Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 20:50 25-03-2023

Երեք երեխաների հայրը պայքարեց մինչև վերջ․ գերի ընկած Հայկի պատմությունը

Հայկ Վասիլյանը գերի ընկավ Ջերմուկ քաղաքի նկատմամբ ադրբեջանական դիվերսիայի ժամանակ, որը տևեց 2022 թվականի սեպտեմբերի 13-ից մինչև սեպտեմբերի 15-ը։

Հայկը երեք մանկահասակ երեխաների օրինակելի հայր է։ Նա ընտանիքի հետ բնակվում էր ՌԴ-ում, բայց 2018 թվականի «հեղափոխություն» կոչվածից հետո վերադարձավ։

«Ես ու Հայկը որոշեցինք, որ մեր երեխաները պետք է մեծանան հայրենիքում, ու հետ եկանք։ Հայկը որոշեց բանակ մտնել ու դարձավ զինծառայող։ Նա կռվել է մինչև վերջ՝ հանուն հայրենիքի, նվիրվել է անմնացորդ։ Ստացվել է այնպես, որ գերեվարվել է, չնայած նաև իր պայքարի շնորհիվ իրենց դիրքը անառիկ է մնացել։ Հետո հիասթափությունը անասելի մեծ եղավ»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Հայկ Վասիլյանի կինը՝ Լուսինե Հարությունյանը։

Հուսահատված կինը հաջորդ օրը զանգել է Պաշտպանության նախարարություն, ու նրան ասել են, որ Հայկը էլ չի համարվում իրենց աշխատողը, ասել են, որ Հայկի աշխատավարձի քարտը փակում են։ «Իմ աչքին էլ ոչինչ չէր գալիս, ուզում էի միայն, որ ամուսինս տուն գա։ Զոհեր էր տեսել, պայքարել ու գերի ընկել։ Այդ ամեն ինչից հետո պետությունը հրաժարվում էր հայրենիքի պաշտպանի երեք երեխաներից։ Ի՞նչ են մտածել, երբ Հայկի հիվանդ, արդեն կուրացած հայրը անկողնային պառկած էր, ու հնարավոր չէր ասել, որ որդին անհայտ կորած է։ Երեք երեխաներս հազար տեսակ կարիք ունեին։ Ծանր օրեր ապրեցինք՝ մինչև Հայկը եկավ»,- ասում է Լուսինե Հարությունյանը։

Պետությունը Հայկին անվճար բուժօգնություն չի ցուցաբերել, անգամ հետազոտման ուղեգիր չեն տվել․ «Հայկը իր ընտանիքի շնորհիվ վերականգնում է իր հոգեվիճակը։ Մեր տուն մի քանի անգամ եկել են «Կարմիր խաչ»-ից։ Հարցերով մեզ չէին կարող օգնել․ ո՞ւմ են հարկավոր էդ հարցերը։ Մենակ օրը 60 հատ նամակ էինք ստանում, որ սրա դատն է, նրա դատն է՝ եկեք ներկայացեք։ Հայկը որոշեց դուրս գալ Հայաստանից, որ գոնե հանգստությունը վերականգնենք»։

Լուսինեն իր երեխաների ապագան ուզում է Հայաստանում տեսնել, բայց այս պահին հնարավոր չէ, որ վերադառնան․ «Հայկը հազար տեսակ առողջական խնդիրներ է ձեռք բերել։ Աշխատում ենք, որ բուժման համար գումար տնտեսենք։ Փոքր երեխաս այդ օրերին երկու տարեկան էր, ու պատկերացրեք՝ ինչ դաժանության միջով ենք անցել։ Ես ու իմ ընտանիքը, իմ հարազատները չենք մոռանա այս չարիքը։ Հայկի աշխատավարձն անգամ չտվեցին»։