«Հայաստանի Սահմանադրական դատարանի կողմից Հռոմի՝ ստատուտի փաստաթղթին հավանություն տալով՝ պաշտոնապես հայտարարվել էր, որ նպատակն է հնարավորություն ունենալ Միջազգային քրեական դատարանի միջոցով ադրբեջանական հանցագործություններն այնտեղ ներկայացնելու»։
Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Արա Պապյանը։
«Բայց, դա անելու ժամանակաշրջանը բավականին անհաջող է համընկել։ Ինչո՞ւ եմ ասում համընկել, որովհետև գիտենք, որ այդ հարցը դեռևս անցյալ տարեվերջից է մտցվել Սահմանադրական դատարան։ Պարզապես օրերով համընկավ Պուտինի դեմ այդ դատավճռի ժամանակահատվածի հետ։ Հիմա դա բավականին վատ մեկնաբանության առիթ է տալիս, և մենք տեսանք, որ Ռուսաստանը դա ուղղակիորեն կապեց Պուտինի հետ։ Իսկ ՔՊ-ական պատգամավորներն սկսեցին հայտարարել՝ դե Պուտինը, միևնույնն է, պետք է ձերբակալվի և այլն»,- ասաց նա։
Քաղաքագետն այդ հայտարարությունները քաղաքականապես սխալ ու անիրականանալի է համարում։
«Մենք լավ հասկանում ենք, որ դրա կարողությունը Հայաստանը չունի, և Հայաստանը չպիտի լինի այն երկիրը, որը դա պիտի իրականացնի։ Ուրիշ բան, որ ուշ թե շուտ Պուտինի նկատմամբ դատ իրականացվի, թե դա ինչես կլինի, դա արդեն մեր գործը և խնդիրը չէ։ Բայց պետք չէ առաջին գիծ մտնել և Հայաստանը դնել հարվածի տակ։ Դրանից բան չենք շահելու»,- ասաց նա։
Փորձագետը հիշեցրեց ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին ԱԺԲ կողմից բարձրացված հարցն ու դրա բացասական հետևանքները։
«Այդ դեպքում մենք գոնե օգուտ ունենք։ Այսինքն, խոչընդոտը վերանում է, և մենք Արևմուտքից ռազմական օգնություն ստանալու հնարավորություն ենք ստանում։ Այդ հնարավորություն բառը շեշտում եմ, քանի որ դա ահրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է։ Հիմա նման հայտարարությունը կամ ստատուտի հավանության նման համընկնումը բերում է նույնքան և թերևս ավելի բացասական վերաբերմունք։ Որովհետև անձնապես Պուտինն այդ ամենը կարող է ընկալել որպես իր դեմ ուղղված գործողություն։ Ու մենք որևէ բան չենք շահում որպես պետություն»,- ասաց նա։
Ըստ փորձագետի՝ իշխանությունների վերաբերյալ տեսակետը ձևավորվում է ոչ այնքան հայտարարությունների, որքան նրանց գործողությունների արդյունքում։ Սա, Պապյանի խոսքով, տարածվում է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության շրջանակներում։
«Հիշեցնեմ, որ երկար ժամանակ ՀԱՊԿ-ի դեմ էին խոսում ու մեղադրում էին նրանց, բայց որևէ քայլ չարվեց դուրս գալու առումով։ Հիմա եթե իրենք ուզում են, որ Ռուսաստանից իրենց անջատ դիտարկեն, դրա համար պետք է կատարեն քաղաքական քայլեր։ Այս առումով՝ այդ վերաբերմունքը ես չէի ձևակերպի որպես հակառուսական։ Իրականում Ռուսաստանի քաղաքականությունն է հակահայկական։ Հայաստանը պարզապես այլընտրանք չունի։ Երբ կա հստակ պատկերացում, որ դու միայնաս կարող դիմակայել Թուրքիայի ու Ադրբեջանի դեմ, մինչև իսկ առանձին Ադրբեջանի դեմ, և քո այն դաշնակիցը, որին դու ապավինել ես տասնամյակներ շարունակ, որին դու տվել ես քո տնտեսությունը, քո քաղաքականությունը, ու նա ոչինչ չի անում, դու ստիպված պիտի որոնես նոր դաշնակիցներ»,- ասաց նա։
Այս առումով, ըստ քաղաքագետի, հաճախ ճիշտ նպատակ դնելով՝ ներկա իշխանությունները դա սկսում են իրականացնել սխալ ձևով։
«Այս իշխանությունը շատ բաներ է այդպես անում։ Հաճախ վերցնում է լավ գաղափարն ու փչացնում է։ Նույնն էլ սա է։ Այո՛, լավ գաղափար է լավ դաշնակիցներ որոնելը, բայց կատարումը, դրա մեդիա ապահովումը խիստ սխալ է ընթանում՝ իր բացասական հետևանքներով»,- ասաց նա։
Արա Պապյանը հատուկ շեշտում է, որ այդուհանդերձ, Ռուսաստանը ևս ունի իր շահերը, որոնք չեն համապատասխանում Հայաստանի շահերի հետ, ինչն էլ հանգեցնում է այդ երկրի կողմից հակահայաստանյան քաղաքականության։
«Այստեղ, իմ կարծիքով, ամեն ինչ ավելի բարդ է։ Որովհետև մեր իշխանությունների անփորձությունը իրենց բերում է այն թյուր մտայնության, որ իբր իրենք այնքան խելոք ու խորամանկ են, որ կարող են ռուսներին ու ամբողջ աշխարհին մատի վրա ֆռռացնել, ու երևէ մեկը դա չնկատի։ Դիվանագիտության մեջ շատ ավելի գնահատելի է ազնվությունը։ Այն, որ Ռուսաստանին հիշեցնում են, որ նա չի կատարում դաշնակցի իր պարտավորությունները, դա հակաքարոզչություն չէ։ Դա պարզապես իրականության բարձրաձայնում է։ Անկախ ներկա իշխանությունների նկատմամբ իմ վերաբերմունքից՝ դա իշխանությունը պետք է հնչեցնի։ Ավելին ասեմ, կարծում եմ, որ Հայաստանի իշխանությունները պարտավոր էին այս ամբողջը գրավոր բարձրաձայնել։ Արցախում տեղի ունեցող ամեն մի միջադեպից հետո պետք է կանչեին ՀՀ-ում ՌԴ դեսպանին ու գրավոր հիշեցնեին, որ Ռուսաստանը չի կատարում իր պարտականությունները։ Սա շատ կարևոր բան է, որովհետև բոլոր դեպքերում բոլոր խոսակցություններն անցնում են, ու վերջում մնում է փաստաթուղթը։ Աշխարհն էլ եզրակացություն է անում գրավոր պաշտոնական փաստաթղթերով։ Վաղը մեզ նույն Ռուսաստանն է ասելու՝ բա եթե այդքան վատն էինք, ինչո՞ւ գեթ մեկ բողոք չկա։ Այդ հարցազրույցները, բղոքներն ու ֆեյսբուքյան գրառումներն առ ոչինչ են միջազգային հարաբերություններում»,- ասաց նա։
Քաղաքագետի գնահատմամբ, պետք է տնայնագործական դիվանագիտությունից անցնել լուրջ և գործող դիվանագիտության, ունենալ հստակ ու շարունակական նպատակներ։
«Չպիտի գնան Մոսկվա, ասեն այն, ինչ Մոսկվային է հաճելի, գնան Բրյուսելին, մեկ այլ բան ասեն։ Պետք է հստակ լինի, որպեսզի ըստ մեր դիրքորոշման՝ իրենք կարողանան որոշել իրենց դիրքորոշումը»,- ասաց նա։