Երևան +20°
copy image url
Խոսք 1 տարի առաջ - 18:36 04-04-2023

Եթե Իրանը որոշի հարվածել Ադրբեջանին, ապա այդ երկիրը դրանից հետո հազիվ թե կարողանա ուշքի գալ

«Մենք ունենք քարոզչական, հոգեբանական և հռետորաբանական պատերազմ, որը Բաքվի բռնապետական վարչախումբը վարում է Իրանի դեմ»։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը՝ անդրադառնալով իրանա-ադրբեջանական լարված հարաբերությունների ֆոնին Ադրբեջանի կողմից Իրանին պատասխան բողոքի նոտա հղելու փաստին։

«Սա կրակի հետ խաղալ է նշանակում, կամ այլ խոսքով ասած՝ առյուծի պոչի հետ խաղալ, ինչպես պատկերավոր սիրում են ասել իրանցիները։ Որովհետև ակնհայտ է, որ նախ և առաջ մենք Իրանի պարագայում գործ ունենք մերձավոր արևելյան գերտերության հետ, որն ունի հսկայական ռեսուրսներ ու հսկայական պոտենցյալ, որն անհամեմատ մեծ է Ադրբեջան կոչող արհեստածին կազմավորման համեմատ։ Բացի այդ էլ՝ գիտեք, որ իրանցիները, Մերձավոր Արևելքում վարելով չափազանց խելամիտ քաղաքականություն, արտաքին հարաբերությունների տիրույթում աստիճանաբար կարգավորում են բոլոր խնդիրները արաբական տարբեր պետությունների հետ՝ սկսած Սաուդյան Արաբիայից, վերջացրած Եգիպտոսով և Հորդանանով։ Համենայն դեպս, այդպիսի ջանքերը որոշ դեպքերում արդեն արդյունք են տալիս Իրան-Սաուդյան Արաբիա հարաբերություններում։ Ուստի ունենալու են ռեսուրսների ավելցուկ, այդ ռեսուրսները միանշանակորեն ուղղելու են հարավկովկասյան տարածաշրջանում Իրանի շահերն ուղղակի ոտնակոխ անող Բաքվի բարբարոսական վարչախմբի դեմ»,- ասաց նա։

Դա, ըստ իրանագետի, լինելու է ինչպես արտաքին, այնպես էլ ներքին ճնշում՝ հաշվի առնելով Ադրբեջանի ներսում միայն վերջին ամսում գրանցված իրադարձությունները։

«Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման ներսում միայն վերջին ամսվա ընթացքում, տարբեր տեղեկություններով 350 անձի ձերբակալություն է տեղի ունեցել։ Նրանց մեջ կան պրոիրանական տրամադրություն ունեցող հոգևորականներ, նաև քաղաքական ակտիվիստներ, հավատացյալներ, իրանալեզու էթնիկական տեղաբնիկ խմբերի ներկայացուցիչներ, թալիշեր և թաթեր։ Իրանն օգտագործել է իր ողջ գործիքակազմը՝ ճնշելու Բաքվի բռնապետական վարչախմբին։ Ակնհայտ է, որ այս հարաբերություններում, չնայած Բաքվի հանդուգն, լկտի ու նույնիսկ սպառնալից պահվածքին՝ Բաքվի բռնապետը որևէ հաջողություն չունի և որևէ շանս չունի հաջողություն գրանցելու»,- ասաց նա։

Վարդան Ոսկանյանի գնահատմամբ՝ Իրանի ու Ադրբեջանի միջև արդեն իսկ ձևավորված է հակամարտությունը, քանի որ իր խոսքով՝ Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորումը վերածվել է Իսրայելի ու այլ պետությունների հակաիրանական պլացդարմի։

«Այսինքն, ըստ էության, Բաքվի բռնապետն իր պետություն կոչեցյալի տարածքը վերածել է պլացդարմի՝ երրորդ կողմի դեմ, և դա չի կարող հղի չլինել հետևանքներով։ Պարզ է, որ եթե հաշվի առնենք նաև առկա երևույթները, խոսքը վերաբերում է հատկապես Թուրքիայում տեղի ունեցած աղետաբեր երկրաշարժին և նախընտրական փուլին, որտեղ էրդողանական վարչախումբն զբաղված է սեփական խնդիրները լուծելով, ապա Բաքվի բռնապետը փորձում է իր հարաբերություններն ավելի սերտացնել Իսրայելի հետ։ Այսպիսով՝ նրա նպատակն է կարողանալ լրացնել վերոնշյալ պատճառով առաջացած վաակումը»,- ասաց նա։

Այս առումով, իրանագետը խոսում է նաև իսրայելական դերակատարության մեծացման պարագայում թուրքական կողմի հնարավոր անհանգստության առաջացման հավանականության մասին։

Ուստի, կրկնեմ՝ Բաքվի բռնապետը վարում է կրակի հետ խաղալու քաղաքականություն՝ նաև հաշվի առնելով հանգամանքը, որ Իսրայելի ներկայությունն Ադրբեջանի ներսում անհանգստացնում է նաև Ադրբեջանի բնակչությանը։ Գիտենք, որ այդ բնակիչների մե մասը հավատացյալ շիաներ են, որոնք ունեն համակրալից վերաբերմունք Իրանի հանդեպ։ Ըստ էության, իրանական ազդեցությունը բնակչության այս հատվածի վրա անսահմանափակ է։ Հետևաբար, նաև ներսում կարող է խոշոր խնդիրների բախվել Բաքվի բռնապետը»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է իրանական կողմի անդրադարձին՝ 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում մնացած ահաբեկիչների փաստին, ասաց․ «Իրանցիները համարում են, որ եթե հստակորեն փաստեր ունենան, որ ահաբեկիչները գտնվում են Ադրբեջանի տարածքում, հատկապես Արցախից բռնազավթված մերձարաքսյան գոտում, որը հարում է Իրանի սահմանին, ապա նրանք դիմելու են ռազմական գործողության՝ առանց որևէ կողմի հետ համաձայնեցման։ Իրանի մյուս «կարմիր գիծը» վերաբերում է թուրանական միջանցքին, որը կոչվում է «Զանգեզուրյան», և այդ կարմիր գծերն Իրանը բոլոր պարագաներում պահելու է։ Այսինքն, ցանկացած կարմիր գծի խախտւմ բերելու է նրան, որ Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորումը ունենա լուրջ խնդիրներ»։

Այս առումով, փորձագետը հատուկ ուշադրություն է հրավիրում փաստին, որ Իրանը տարածաշրջանային գերհզոր պետություն է՝ հարուստ հրթիռային ու անօդաչունեի հսկայական պոտենցյալով։

«Արդիական սպառազինությունների առումով, Իրանը, թերևս մերձավոր արևելյան տարածաշրջանում առաջատար է՝ հաշվի առնելով այդ սպառազինությունների արտադրությունը։ Ուստի, եթե Բաքվի բռնապետն սպասում է, թե Իրանի ցամաքային ուժերն ավտոմատով կռվի կբռնվեն իրենց հետ, ապա դա կոպտագույն սխալ է, անդառնալի հարվածներ կարող է հասցնել, որից Ադրբեջան կոչվող արհեստածին պետությունը կդժվարանա նույնիսկ ուշքի գալ։ Բայց առայժմ այդ փուլին չի հասնի լարվածությունը։ Համենայն դեպս, այդ լարվածությունը կարելի է կոչել պատերազմ՝ առանց ռազմական բաղադրիչի»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված