում է հիմնավորումներին, թե ես ինչ հիմնավորումներ եմ ներկայացրել, դրանք բավական ամուր են, քանի որ Քրեական օրենսգրքի 194 հոդվածով՝ մարդու առողջությանը վնաս պատճառելու սպառնալիքը նախատեսված է, իսկ նա մի քանի անգամ սպառնաց Էդգար Ղազարյանի տարբեր մարմնամասերի կտրել, դա հստակ սպառնալիք է։ Այնուհետև, ՔՕ 203 հոդվածով, երբ սահմանվում է, որ մարդու Սահմանադրական իրավունքներն ու պարտականություններն անքակտելի են, և դրանց նկատմամբ ցուցաբերվել են ակնհայտորեն խտրական վերաբերմունք, ինչպես նաև 297 –րդ հոդվածով՝ խուլիգանություն, որը ամբողջ նիստի ընթացքում դրսևորել է ՔՊ քարտուղարը։ Ես հույս ունեմ, որ դրանք քննության առարկա կդառնան, էլ չեմ ասում, որ ՔՊ խմբակցության քարտուղարը Սահմանադրության 42-րդ հոդվածի խախտում թույլ տվեց, ըստ որի՝ յուրաքանչյուր ոք իրավունք ունի ազատ կարծիք հայտնելու, իսկ նա ասում էր՝ չեմ թողնի, որ խոսես։ Սա նշանակում է, որ խախտվել է Սահմանադրությունը։ Ամենակարևորը, ԱԺ պատգամավորի երաշխիքների մասին օրենքն է խախտվել, որովհետև 3-րդ կետում հստակ շարադրվում է, որ պատգամավորը պետք է դրսևորի պատգամավորին հարիր վարքագիծ, պետք է չխանգարի հանձնաժողովի նիստերի անցկացման կարգը և հարգալից վերբերմունք դրսևորի քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ։ Եթե այսքան իրավախախտումները պետք է քննության առարկա չդառնան, մենք էլ ինչ պետք է ակնկալենք ժողովրդավարական բաստիոն հռչակված ՀՀ-ից։ Ես կարծում եմ, որ ՔՊ խմբակցությունը մոտ ապագայում շատ օպերատիվ կերպով Արթուր Հովհաննիսյանի հետագա պաշտոնավարման նպատակահարմարության հարցը պետք է քննարկի և նրան հետ կանչի խմբակցության քարտուղարի պաշտոնից, ավելին, Արթուր Հովհաննիսյանը պետք է վայր դնի պատգամավորական մանդատը»։

Նա ընդգծեց, որ գլխավոր դատախազը 10 օրվա ընթացքում պետք է որոշում կայացնի դիմումի առնչությամբ։