«Այս դիսկուրսը ես շատ արհեստական եմ համարում, քանի որ բոլոր բնակարանները, որոնց մասին խոսք է գնում, հիփոթեքով գնված բնակարաններ են։ Այս առումով, թե՛ իշխանության կողմից, թե՛ լրատվամիջոցների կողմից որոշ առումով մանիպուլյացիա է իրականացվում»։
Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը՝ անդրադառալով ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանի կողմից Երևանում ներկայից ավելի ցածր գնով ձեռք բերված բնակարանի մասին հարցին տրցած՝ ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանի պատասխանին։
Նա լրագրողների հարցին արձագանքել էր՝ ասելով, որ «Հետք»-ի փոխտնօրենը նույնպես այդ նույն թաղամասում բնակարան է գնել և իր համար հետաքրքիր դրված է փաստը, որ լրագրողների աշխատավարձը նախարարների աշխատավարձից ավելի բարձր է։
«Բանն այն է, որ հիփոթեքով տուն ձեռք բերելն ամենևին էլ չի նշանակում, որ մարդիկ 168 հազ․, կամ 400 հազ․ դոլարն այնպես չէ, որ մարդիկ կանխիկով վճարել են։ Դա կատարվել է հիփոթեքային սկզբունքով։ Եվ մենք պետք է հանգիստ, գուցե նաև ուրախությամբ ընդունենք այն փաստը, որ թե՛ պաշտոնյաները, թե ցանկացած մահկանացու կարողանում է օգտվել այդ ծրագրերից»,- ասաց նա։
Անդրադառնլով լրագրողի վերաբերյալ պատգամավորի կատարած ուսումնասիրությանը՝ Մելիքյանն արձանագրեց, որ բնական է, որ լրագրողները պետք է տեղեկություններ հավաքագրեն պաշտոնյաների վերաբերյալ։
«Իհարկե, նախ և առաջ հենց պաշտոնյաների ծախսերը պետք է լինեն խոշորացույցի տակ և առաջին հերթին լրագրողները պետք է դրանցով զբաղվեն, դա շատ բնական ու նորմալ երևույթ է։ Պաշտոնյաները պետք է սովոր լինեն դրան։ Թե նրանք ինչպես են հակադարձում, դժվար է ասել՝ դոսյե են հավաքում, թե ոչ, բայց ժամանակակից բաց հասարակության պայմաններում ամենևին էլ դժվար չէ հետաքրքրվել, թե ով ինչ բնակարանում է ապրում, մանավանդ որ նույն թաղամասում մարդիկ նաև հանդիպում են միմյանց։ Ուղղակի այս բանավեճը կամ դիսկուրսը ամենևին էլ այդքան մեծ ու սկանդալային նշանակություն չի ունենա, եթե մենք իսկապես համեմատենք կոռուպցիոն ճանապարհով ու միլիոնավոր դոլարներով գնի առանձնատների հետ։ Բայց որ լրագրողներն իրենց ուղիղ պարտականությունն են կատարում՝ հետևելով պաշտոնյաների ձեռքներումներին, շատ նորմալ երևույթ է»,- ասաց նա։
Լրագրողի մասին նմանատիպ տեղեկություն տարածելը, ըստ Մելիքյանի, կարելի է ընկալել որպես իշխանությունների պաշտպանվելու ձևերից մեկը։
«Կարծում եմ, որ լրագրողն ինքն էլ այդպիսի նյութ հրապարակելիս պետք է պատրաստ լինի, որ կարող են հետաքրքրվել նաև իր ձեռքբերած բնակարանով։ Օրինակ՝ ես ևս հիփոթեքով տուն եմ վերցրել, և, որպես համավարկառու, իմ որդու հետ մեկ՝ բավականին մեծ բնակարան ենք վերցրել։ Բայց հասկանալի է, որ ես այդ գումարը չունեմ, որպեսզի ամբողջությամբ վերցնեմ ու վճարեմ։ Եթե մանիպուլյատիվ օգտագործեին, պետք է ասեին՝ ահա, Մելիքյանը 100 հազ․-ոց բնակարան է գնել։ Բայց ես դրա ընդամենը 15 տոկոսն եմ վճարել, իսկ մնացածը բանկն է վճարել։ Ես այդ գումարը 20 տարվա ընթացքում պետք է փակեմ։ Եթե ես օրինակ հետաքննություն ծավալեմ որևէ պաշտոնյանի վերաբերյալ ու ինքն ասի՝ բա Մելիքյանն էլ այսպիսի բնակարան է գնել՝ դա ինձ ո՛չ կնեղացնի, ոչ էլ կհարվածի իմ արժանապատվությանը»,- ասաց նա։
Այս համատեքստում Մելիքյանն օրինաչափ է համարում ներկայացված փաստերի այլ փաստերով պատասխանելը։ Ուշադրություն է դարձնում այդ փաստերին հնարավոր ճնշումներով արձագանքեու գործողություններին։
«Մի բան է փաստին մեկ այլ փաստով պատասխանելը, մեկ այլ բան է ճնշում գործադրելը։ Արդյո՞ք պետք է համարել, որ եթե իրենք այդպիսի համեմատություն են անում՝ ճնշում են։ Ես կարծում եմ՝ ոչ։ Օրինակ այսօր ինձ լրատվամիջոցներից մեկն իրենց նամակագրությունը ցույց տվեց պետական մարմնի հետ ու հարցրեց՝ սա ճնշո՞ւմ է, թե՞ ճնշում չէ։ Ես կոնկրետ այդ հարցով ասացի, որ այդ տիպի նամակով նրանք, այո՛, ճնշում են գործադրել Ձեզ վրա։ Որովհետև իրենց անցել են իրենց լրազորությունների սահմաններն ու փորձել են սահմանափակել Ձեզ։ Սա կոնկրետ դեպք է։ Կոնկրետ այս դեպքում լրագրողնի վրա որևէ ճնշում չկա»,- ասաց նա։
Այդուհանդերձ, Մելիքյանը տեսակետ հայտնեց, որ Սուրեն Պապիկյանի վերաբերյալ «Հետք»-ի հրապարակման հետքերով գնալ պետք է՝ հասկանալու համար բաց մնացած հարցերի պատասխանները։