Ուղիղ եթեր
copy image url
Միտք 2 տարի առաջ - 14:30 29-03-2022

Հետևողականորեն անարգում են սգավոր մայրերի վիշտը ու գցում հասարակության ձեռքը

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը երկու օր առաջ հավաքել էր զոհված զինվորների մայրերին ու մեծ խնջույք կազմակերպել նրանց համար։ Նախ՝ նա մի մեծ ճառ էր ասել. «Ձեզանից յուրաքանչյուրը մայր Հայաստանն է այսօր: Ես ուզում եմ, որ դուք նայեք ձեզ հայելու մեջ և ուզեիք ձեզ տեսնել այն Հայաստանի կերպարը, որի համար զոհվել են ձեր որդիները: Դուք արդեն տվել եք հայրենիքին ամենաթանկը, բայց դուք դեռ գործ ունեք անելու: Ձեզանից յուրաքանչյուրի որդին կամ ամուսինը կուզեր տեսնել ձեզ ժպտալով»։ Հետո ավելացրել էր, թե պատերազմում անմահացած մեր հերոսների մայրերն ու այրիները հաճախ բախվում են հանրային պարսավանքի։ Ու որպես օրինակ՝ բերել էր այն, թե իբր որդիներին կորցնելուց հետո մեծ տարիքում հղիանալը ամոթալի է համարվում։ Այդ պատճառով հղիացած մայրիկներ կան, որ պարզապես խուսափում են իրենց համայնքներում փողոց դուրս գալ։ Սա, իրականում, մի մեծ սուտ է, որը որպես քաջալերող խոսք՝ ասել է Աննան սգավոր մայրերին, քանզի նույն Ֆեյսբուքում միմիայն դրվատանքի և ոգևորության խոսքեր են հնչում, երբ լսվում է այս կամ այն սգավոր մոր՝ նորից հղիանալու, երեխա ունենալու մասին լուրը։ Սա էժանագին ապատեղեկատվություն է և մանիպուլյացիա, որը իրեն հատուկ ոճով հրամցրել է «Հայկական ժամանակի» երբեմնի խմբագրի կինը։

Դրանից հետո նրանք միասին պարել են, ու պարել են Սիլվա Հակոբյանի՝ «Խաչիկ, Վաչիկ» երգի ներքո, ինչը հավաստող տեսանյութ էր տարածվել համացանցում։ Ու սկսվեց իսկական քննադատությունների տարափ, թե զոհված զինվորների մայրերը մասնակցել են իրենց որդիների կյանքը «խլած» ամուսիններից մեկի կազմակերպած խնջույքին, որտեղ նա կեղծ խոսքեր է շռայլել, թե չպետք է կոտրվեն, նրանք տվել են իրենց ամենաթանկը՝ իրենց որդիների կյանքը, և այլն։ Ազնիվ լինելու համար կարող էր ասել՝ «ես խլել եմ ձեզանից ձեր ամենաթանկին՝ որդիներին, ու հիմա էլ խլելու բան չունեմ, ուստի եկեք ժպտանք հիմա, քանզի ես հասել եմ իմ ուզածին»։

Ու մինչ Ֆեյսբուքում քննադատությունների տարափ էր սգավոր մայրերի հասցեին, թե ինչպես կարող էին սեղան նստել մի մարդու հետ, որին հասարակության մի ստվար զանգված իրենց որդիների մահվան անմիջական մեղավոր է կարգել, մամուլում գրվեց, թե զոհված զինվորների բազմաթիվ մայրեր մերժել են Աննայի խնջույքի հրավերը։ Մի քանիսն էլ քննադատեցին քննադատողներին, թե դուք ի՞նչ եք արել այդ սգավոր մայրերի համար, քանի՞սդ եք նրանց կողքը եղել ֆիզիկապես, նրանց հիշել, աջակցել, որ հիմա էլ քննադատում եք, թե ինչու են որոշել գնալ մի փոքր լիցքաթափվել վարչապետի տիկնոջ հետ։
Երկու կողմն էլ ճիշտ են, ըստ էության, սխալը մենք ենք, որ չգիտենք՝ ինչն ենք քննադատում և ինչի համար։

Իրականում այս ամենը Աննա Հակոբյանի ու նրա ամուսնու կողմից հատուկ է արվում։ Նրանք լավ գիտեն, որ իրենք ասոցացվում են պարտության ու այսքան զոհերի միակ ու պատասխանատու մեղավորների հետ, որ նրանց «ձեռքով են» այս տղաները մատաղ եղել պատերազմի շրջանում, ու որպեսզի իրենց վրայից արհեստականորեն, մարդկանց գիտակցությունը ժամանակի հետ բթացնելու հաշվին մաքրեն «մարդակերի» ու պարտվածի այդ խարանը, իրենք պարբերաբար այսպիսի հավաքներ են կազմակերպում։ Սա անում են նրա համար, որպեսզի մարդիկ տեսնեն՝ իրենց չեն մերժում անգամ «իրենց զոհերի» ծնողները, ուր մնաց՝ մյուսները մերժեն։ Սա անում են, որպեսզի «բարոյապես» արդարացնեն ընտրություններում ստացած իրենց քվեները, որպեսզի թոզ փչեն հասարակության աչքերին, թե՝ մեղավորը ոչ թե իրենք են, այլ նախկինները, չէ՞ որ եթե իրենք լինեին, ապա այդ սգավոր մայրերը նախկինների կանանց հետ կհանդիպեին, ոչ թե իրենց։ Նրանք լավ գիտեն, որ իրենք հետևողականորեն անարգում ու արժեզրկում են այդ կանանց վիշտը, որ նրանց դարձնում են հասարակության քննադատությունների թիրախ, բայց նրանք դա անում են, որպեսզի մաքրեն իրենց։

Իշխանական այս զույգը օգտագործում է սգավոր մայրերին բացառապես իրենց կործանված հեղինակությունը փրկելու համար։ Իսկ մենք ամեն անգամ զարմանում ենք, թե ինչպես կարող են զոհերի հարազատները հանդիպել իրենց զավակներին մահվան բերան ուղարկածների հետ։ Մոռանում ենք, որ եթե պատերազմից մի տարի չանցած՝ մեր երկրում կգտնվեր ավելի քան 600 հազար մարդ, որը կգնար ու ձայն կտար այս իշխանություններին, ապա նրանց մեջ կգտնվեին նաև զոհերի հարազատներ, որոնք նաև կընդունեին իրենց զավակների մահվան թիվ մեկ մեղավորների տված հացը։