copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 20:20 07-04-2023

Ադրբեջանցիների մեծամասնությունը ցանկանում է, որ Էրդողանը վերընտրվի նախագահական ընտրություններում

Թուրքիայում մայիսի 14-ին կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ադրբեջանական APA լրատվական գործակալությունը Բաքվի փողոցներում հարցախույզ է արել՝ պարզելու համար, թե Ադրբեջանի բնակչությունը ում է ցանկանում տեսնել Թուրքիայի նախագահի պաշտոնում։

Հաղորդվում է, որ Թուրքիայում կայանալիք համապետական ընտրությունները մեծ հետաքրքրություն են ներկայացնում ոչ միայն Թուրքիայի ներքաղաքական կյանքում, այլ նաև Ադրբեջանում և ողջ թյուրքալեզու աշխարհում։ Բացի այդ ադրբեջանական լրատվամիջոցն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ այս ընտրությունները կարևոր նշանակություն ունեն նաև թուրք-ադրբեջանական հարաբերությունների տեսանկյունից։

Հատկանշական է, որ հարցմանը մասնակցած ադրբեջանցիների մեծամասնությունը աջակցություն է հայտնել Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և նրա գլխավորած Արդարություն և զարգացում կուսակցությանը։

Ադրբեջանի քաղաքացի Միրհեյդար Աբբասովը հայտնել, որ Թուրքիան Ադրբեջանի թիկունքն ու աջակցությունն է։ Նրա խոսքով Թուրքիային այս պահին բարդ ընտրություններ են սպասվում։ Նա միևնույն ժամանակ վստահություն է հայտնել, որ Էրդողանը կվերընտրվի նախագահի պաշտոնում։ Նա ասել է նաև, որ հետևում է Էրդողանի հիմնական մրցակից Քեմալ Քըլըչդարօղլուի ելույթներին, ով, իր կարծիքով, միայն դատարկ և արկածախնդիր հայտարարություններ է անում։ Վերջինս հավելել է, որ Էրդողանը ներկայումս թյուրքական աշխարհի մեծ առաջնորդներից մեկն է։

Մեկ այլ ադրբեջանցի՝ Միրալեմ Ադիշովը ասել է, որ Թուրքիան մեծ ու հզոր երկիր է՝ անկախ այն բանից թե ով կհաղթի ընտրություներում։ Նա նշել է, որ այս հարցում որոշում կկայանցեն Թուրքիայի քաղաքացիները։ Ադիշովի կարծիքով՝ Թուրքիան իր ձայնն ունի աշխարհի երկրների շարքում, դրա համար էլ անունները նշանակություն չունեն։

Ադրբեջանի քաղաքացի Էլչին Նագիևի կարծիքով Թուրքիան զարգանում է ցանկացած ոլորտում։ Նրա խոսքով՝ երկիրն արագ տեմպերով զարգանում է նաև ռազմական առումով։ Վերջինս նշել է, որ Թուրքիան արդեն աշխարհին է վաճառում իր զենքն ու անօդաչու թռչող սարքերը, իսկ Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում ամբողջ աշխարհը տեսավ թուրքական ռազմական արդյունաբերության հզորությունը։ Նագիևըն ասել է, որ այս ամենը տեղի է ունեցել Էրդողանի ղեկավարման օրոք՝ վստահություն հայտնելով, որ նա կհաղթի ընտրություններում։

Հիշեցնենք, որ Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրությունները կայանալու են մայիսի 14-ին։ Նախագահական ընտրություններում առաջադրվել է չորս թեկնածու՝ գործող նախագահ Էրդողանը, ընդդիմադիր վեց կուսակցություններից ձևավորված «Ազգ» դաշինքի միասնական թեկնածու, քեմալական «Հանրապետական-ժողովրդական» կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն, ընդդիմադիր «Հայրենիք» կուսակցության նախագահ Մուհարեմ Ինջեն և ծագումով ադրբեջանցի, ազգայնական գործիչ Սինան Օղանը։ Ընտրություններում հիմնական պայքարը ընթանում է Էրդողանի և Քըլըչդարօղլուի միջև։





Ձեզ գուցե հետաքրքրի