Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք չի միջամտում այլ երկրների ներքին գործերին։ Ինչպես փոխանցում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, այս մասին Լավրովն ասել է Անկարայում՝ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ՝ մեկնաբանելով Թուրքիայում մեկնարկած նախընտրական քարոզարշավը և պատասխանելով հարցին, թե որ քաղաքական ուժին է աջակցում Մոսկվան։
Լավրովը ուշադրություն է հրավիրել այն բանին, որ նման հարցերը ճիշտ կլիներ տալ ամերիկացի պաշտոնյաներին։ «Դուք ինձ ոչ մեկի հետ չե՞ք շփոթում, ես ձեզ խորհուրդ եմ տալիս մասնակցել մամուլի ասուլիսներին, որտեղ ելույթ են ունենում ամերիկյան ներկայացուցիչները։ Սրանք այն հարցերն են, որոնք կարող եք տալ նրանց։ Որովհետև Ռուսաստանի Դաշնությունը երբեք չի միջամտում ներքին գործերին կամ նույնիսկ քննարկումներին, որոնք ծավալվում են կոնկրետ երկրում նախընտրական քարոզարշավի նախօրեին»,- ասել է նա։
Ռուսաստանի գլխավոր դիվանագետի խոսքով՝ Մոսկվան միշտ հարգում է այն երկրների օրենքները, որտեղ իրականացնում են այդ ժողովրդավարական ընթացակարգերը՝ համաձայն թափանցիկության սկզբունքների։ Նա պարզաբանել է, որ դա յուրաքանչյուր երկրի ինքնիշխան խնդիրն է, այդ թվում՝ այնպիսի զարգացած ժողովրդավարական երկրի, ինչպիսին Թուրքիան է։ «Ուրիշ բան, որ ԱՄՆ-ը, որը բարձրաձայն ու հստակ, ընտրությունների, կամ որևէ այլ բանի հետ կապված ասում է. «Չինաստանը պետք է անի այս ու այն»»,- նշել է Լավրովը։
Լավրովը հավելել է, որ այսօր կայացած բանակցությունների ընթացքում Չավուշօղլուն իրեն հայտնել է, որ Անկարան ԵԱՀԿ-ից և Եվրախորհրդից դիտորդների է հրավիրել։ Նա նշել է, որ դիտորդների կողմից ընտրություններից հետո օրինական գնահատականներ կտրվեն։ Նա միևնույն ժամանակ համոզմունք է հայտնել, որ Թուրքիան ունակ է կազմակերպել ազատ և ժողովրդավարական ընտրություններ։
Հիշեցնենք, որ Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրությունները կայանալու են մայիսի 14-ին։ Նախագահական ընտրություններում առաջադրվել է չորս թեկնածու՝ գործող նախագահ Էրդողանը, ընդդիմադիր վեց կուսակցություններից ձևավորված «Ազգ» դաշինքի միասնական թեկնածու, քեմալական «Հանրապետական-ժողովրդական» կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն, ընդդիմադիր «Հայրենիք» կուսակցության նախագահ Մուհարեմ Ինջեն և ծագումով ադրբեջանցի, ազգայնական գործիչ Սինան Օղանը։ Ընտրություններում հիմնական պայքարը ընթանում է Էրդողանի և Քըլըչդարօղլուի միջև։