copy image url
Ներքին Խոսք 1 տարի առաջ - 11:36 29-03-2023

ՀՀ գործող վարչապետը մեր երկիրը մտցրել է աշխարհաքաղաքական փոխադարձ ոչնչացման խաղի մեջ՝ չունենալով պաշտպանվելու որևէ գործիք

Խնդիրը պետք է դիտարկել ոչ միայն միջազգային քրեական դատարանի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալման օրդեր տալուն վերաբերող գործի շրջանակներում, այլ այն առումով, որ ՀՀ-ն հետևողականորեն շարունակում է փոփոխել ինչպես իր արտաքին քաղաքական ու անվտանգային կուրսը՝ ունենալով ամենաբարձր որակի ու խորության դաշնակցային ու ռազմավարական հարաբերություններ՝ ՌԴ-ի հետ։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը՝ անդրադառնալով պաշտոնական Մոսկվայի հայտարարությանը, որով ՌԴ-ն անընդունելի է համարել Միջազգային քրեական դատարանի Հռոմի արձանագրությանը Հայաստանին միանալու ծրագիրը։

«Մյուս կողմից, ՀՀ-ն հանձնառություն է վերցրել արևմտյան գործընկերների մոտ ներգրավվելու ՌԴ դեմ նախաձեռնված արշավներին։ Դրսևորումներից մեկը նաև այն է, որ Հայաստանը, փաստորեն հաստատեց իրավաքրեական այդ փաստաթուղթը՝ այդ համակարգին միանալու իր հանձնառությունը, որը ենթադրում է կոնկրետ պարտավորություններ՝ տարբեր դեպքերի մասով։

Այդ դեպքերից մեկը կարող է լինել նաև դա։ Եթե Միջազգային քրեական դատարանը որոշ վճիռներ կայացնի՝ բոլոր այն երկրները, որոնք հաստատել են Հռոմի ստատուտը, հանձնառություն ու պարտավորություն են ստանձնում՝ գործելու ըստ այդ վճիռների։

Ստացվում է՝ որոշակի պարտավորություններ ունեցող համայնք՝ արևմտյան իրավունքի տառին ու ոգուն համապատասխան»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է ռազմավարական ու անվտանգային ոլորտին՝ ըստ փորձագետի, աշխարհում որևէ երկիր տարված չէ Հայաստանում առկա իրողություններով, հետևաբար, աջակցության որևէ էլեմենտ չի ցուցաբերում մեզ։ Այդ համատեքստում, Ալեն Ղևոնդյանի խոսքով, պարբերական սխալ քայլերը մեր երկիրը կարող են պարզապես գլորել անդունդը։

«Այսինքն, կտրվելով անվտանգային մի համակարգից՝ մենք չունենք այն այլընտրանքը, որը կկարողանա լուծել կամ գոնե աջակցել մեր անվտանգային խնդիրների լուծմանը, որոնք մեր պետության աշխարհաքաղաքական քաշին համապատասխան չեն։ Ստացվում է, որ մենք կտրում ենք այն ճյուղը, որի վրա նստած ենք, իսկ ներքևում մեզ սպասում է անդունդը։ Աշխարհաքաղաքական առումով դրանք ոչ թե քաղաքական կարճատեսություն են, այլ պետության գոյության ապագան համակարգային կասկածի տակ դնելու գործողություններ են։ Որովհետև, եթե իրավիճակը սրվի և այն պետությունները, ՀՀ գործող վարչապետի ձեռամբ, իրենց ձեռքին գործիք դարձած Հայաստանի միջոցով լուծեն իրենց խնդիրները, ապա, բնականաբար, լինելու է ռեակցիա»,- ասաց նա։

Ալեն Ղևոնդյանը տեսակետ հայտնեց, որ այդ ռեակցիան լինելու է բոլոր այն երկրների կողմից, ում դեմ Հայաստանը փաստացի աշխատում է։ «Արդյո՞ք Հայաստանն ունի գեթ մեկ ռեսուրս ու գործիք, որի միջոցով կկարողանա փրկել իր տարածքային ամբողջականությունը, ապահովել սահմանային անխախտելիությունը, երաշխավորել բնակչության ֆիզիկական անվտանգությունը և զուտ չցեղասպանվել։ Իհարկե, Հայաստանը չունի այդպիսի գործիք։ Բայց Հայաստանի գործող վարչապետը Հայաստանը մտցրել է աշխարհաքաղաքական փոխադարձ ոչնչացման խաղի մեջ՝ որպես գործիք՝ ՌԴ դեմ՝ արևմտյան նկրտումների ապահովման տեսակետից»,- ասաց նա։

Քաղաքագետն արձանագրեց․ Հայաստանի ղեկավար անձնակազմն, այդուհանդերձ, գիտակցում է իր գործողությունները։ «Ակնհայտ է, չէ՞, որ իրենք հասկանում են, որ ԵԱՏՄ մակարդակով Ռուսաստանը մեր անփոխարինելի գործընկերն է։ Երբ ես ասում եմ «անփոխարինելի», նկատի ունեմ, որ մեր և Ռուսաստանի արտաքին առևտուրն այն ծավալի է, որ մեկ այլ պետության հետ մենք չունենք այդպիսի առևտրի բալանս։ Մենք ֆիզիկապես ու սոցիալապես ուղղակի գոյատևում ենք ԵԱՏՄ շուկայից եկած ֆինանսական միջոցների հաշվին։

Մյուս կողմից, երբ մենք ասում ենք՝ ռազմավարական գործընկերություն կամ անփոխարինելիություն, դա նշանակում է, որ աշխարհի որևէ մեկ այլ շուկայում մենք չենք կարողանում զենք գնել՝ մեզ համար ֆինանսապես ավելի հարմար ու արտոնյալ պայմաններով, քան Ռուսաստանի հետ գործակցության միջոցով»,- ասաց նա։

Այս առումով քաղաքագետը հիշեց դեռևս ամիսներ առաջ բուռն քննարկվող հայ-հնդկական ռազմական գործակցության մասին։ «Այդ անհասկանալի հրետանային համակարգերը Հայաստան են գալու մի քանի տարի հետո։ Դրանց որակական ցուցիչները դնենք մի կողմ, բայց խնդիրն այստեղ ոչ թե այդ համակարգի արդյունավետությունն էր, այլ հակառուսական պոպուլիզմը, որով կերակրվեց հասարակությունը։ Այդ պոպուլիզմով մեր հասարակությանը տանում ենք դեպի ցեղասպանություն։ Հայաստանի տնտեսական, անվտանգային ու աշխարհաքաղաքական կշիռը չափազանց փոքր է։ Մենք անգամ շնչելու ներուժ չունենք, եթե, Աստված մի արասցե, տեղի ունենա մեծ բախում, կամ տարածաշրջանային պատերազմ»,- ասաց նա։

Քաղաքագետի համոզմամբ՝ տարածաշրջանում բալանս ապահովող պետությունը ՌԴ-ն է։ Իսկ որևէ բախման կամ պատերազմի հետևանքը պատկերելու համար քաղաքագետը խոսում է օրինակով։ «Արդեն գրեթե տարի առաջ իրանական գեներալներ էին եկել Հայաստան։ Թեժացումներից մեկի նախօրեին էր։ Նրանք ուզում էին հասկանալ, թե Սյունիքի ազգաբնակչությունն ինչքան ժամանակում կարող է էվակուացվել։ Հասկանալի է չէ՞՝ ինչ նկատի ունեմ։ Այսինքն՝ Սյունիքը, լինելով ՀՀ ամենամեծ ու ամենախիտ բնակեցված մարզը, պետք էր հասկանալ, թե որքան արագ էր հնարավոր դատարկել մարդկանցից՝ հնարավորինս զերծ մնալու համար զոհերից։ Այսինքն, իրականությունն այն է, որ մենք չունենք բավարար ռեսուրսներ։ Այս դեպքում, ստիպված, պետք է ունենանք այնպիսի գործընկերներ, ում հետ մեր շահերը մի մասով կնույնանան կամ համադրելի կլինեն»,- ասաց նա։

ՀՀ ներկա իշխանությունների տարիներ շարունակ որդեգրած ու իրականացվող վարքն, ըստ Ալեն Ղևոնդյանի, նպատակ ունի Ռուսաստանին ամեն գնով Հայաստանից դուրս անելուն։ «Չեմ բացառում, որ կգա մի փուլ, երբ Հայաստանում 44-օրյա պատերազմի ընթացքում այդքան հնչող «հաղթելու ենք» արտահայտության պես, իբրև Հայաստանի ինքնիշխանությունը պահելու նպատակով, կոչեր են անելու դիմադրության շարժումներ ձևավորել ՌԴ 102-րդ ռազմաբազայի, ռուսական ՀՕՊ և ռադիոլոկացիոն համակարգերով զբաղվող գերատեսչությունների դեմ, որոք տեղակայված են Հայաստանում և ապահովում են Հայաստանի անվտանգությունը։

Ես վատ սցենար եմ կանխատեսում, բայց այն միտումը, որ տեսանելի է, տանում է դրան։ Եթե մենք ինքներս մեզ ունակ չենք ապահովել և ունենք գործընկեր, որը լավ, թե վատ, կարողանում է ռազմավարական շահերի մի էլեմենտով մեզ անվտանգային որոշակի երաշխիքներ տալ, ապա դրանից հետո մենք այլևս աշխարհում որևէ մեկին հետաքրքիր չենք լինի։ Մենք վեր ենք ածվելու «սև խոռոչի»։

Ցավոք, ես ենթադրում եմ, որ չի բացառվում, որ դրանից հետո Հայաստանը կարող է բաժանվել ռեգիոնալ պետությունների միջև, ինչպես պատմականորեն եղել է առնվազն 4 անգամ»,- ասաց նա։

Այս իրավիճակից դուրս գալու համար, կատարվող բոլոր քայլերից առաջ, առաջին քայլն, ըստ քաղաքական փորձագետի, պետք է լինի իշխանության փոփոխություն՝ վարչապետի մակարդակով։ «Հայաստանում կան մի շարք պաշտոնյաներ՝ ինչպես տեսանելի պետական չինովնիկների մակարդակում, այնպես էլ ստվերային մակարդակներում, որոնք Հայաստանի Հանրապետություն պետության համար սպառնալիք և վտանգ են։ Նրանք երկրորդ և երրորդ երկրների գործակալական ցանցի ներկայացուցիչներ են, հանրային կյանքում ազդեցության գործակալներ, և այս կամ այն էլեմենտի մասով կուրացիայի են ենթարկում ինչպես հասարակական, այնպես էլ պետության հետ կապված մի շարք հարցադրումներ։ Քանի դեռ մենք Հայաստանում ունենք այնպիսի մարդիկ, որոնք որոշում են ընդունում, Հայաստանը կործանման գծից որևէ միլիմետր չի շեղվում»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված

23:50 Արցախցի «քույրերն ու եղբայրները» տուն կարող են ձեռք բերել միայն «խաղաղասեր» Ադրբեջանին սահմանակից բնակավայրերում
00:19 Կրակոցներ՝ Ոստան գյուղի գերեզմանոցներում. կա 1 զոհ, 1 վիրավոր. shamshyan.com
21:30 Ովքեր են Փաշինյանին դիմավորել Գայ գյուղում. ՔՊ-ի անհաջող բեմադրությունը
15:45 Փաշինյանը վախեցած է․ ոստիկաններին, ՌՈ-ին և փրկարարներին N1 են տվել
15:10 Այս իշխանությունները այնքան են ձախողել, որ եկեղեցին մտնում է մի տեղ, որը իրենը չէ. Միքայել Սրբազան
18:00 Փաշինյանի հերթական փուչիկը պայթեց․ ՀՀ-ին 25 հեկտար հող չի վերադարձվելու
10:20 Եթե մենք այսօր չպայքարենք, վաղը ապրելու տեղ չենք ունենա. մանկավարժ
17:31 Ամո՛թ քեզ, եկել եք, շոու եք սարքո՞ւմ․ Գեղամ Նազարյանը հունից դուրս եկավ, սկսեց վիրավորել լրագրողին
15:15 Ինչու է Մեղրիի քաղաքապետը հրաժարական տվել․ Բագրատ Զաքարյանի պարզաբանումը
11:55 ԵՊՀ ռեկտորը չգիտի, որ Հայաստանում Մաշտոցյան Մատենադարան չկա