Երևան +14°
copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 15:30 06-04-2023

Շվեդիան դեռևս չի կատարել Թուրքիայի անվտանգային բոլոր պահանջները. Իբրահիմ Քալըն

Թուրքիայի նախագահի խոսնակ և արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ Շվեդիան դեռևս չի կատարել Թուրքիայի անվտանգային բոլոր պահանջները։ Այս մասին տեղեկացնում է թուրքական պետական Անադոլու լրատվական գործակալությունը։

Իբրահիմ Քալընը շեշտել է, որ Շվեդիայի պարտավորությունները սահմանված են ՆԱՏՕ-ի Մադրիդյան գագաթնաժողովի շրջանակներում ստորագրված եռակողմ հուշագրով։ Նրա խոսքով՝ Անկարան այս հարցում բազմիցս և հստակորեն իր դիրքորոշումը հայտնել է շվեդական կողմին։

«Վերջին անգամ այդ հարցը քննարկվել է վերջերս Անկարա այցելած շվեդական պատվիրակության հետ։ Երկխոսություն է հաստատվել նաև արտաքին գործերի նախարարությունների մակարդակով»,- ասել է նա։

Թուրք պաշտոնյան հայտնել է, որ Անկարայի և Ստոկհոլմի մասնակցությամբ խորհրդակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա հունիսի առաջին կամ երկրորդ շաբաթվա ընթացքում։ Նա հայտնել է, որ բանակցությունները հունիսին անցկացնելու որոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Շվեդիայում հակաահաբեկչական օրենքի նոր տարբերակը ուժի մեջ է մտնելու հունիսի 1-ից։

Քալընն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ հետագա քայլերը կախված կլինեն բացառապես Շվեդիայի կառավարությունից։ Նա միևնույն ժամանակ հերքել է այն պնդումները, որ Շվեդիան կատարել է իր բոլոր պարտավորություները և այժմ հերթը հասել է Թուրքիային։ «Թուրքական կողմի չափանիշներն ու պահանջները հայտնի են։ Մենք դեռ չենք հասել ցանկալի մակարդակին։ Ստոկհոլմի յուրաքանչյուր նոր քայլով գործընթացն առաջ է շարժվելու»,- եզրափակել է նա:

Հիշեցնենք, որ Ֆինլանդիան և Շվեդիան ՆԱՏՕ-ին անդամակցելու համար դիմել էին դեռևս նախորդ տարվա մայիսին, և վերջիններիս դիմումը հաստատվել է դաշինքի անդամ բոլոր երկրների կողմից՝ բացառությամբ Թուրքիայի և Հունգարիայի։ Այս տարվա հունվարին Շվեդիայում Ղուրանը այրելու և Թուրքիայի նախագահ Էրդողանի խրտվիրակը տեղադրելու դեպքերից հետո Թուրքիայի իշխանությունները խիստ քննադատության ենթարկեցին Շվեդիային և սկսեցին ակնարկել, որ գործընթացի տարանջատման պարագայում կարող են աջակցել միայն Ֆինլանդիայի դիմումին։

Մարտի 17-ին Էրդողանը Անկարայում Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստոյի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Անկարան սկսում է Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հայտը հաստատելու գործընթացը։ Մարտի 31-ին Թուրքիայի մեջլիսը հաստատեց Ֆինլանդիայի անդամակցության գործընթացը, իսկ դրանից օրեր առաջ՝ Հունգարիայի խորհրդարանը։

Ինչպես ավելի վաղ տեղեկցրել է Oragir.News-ը, ապրիլի 4-ին Ֆինլանդիան պաշտոնապես անդամակցեց ՆԱՏՕ-ին՝ դառնալով դաշինքի 31-րդ անդամը։ Շվեդիայի անդամակցության համար անհրաժեշտ է Թուրքիայի և Հունգարիայի խորհրդարանների հաստատումը։

Ամենից շատ դիտված

13:05 Սամվել Ալեքսանյանի կինն ու աղջիկները, «Մարիաննայի» և «Վիվառոյի» սեփականատերերը․ Աննա Հակոբյանի 1 միլիոնանոց ընթրիքի մասնակիցները
09:00 Գիշատիչների խնջույք. ինչո՞ւ է փող հավաքում Աննա Հակոբյանը  
18:15 «Նաիրի» ԲԿ, «Սպայկա»․ ընդդիմադիրները ևս մասնակցել են Աննա Հակոբյանի 1 միլիոնանոց ընթրիքին
08:35 Լույս չի լինի Երևանի և մարզերի հետևյալ հասցեներում
19:31 Եթե հանդուրժենք, վաղը Հայոց այբուբենն ու Մեսրոպ Մաշտոցին սպառնալիք կհամարեն․ Վահագն Չախալյան
10:30 44-օրյայի զոհերի անունները թաքցնող ՔՊ-ն խոսում է 1.5 մլն ցեղասպանվածներին նույնականացնելուց
13:29 Կհորդորեմ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ չտարածվեն, դա մեղք է. ՔՊ պատգամավոր
12:30 Տուգանքի փողը ես եմ մուծելու. Վարդան Ղուկասյանը հայտարարել է փողոցային պայքարի մեկնարկի մասին
17:45 Աննա Հակոբյանը թքած ունի օրենքի վրա․ նա երթևեկում է պլյոնկած ավտոմեքենայով
18:30 Որ ոչ ոք գլխի չընկնի․ Փարաքարի համայնքապետը 1 տառանի 2 գերգաղտնի որոշում է ընդունել 

Ձեզ գուցե հետաքրքրի