Ուղիղ եթեր
Մշակույթ 3 տարի առաջ - 21:07 07-04-2023

Մայրերի մայրը՝ Մայր Հայաստանը

Յուրաքանչյուր մարդու կյանքում մայրը անփոխարինելի էակ է, գրեթե աստված, որ կյանք է տվել իր զավակին։ Մայրը մի յուրօրինակ սրբություն է, ուստի պատահական չէ, որ մեզ համար նվիրական ու սրբազան ամենատարբեր երևույթներն ու առարկաները մայր, մայրական, մայրենի մակդիրներով ենք զարդարել։

Մայրենի է մեր լեզուն, մեր սիրելի գետը՝ Մայր Արաքս, մեզ սնող բնությունն է մայր․․․ Եվ մայր է մեր հայրենիքը՝ բարձրագույն արժեքը՝ Մայր Հայաստանը։

Դարեր շարունակ հայ իրականության մեջ Հայաստանը պատկերվել է իր զավակին կորցրած, ողբացող, սևազգեստ մոր տեսքով։ Հատկապես 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին տարածված էր ավերված քաղաքի վրա ողբացող, սև թիկնոցով փաթաթված կնոջ սիմվոլիկան։ Այն հատկապես կիրառվում էր դրոշների, զինանշանների և գորգերի վրա։



Ահա այսպիսի տրամադրություններ էր նաև փոխանցում հայ մայրը իր զավակին՝ նրա օրորոցի կողքին նստած ողբալով հայ հայրենիքի դառը ճակատագիրը։

Պետրոս Դուրյանն արդարացիորեն տրտնջում է․

Փոխանակ քաղցր օրորներու, հայրենի՛ք,
Օրրանիս քով մայրիկս ըզքեզ միշտ ողբաց․․․


Խորհրդային տարիներին և հատկապես Մեծ հայրենականում կրած փառահեղ հաղթանակից հետո Մայր Հայաստանի ընկալումը փոխվեց։ Եվ ասվածի վկայությունը Մոնումենտի բարձունքում վեր խոյացող «Մայր Հայաստան» հուշահամալիրն է, որը դարձել է մայրաքաղաք Երևանի խորհրդանիշներից մեկը։



Հայտնի է, որ Ռաֆայել Իսրայելյանի հեղինակած մոնումենտալ պատվանդանին 12 տարի կանգնեցված է եղել «ժողովուրդների հոր»՝ Իոսիֆ Ստալինի բրոնզաձույլ արձանը։ Վերջինիս մահից, ապա անձի պաշտամունքի քննադատությունից հետո Ստալինին նվիրված արձաններն իջեցվեցին պատվանդաններից խորհրդային բոլոր երկրներում։ Հայաստանում դա տեղի ունեցավ մի փոքր ուշ՝ 1962 թ․։ Դա պայմանավորված էր նրանով, որ ՀԽՍՀ ղեկավարությունը շատ հեռատես քաղաքականություն էր վարում և փորձում էր հարևան Վրաստանի հետ հարաբերությունները բարելավել՝ իր մայրաքաղաքում թողնելով վրաց ժողովրդի զավակի արձանը։



5 տարի պատվանդանը դատարկ մնաց․ այնտեղ պիտի կանգնեցվեր իր պատվանդանին արժանի մի հանճարեղություն, որը շուտով նախագծվեց։

1967 թ. կանգնեցվեց քանդակագործ Արա Հարությունյանի «Մայր Հայաստանը» խորհրդանշող հուշարձանը, որը մարմնավորում է անկոտրում ռազմական ոգու, հայրենիքի պահապան հրեշտակ հայ մոր հավաքական կերպարը։ Հուշարձանի բնորդուհին Եվգենյա Մուրադյանն է։



Տարիներ անց բնորդուհին պատմել է՝ 17-18 տարեկան էր՝ լոլիկի հերթում կանգնած, երբ հրավեր ստացավ քանդակագործ Արա Հարությունյանից՝ դառնալու Մայր Հայաստանի բնորդուհին, որով հեղինակը պետք է կերտեր ու վեր հաներ հայ կնոջ, մոր կերպարի իմաստությունն ու խորությունը՝ ընդգծելով կնոջ վեհությունն ու ընտանիքին նվիրվածությունը, ազգի պաշտպանի առաքելությունը։

Արձանի կոմպոզիցիան ունի խաչի տեսք․ այն որոշ իմաստով խաչի թաքնված սիմվոլիկա է։ Այս արձանի կանգնեցումը Ստալինի արձանի փոխարեն պետք է դիտարկել որպես ամբողջ Խորհրդային Միությունում նոր տարածում ստացող ազգային շարժումների դրսևորում։


«Մայր Հայաստան» մոնումենտալ արձանը դարձավ հայ կնոջ հավաքական կերպարը, այն կնոջ, որը սիրող մորից կարող է անմիջապես վերափոխվել հայրենիքի պաշտպանի՝ չխնայելով ոչինչ իր հայրենիքն ու զավակին պաշտպանելու համար։

Օվսաննա Իսրայելյան

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան