Երևան +18°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 22:06 26-03-2023

Սահմանամերձ Արտանիշում տեղադրվեց ՀՀ դրոշը

Մարտի 25-ին Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Արտանիշ համայնքում տեղադրվեց հայկական դրոշը՝ «Վասն Հայրենյաց» ազգային համախմբան շարժման «Սահմանք քաջաց դրոշն յուրյանց» նախաձեռնության շրջանակում։

Մինչ Եռագույնի վեր բարձրացումը, Տեր Մեսրոպ քահանան գյուղի Սուրբ Հովհաննես եկեղեցում իր օրհնության խոսքը հայտնեց հավաքվածներին և օրհնեց դրոշը, որը վեր խոյացավ ՀՀ օրհներգի ներքո։
Ելույթ ունեցան ՀՀ վաստակավոր արտիստներ Շուշան Պետրոսյանը, Արսեն Գրիգորյանը, Հայ Լաո խումբը։

Այս գործողության նպատակը, ըստ «Վասն Հայրենյաց»-ի, ՀՀ անձեռնմխելի սահմանները պետական դրոշով խորհրդանշորեն ուրվագծելն է, հայորդիների մոտ եռագույնի հանդեպ հարգանքը ամրապնդելը, հրապարակային միջոցառումների միջոցով սահմանամերձ գյուղերի հանդեպ ուշադրություն գրավելը, ինչպես նաև Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի տարբեր համայնքների ներկայացուցիչներին ազգօգուտ նպատակների շուրջ համախմբելը։

Նախատեսվում է 9 մարզի սահմանամերձ համայնքներում տեսանելի բարձունքների վրա տեղադրել ՀՀ դրոշը։ Մեկն արդեն տեղադրվել է Թուրքիային սահմանակից Անիպեմզա գյուղում։
ՀՀ դրոշը տեղադրվել է ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգից Ռոդրիգո եւ Սիլվինա Նահապետյանների հովանավորությամբ։