Ուղիղ եթեր
Ներքին Մշակույթ 3 տարի առաջ - 15:09 04-04-2023

Զապել Եսայանի նամակը դստերը. «Քո ժողովրդի և քո ծագման բերումով դու կոչված ես մեծ դեր խաղալու քո երկրում…»

Զապել Եսայանը ծնվել է 1878թ. փետրվարի 5-ին Կ. Պոլսի Սկյուտար թաղամասում:
Նախնական կրթությունը ստացել է տեղի Ս. Խաչ վարժարանում: 1895թ. վերջերին տեղափոխվել է Փարիզ: Փարիզում նա մտերմացել է հայ մտավորականների մի լայն շրջանակի հետ՝ Արշակ Չոպանյան, Երվանդ Օտյան, Էդգար Շահին, Սիամանթո և ուրիշներ:

1900 թ․-ին ամուսնացել է անվանի նկարիչ Տիգրան Եսայանի հետ, որի հետ ծանոթացել էր Կ․ Պոլսում, այնուհետև, կրկին հանդիպել Փարիզում։ Նրանք ունեցել են 2 երեխա։

Ձեզ ենք ներկայացնում Զապել Եսայանի նամակն ուղղված դստերը․

Շատ սիրելի աղջիկս,
Դու արդեն փոքրիկ օրիորդ ես հիմա: Դարձել ես տասնչորս տարեկան, իսկ դա քեզ համար ունի հատուկ նշանակություն, քանի որ այս տարի ավարտելու ես տարրական կրթությունդ (Սոֆին ավարտելու էր Փարիզի ֆրանսիական պարտադիր ուսուցման նախակրթարանի չորրորդ դասարանը):

Սիրելի Սոֆի, որքա՜ն կուզենայի լինել քո մոտ, Փարիզում, և գրկելով շնորհավորել ծննդյանդ տարեդարձը: Բայց ես Բատիին (Զապելի փոքր քույրը) գրել եմ իմ ուշացման պատճառը, և քեզ կբացատրի, թե ինչու մի քանի շաբաթ հետո եմ գալու: Այդ հետաձգումը առավելապես քո օգտի համար է, թեև իմ աչքում ամենակարևորն այն է, որ հնարավորին չափ շուտ միանամ քեզ: Համենայն դեպս, լավ է այն, ինչ վերջանում է բարեհաջող: Ես ամեն ջանք գործադրում եմ, որպեսզի քո ապագան ապահովված լինի, և դու կարողանաս հետևել այն ասպարեզին, որ ընտրելու ես ըստ քո սեփական հակումների:

Սիրելի աղջիկս, մենք շուտով միասին կլինենք, և կխոսենք այս ամենի մասին: Այնուամենայնիվ, ուզում եմ քեզ նախօրոք ասեմ, որ առաջին հերթին պետք է սարսափել միջակությունից, այսինքն` անգույն ու նվաստ դիրքից:

Հայտնի մարդ դառնալ, անձնական արժանիքներ ցուցաբերել, բարձր նպատակի ծառայել – ահա սրանք պետք է լինեն քո ձգտումները: Ի՜նչ նշանակություն ունի երջանիկ կամ ապերջանիկ լինելը։ Ամենադժբախտ մարդը նա է, ով վարում է միջակ ու անօգուտ կյանք, ներքուստ ափսոսալով, որ վրիպել է իր կոչումից: Մի՛ վախեցիր հավակնոտ թվալուց: Վեհ իդեալների ձգտողը չի կարող համեստ մնալ, հեզ ու խոնարհ ապրել: Հարկավոր է, որ հիմիկվանից որոնես քո ուղին, և այն գտնելուց հետո անշեղ քայլես դեպի նպատակակետը, ուշադրություն չդարձնելով այն խորհուրդներին, որոնցով «գործնական» մարդիկ կփորձեն խափանել ճանապարհդ:

Դու խելացի ես, հոգով ու մարմնով առողջ: Եվ դու պատկանում ես մի ժողովրդի, որը քանակապես փոքր լինելով հանդերձ, մեծ է իր տառապանքներով, մաքառումներով, հույսերով: Դու կոչված ես մասնակցելու նրա պայքարին, նրա իղձերի իրականացման գործին: Քո ժողովրդի և քո ծագման բերումով դու կոչված ես մեծ դեր խաղալու քո երկրում, որտեղ հարկավոր է ոչ միայն աշխատել, այլև կազմակերպել կյանքը, նույնիսկ ստեղծել այն: Կարելի՞ է պատկերացնել դրանից ավելի հետաքրքրական ու գեղեցիկ ասպարեզ:

Սիրելի Սոֆի, քո դպրոցական ընկերուհիները, անկասկած կընտրեն հարմարավետ ասպարեզներ: Եվ ճիշտ կանեն: Որովհետև նրանք ունեն միայն մեկ մտահոգություն. դառնալ լավ քաղաքացիներ, և հետևաբար` ընտանիքի լավ մայրեր: Այնինչ դու պարտավոր ես հայացքդ բարձրացնել ավելի վեր, պարտավոր ես միտքդ լարել` պիտանի և լայնարձակ մի գործողություն ընդգրկելու համար: Դու պետք է արժանի դառնաս քո ճակատագրին, որը վսեմ է և փառաշուք:

Թե ինչ ճանապարհով ես հասնելու քո ճակատագրին, դա ինքդ պետք է որոշես: Բոլոր ճանապարհներն էլ լավ են և «բոլոր ճանապարհները դեպի Հռոմ կտանեն», տվյալ դեպքում` դեպի գերագույն նպատակը:
Ես հուսով եմ, որ քո ունակություների և կամքի մասին իմ կարծիքը ամենևին էլ չափազանցված չէ և համընկնում է քո ձգտումներին:

Ես, մայրիկը և Հրանտը նորից ու նորից համբուրում ենք քեզ: Բոլորս էլ հուսով ենք, սիրելի Սոֆի, որ շուտով կհանդիպենք:

Քեզ տեսնել տենչացող մայրդ` Զապել

Հ.Գ. Քո ծննդյան տարեդարձի առթիվ ուղարկում եմ մի նվեր, որը հաճելի անակնկալ կլինի: Բայց այն ձեռքդ կհասնի մի քանի օրից:

1914, մարտի 20, Սկյուտար

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել