Եթե մեկը որոշի կամավոր գնալ Արցախի Հանրապետությունում ծառայելու, ապա ի՞նչ պիտի լինի
copy image url

Եթե մեկը որոշի կամավոր գնալ Արցախի Հանրապետությունում ծառայելու, ապա ի՞նչ պիտի լինի

Ներքին 2 տարի առաջ - 18:46 04-08-2022
Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Արցախում ՀՀ զինծառայող չկա, սրան զուգահեռ Արցախում մասնակի զորահավաք է հայտարարված։ Ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանին Oragir.news-ը հարցրեց՝ այս 2 տեղեկություններն իրար հետ համադրելով՝ ի՞նչ եզրահանգում կարելի է անել։

«Վարչապետի այսօրվա ելույթն, ըստ էության, պնդում էր պաշտոնական Երևանի այն դիրքորոշումը, որը կա 2020 թվականի նոյեմբերի 10-ից հետո, և վերջերս էլ հաստատվեց ԱԽՔ Արմեն Գրիգորյանի դիրքորոշմամբ, ըստ որի՝ ՀՀ-ն չունի զինված ուժեր Արցախի Հանրապետության տարածքում։ Սրանով պաշտոնական Երևանը փորձ է անում ցույց տալ, որ կատարել է նոյեմբերի 10-ի հայտարարությունը այն իմաստով, ինչ իմաստով Ադրբեջանը պնդում է, այսինքն՝ հանել զորքեր՝ ռուսական զորքի մուտքին զուգահեռ։ Իրոք հանվել են զորքերը, թեև եթե խիստ նայենք, ապա Պաշտպանության բանակը այն ժամանակ էլ դե յուրե ՀՀ զինված ուժերի կազմում չէր, և այդ հայտարարությունը հայաստանյան զորքերի մասով կարող է վերաբերել միայն այն զորամասերին, որոնք իրավաբանորեն ՀՀ-ին էին ենթակա և 44-օրյա պատերազմի արդյունքում տարվել էին Արցախի Հանրապետության տարածք։ Այս առումով՝ ես այդքան ողբերգական չէի վերաբերվի այդ հայտարարությանը։ Իհարկե, այս ամենը այսպես չպիտի լիներ, բայց այս պայմաններում, ըստ էության, ասվել է՝ «Ադրբեջան, դու մի գնա կոնֆլիկտի, մենք քո պահանջը վաղուց կատարել ենք, ի՞նչ ես ուզում մեզնից»։ Ինչ վերաբերում է Արցախի զորահավաքին, ապա այն սպասելի էր։ Ավելին ասեմ՝ այդ «զորահավաք» կոչվածը նաև պայմանական է, որովհետև Արցախի բնակչությունը այնքան քիչ է, և այդ բնակչության տոկոսային հարաբերությունում զինվորականներն այնքան շատ են, որ երևի տղամարդկանց մեծ մասը հենց զինվորական են։ Սա ավելի շատ քաղաքական դեմարշ է, թեև ռազմական բաղադրիչը միանշանակ կա»,- պատասխանեց Հակոբյանը։

Բայց արդյոք Արցախում երբևէ ՀՀ զորք եղե՞լ է․ հարցրինք Հակոբյանին։

«Մինչև վերջերս կային ՀՀ քաղաքացիներ, որոնց բնակության վայրը հենց ՀՀ-ն է, Արցախի Հանրապետության քաղաքացիները ունեն ՀՀ անձնագիր, բայց բնակության վայրը Արցախի Հանրապետության տարածքն է, և այդ հիմքով նրանք չէին մասնակցում Հայաստանի ընտրություններին։ ՀՀ այն քաղաքացիները, որոնց բնակության վայրը ՀՀ-ն է, մինչև 2020 թվականը զորակոչվում էին Արցախի Հանրապետություն։ Իրավաբանորեն Հայաստանի Հանրապետությունը Արցախում զորք չուներ, այնտեղ Պաշտպանության բանակի զորամասերն էին, բայց ՊԲ զորամասերի մի մասը ձևավորվում էին ՀՀ-ում բնակվող ՀՀ քաղաքացիներից։ Մենք Արցախում զորք ունեի՞նք, թե՞ ոչ, շատ դժվար է այդ հարցին պատասխանել։ Եթե «զորք» հասկացության տակ մենք հասկանում ենք կամավորության սկզբունքով Արցախում ծառայողներին, ապա զորք ունեինք, իսկ եթե «զորքի» տակ հասկանանք զորամասեր և ստորաբաժանումներ, ապա չունեինք։ Այս պահին փաստացի վարչապետն ասում է, որ մենք ՀՀ-ում բնակվող ՀՀ զինծառայողներ չունենք Արցախի Հանրապետության տարածքում։ Այժմ հարց է առաջանում․ եթե մեկը որոշի գնալ կամավորության սկզբունքով Արցախի Հանրապետությունում ծառայելու, ապա ի՞նչ պիտի լինի»,- պատասխանեց փորձագետը։

Եթե քաղաքացին ուզենա կամավորության սկզբունքով Արցախում ծառայել, հնարավո՞ր է, որ ՀՀ իշխանությունները թույլ չտան․ հարցրինք Հակոբյանին։

«Չեն կարող չթողնել։ Ենթադրենք՝ մարդը պահեստազոր զորացրված քաղաքացի է, զինծառայող չէ, զորացրվում է ՀՀ զինված ուժերից և գնում է այնտեղ ծառայելու, ապա ի՞նչ պիտի անեն։ Եթե ուժերի հարաբերակցությունը փոխվեց, և այլ տիպի իշխանություն եկավ Հայաստանում, ապա այդ սողանցքը հերիք է, որ էլի ՀՀ-ում բնակվող ՀՀ քաղաքացիները գնան Արցախում ծառայեն։ Այսինքն՝ նոյեմբերի 10-ի փաստաթուղթը շատ հնարավորություններ է տալիս, բայց պիտի բավարար ուժ ունենաս այդ հնարավորությունները ռեալիզացնելու համար, բայց մենք բավարար ուժ չունենք։ Այս պահին ստեղծված պայմաններում վարչապետի հայտարարությունը մեծ հաշվով ընդունելի է։ Այսինքն՝ Ադրբեջանը սպառնում է, ասում, որ զորքը հանեք, այլապես մենք պատերազմ կսկսենք, մենք էլ ասում ենք՝ մենք Արցախում զորք չունենք, և դա մեծ հաշվով ճշմարտություն է»։