Այսօր հայ եկեղեցու 125-րդ կաթողիկոս, հասարակական-քաղաքական և հոգևոր-մշակութային գործիչ, մտավորական ու գրող Մկրտիչ Խրիմյանի ծննդյան օրն է։
Խրիմյան Հայրիկը սիրելի կաթողիկոս է եղել ժողովրդի համար, քանի որ դեռ վարդապետության տարիներից երբեք չի սահմանափակվել հոգևոր գործունեությամբ։ Խրիմյանը ծավալել է եռանդուն գործունեություն՝ հայ գյուղացու ծանր վիճակը թեթևացնելու, թուրք և քուրդ աղաների, պետական պաշտոնյաների հարստահարությունները սահմանափակելու ուղղությամբ։ Ժողովուրդը Մկրտիչ Խրիմյանին մեծարել է «Հայրիկ» պատվանունով։
Խրիմյան Հայրիկի քաղաքական գործունեության կարևորագույն դրվագը Բեռլինի վեհաժողովին ունեցած մասնակցությունն է։ Սան-Ստեֆանոյի պայմանագրի 16-րդ կետի դրույթները, որոնք վերաբերում էին Հայաստանին և հայ ժողովրդին, Բեռլինի վեհաժողովում մղվեցին 61-րդ տեղը, և Խրիմյան Հայրիկը, որ մինչ այդ բոցավառված էր Հայաստանի մոտալուտ ազատագրման հրով, Բեռլինից վերադարձավ հիասթափված և հայտարարեց՝ «այնտեղ ապուրը» երկաթե շերեփով էին ճաշակում, այնինչ Հայաստանի շերեփը թղթից էր։
Խրիմյան Հայրիկը առանձնահատուկ մտերմություն ուներ Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի հետ։ Հայոց Հայրապետը միշտ ձգտել է նեցուկ լինել Թումանյանին նրա կյանքի դժվարին օրերին: Սակայն Խրիմյանի աջակցությունը Հովհաննես Թումանյանին շատ ավելի բարոյական բնույթ է կրել, քան նյութական: Ժամանակակիցներից շատերն են հավաստում, որ Հայրիկը մեծ հարգանքով էր վերաբերվում Թումանյանին, նրան հիանալի զրուցակից էր համարում և առիթը բաց չէր թողնում` բանաստեղծի հետ հանդիպելու և ամենատարբեր հարցեր ու խնդիրներ քննարկելու համար: Նա բարձր էր գնահատում Թումանյանին որպես բանաստեղծի:
Oragir.News-ը Հայոց Հայրիկի ծննդյան օրվա առիթով ընթերցողների ուշադրությանն է ներկայացնում Թումանյանի հուզիչ պատմվածքներից մեկը՝ նվիրված կաթողիկոսի կերպարին։
ԵՐԿՈՒ ՀԱՅՐ1896-ի կոտորածի ձմեռն էր։ Մի խումբ փախստականներ Սասունի կողմերից հասան Էջմիածին։ Նրանց մեջն էր և Ա. գյուղի ծերունի տեր Սարգիսը։
— Հայրիկի աջը կուզեմ համբուրել,— խնդրեց նա Վեհարանում, ու ներս թողին։
— Բարով, տեր հայր,— աջը մեկնեց Հայրիկը։
Քահանան համբուրեց ու ետ եկավ, կանգնեց դահլիճի մեջտեղը հոգնած, խորտակված։
— Ո՞րտեղից կուգաս։
— Սասունի կողմերեն. Ես Ա-ի տեր Սարգիսն եմ…
— Ա-ի տեր Սարգի՞սը…
— Այո՛, Հայրիկ։
— Է՞…
— Ես քսան հոգուց գերդաստան ունեի, Հայրիկ. տղաներս կոտորեցին, հարսերս տարան, թոռներս կորան, տունս թալնեցին, վառեցին․ մնացի այսպես…
— Է՜, հիմի…
— Ես ոչինչ չեմ ուզում, Հայրիկ։ Ես… այնպես եկել եմ… եկել Հայրիկին ասեմ… էլ ոչինչ չեմ ուզում…
Ու Հայրիկի առջև կանգնած էր մարդը, որ ամեն ինչ կորցրել էր ու ոչինչ չէր ուզում։
Երկուսն էլ լուռ էին։
— Քանի՞ որդի կորցրիր, տեր Սարգիս,— գլուխը վեր քաշեց կաթողիկոսը։
— Ամենքը միասին քսան, Հայրիկ։
— Դու քսան որդի ես կորցրել, իսկ ես քսան հազար,— պատասխանեց Հայրիկը,— այդ էլ քսան՝ եղավ քսան հազար ու քսան… Ո՞ւմն է շատ, տեր Սարգիս…
Քահանան ցնցվեց ու լուռ կանգնած էր։
— Ո՞ւմ վիշտն է մեծ, տեր Սարգիս։
— Հայրիկինը։
— Դե, ե՛կ, տեր Սարգիս, մոտ ե՛կ, աջդ դիր գլխիս, աղոթիր, օրհնիր, որ այս վշտին դիմանամ։
Ասավ ու գլուխը խոնարհեց։
Քահանան շտապեց առաջ, աջը դրավ իր Հայրապետի գլխին, սկսեց աղոթք մրմնջալ, ու աչքերը լցվեցին արտասուքով…
Նա օրհնում էր Հայոց Կաթողիկոսի՜ն…
Նրա առջև խոնարհած էր Հայոց Հայրիկը…
Պատրաստեց Օվսաննա Իսրայելյանը