Ուղիղ եթեր
copy image url
Մշակույթ 1 տարի առաջ - 22:56 07-04-2023

«Վերջին ընթրիք»-ի թաքնված խորհրդանիշներն ու նրա շուրջ պտտվող առասպելները

Լեոնարդո դա Վինչիի նկարները միշտ ուշադրություն են գրավել ոչ միայն իրենց գեղեցկությամբ, այլև իրենց շուրջ պտտվող առեղծվածներով ու առասպելներով։

Նրա ամենատպավորիչ նկարներից մեկը «Վերջին ընթրիք»-ն է։

«Վերջին ընթրիքը» ի սկզբանե նկարվել է Իտալիայի Միլան քաղաքի Սանտա Մարիա դելլե Գրացիե մենաստանի ճաշասենյակի հետևի պատին: Նկարի չափերը մոտավորապես 15x29 ոտնաչափ են, պատվիրվել է Միլանի դուքս Լյուդովիկո Սֆորցայի կողմից: Դա Վինչին նկարը ավարտել է 3 տարում (1495-1498):



Երբ դա Վինչին սկսեց նկարել որմնանկարը, նա այդ ոլորտում այնքան էլ փորձ չուներ և պիգմենտացիա արեց չոր գիպսե պատի վրա: Այդ իսկ պատճառով նկարը չդիմացավ ժամանակի փորձությանը։ Այն դեռ լրիվ ավարտված չէր, երբ ի հայտ եկան շերտավորման խնդիրներ։ Դա Վինչին ստիպված եղավ շատ դժվարություններ հաղթահարել նկարը շտկելու համար: Թեև նկարչի մեթոդն ի սկզբանե ապշեցուցիչ տեսք տվեց նկարին, բայց չապահովեց նրա երկարակեցությանը: Ներկը սկսեց քայքայվել և շերտավորվել նաև հետո՝ 16-րդ դարում, իսկ ահա 17-րդ դարի վերջին նկարը վնասվեց ֆրանսիացի հեղափոխական զինվորների կողմից։ Ավելի ուշ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, ռմբակոծության ալիքները վնասեցին շենքը, որտեղ գտնվում է նկարը։ Այս ընթացքում որմնանկարը ենթարկվել է մի շարք վերականգնողական աշխատանքների։ Հետևաբար, կարելի է ասել՝ օրիգինալ գլուխգործոցից շատ քիչ բան է մնացել հիմա:
Նկարում պատկերված է առաքյալների արձագանքը, երբ Հիսուսը նրանց տեղեկացնում է մոտալուտ դավաճանության մասին։ Դա Վինչին յուրահատուկ կերպով արտացոլել է առաքյալների զգացմունքներն ու ապրումները, իսկ նա մարդկային զգացմունքները վերարտադրելու վարպետ էր։

«Վերջին ընթրիքը» լցված է թաքնված խորհրդանիշներով և հղումներով։ Հայտնի է, որ դա Վինչին իր ստեղծագործություններում օգտագործել է մաթեմատիկա և թվաբանական ասպեկտներ և այս նկարն էլ բացառություն չէ: Նկարում 3 թիվը պատկերված է բազմաթիվ ձևերով, որը խորհրդանշում է Սուրբ Երրորդություն: Առաքյալները 3 հոգանոց խմբերով են, սեղանի հետևում 3 պատուհան է, իսկ Հիսուսի դիրքը եռանկյուն է հիշեցնում։ Հիսուսի աջ կողմում Հովհաննես առաքյալն է, բայց մի շարք աստվածաբաններ կարծում են, որ նկարում պատկերված անձը իրականում Հովհաննես առաքյալը չէ, այլ ծպտված Մարիամ Մագդաղենացին է։ Այս կերպարը միակն է, որը կրում է կախազարդ։

Նկարն ավելի ուշադիր զննելով՝ պարզ է դառնում, որ դա Վինչին Հուդային պատկերել է որպես տիպիկ հրեա։ Հուդան առաքյալներից միակն է, որ մուգ մաշկ ունի, և ծուռ քիթ։ Նա միակն է, որի դեմքի արտահայտությունը ոչինչ չի ասում, մինչդեռ մյուս առաքյալները դեմքի արտահայտությամբ կամ ինչ-որ շարժումով ցույց են տալիս իրենց արձագանքը Հիսուսի ասածին։ Առաքյալների դիմաց դրված բաժակների մեջ գինի է, Հուդայի բաժակի մեջ՝ սպիտակ հեղուկ՝ հավանաբար կաթ, նրա ձեռքին քսակ կա, իսկ աջ թևի կողքին աղ է թափված, որն այդ ժամանակ ընկալվել է որպես վատ նախանշան:



Լայնորեն քննարկվում է նաև այն, թե ովքեր են հանդիսացել առաքյալների ու Հիսուսի բնորդները։ Որոշները պնդում են, որ ամենայն հավանականությամբ դրանք հավաքական կերպարներ են եղել։
Քիչ չեն նաև «Վերջին ընթրիք»-ի շուրջ պտտվող առասպելները։ Դրանցից մեկն օրինակ, որ Նեապոլեոնը, գրավելով Միլանը, այս մենաստանն օգտագործել է իբրև ախոռ։ Հաջորդ առասպելը պտտվում է Հիսուսի և Հուդայի կերպարների նույնականացման շուրջ։ Սա ամենայն հավանականությամբ հորինվածք է, քանի որ նախ անզեն աչքով երևում է, որ Հուդան և Հիսուսը բացարձակ նման չեն իրար և հետո չկա որևէ արձանագրություն, որ Լեոնարդոն նույն բնորդին է ընտրել և՛ Քրիստոսի, և՛ Հուդայի համար: Ըստ «Լեոնարդոյի աշխարհը 1452-1519» գրքի հեղինակ Ռոբերտ Ուոլեսի՝ Լեոնարդոն իսկապես օգտագործել է կենդանի մոդելներ և տեղացի բանտարկյալների մեջ փնտրել է Հուդայի կերպար, բայց նա չի ընտրել նույն անձնավորության, որը կերպավորել էր Հիսուսին:



Ենթադրաբար, Հիսուսի մոդելը եղել է Ջիան Ջակոմո Կապրոտին անունով մի երիտասարդ, որը դա Վինչիի աշակերտներից և հովանավորյալներից էր։ Կապրոտին հայտնի էր նաև Սալայ անունով։
Դա Վինչիի նկարները եղել և մինչ օրս մնում են ուսումնասիրությունների ու հակասությունների առարկա։

Արմինե Մուրադյան

Ամենից շատ դիտված