copy image url
Ներքին 1 տարի առաջ - 19:36 23-03-2023

Պետք է խելապակաս լինես, որ պարգևավճարը համարես յուրացում․ Վիգեն Խաչատրյան

«Առանց այդ զեկույցի էլ ակնհայտ էր, որ կոռուպցիայի դեմ պայքարին մեզ մոտ պետք է ավելի մեծ թափ հաղորդվի։ Դրա հետ կապված մոտ 2 շաբաթ առաջ, կարծեմ, վարչապետը հատուկ խորհրդակցություն անցկացրեց, որը նվիրված էր կոռուպցիայի դեմ պայքարն ավելի ուժեղացնելուն և ավելի լայնամասշտաբ բնույթ տալուն»։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը՝ անդրադառնալով օրերս ԱՄՆ պետքարտուղարության հրապարակած զեկույցին։

«Նիկոլ Փաշինյանը երբեք չի ասել, որ կոռուպցիա չկա։ Ընդհակառակը, Նիկոլ Փաշինյանն ասել է, որ համակարգված կոռուպցիան պետք է արմատախիլ արվի։ Սկզբունքային առումով, չեմ կարծում, որ նախկին կոռուպցիոն բուրգը շարունակում է գործել Հայաստանում։ Այ դա արդեն արմատախիլ է արվել, բուրգը գոյություն չունի։ Մյուս կողմից, հասկանալով, որ կոռուպցիան այնպիսի մի ախտ է, որ տարածված է աշխարհով մեկ և նրա դեմ պետք է անընդհատ պայքարել՝ սկսած կրթական համակարգից, մեր հասարակությանը պետք է սովորեցնել ու դաստիարակել, որ կոռուպցիոն ձևով խնդիրների լուծումը ճիշտ չէ»,- ասաց նա։

Պատգամավորն արձանագրեց, որ այդ առումով, վերջին տարիներին համապատասխան կառույցներն օրենսդրական փոփոխություններ են իրականացրել։

«Գիտեք, որ ստեղծվեց հակակոռուպցիոն կոմիտե, ստեղծվեց կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, դատական համակարգում ձևավորվեցին նոր կառույցներ։ Այդ բոլորը նրա համար է, որ կոռուպցիայի դեմ պայքարը խորանա, ընդլայնվի և ապահովվեն անհրաժեշտ արդյունքներ»,- ասաց նա։

Մյուս կողմից, ըստ պատգամավորի, որևէ երաշխիք չկա, որ կոռուպցիան հնարավոր կլինի արմատախիլ անել։

«Մենք չենք կարող երաշխավորել, որ այն բոլոր կադրերը, որ նոր են նշանակվում, չեն գայթակղվի և չեն անցնի թույլատրելի սահմանները։ Նոր իշխանության մեջ նման մարդիկ հայտնաբերման առաջին իսկ օրից մեկուսացվել են, հարուցվել են քրեական գործեր, սկսել են հետապնդումներ։ Դա պետք է ավելի հետևողական ձևով տանել, և իշխանության լծակներին հայտնված ցանկացծ անձ պետք է իմանա, որ առավել ևս նոր նշանակվածների նկատմամբ, ինչպես շեշտել է Փաշինյանը, պահանջը պետք է լինի կրկնակի»,- ասաց նա։

Անդրադառնալով զեկույցում տեղ գտած տեղեկությանը՝ պետական պաշտոնյաների կողմից պետական միջոցների յուրացման ու կասկածելի բիզնես գործունեությունների մասին, Խաչատրյանն ասաց, որ դա հայտնի փաստ էր, և այստեղ նորություն չկա։

«Պետական համապատասխան ծառայությունը նման բազմաթիվ դեպքեր գրանցել է, ահազանգել է և հարուցվել են քրեական գործեր։ Այդ այլանդակ երևույթն, իրոք, կա։ Մենք դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու, որպեսզի նման երևույթներն իսպառ վերացվեն։ Այդուհանդերձ, չեմ կարծում, թե դրանք իսպառ կվերացվեն։ Միշտ էլ իշխանության լծակների մոտ հայտնված անձանց մեջ կլինեն գայթակղվողներ, որոնք պետք է ժամանակին հայտնաբերեն ու պատժվեն»,-ասաց նա։

Ինչ վերաբերում է հանրության շրջանում ձևավորված տեսակետին, որ պետական պաշտոնյաներին տրվող պարգևավճարների տրամադրումը ևս պետական միջոցների յուրացում է, և դրանք կարող էին ծառայեցվել մեկ այլ՝ ավելի կարևոր նպատակի․ «Դա մակերեսային մոտեցում է երևույթին։ Բոլորը համամիտ են, որ կոռոպցիայի կանխարգելման ու վերացման ուղիներից մեկը պաշտոնյաների արժանապատիվ վարձավճարների ապահովումն է։ Այստեղ որևէ մեկը չի վիճում։ Այդ պարգևավճարներն ուղղված են այդ խնդրի լուծմանը։ Բայց կան քննադատներ, որոնք մտածում են, որ պարզապես պետք է աշխատավարձերն ավելացնել և լուծում տալ դրան։ Դրա մեջ կա տրամադրություն։ Կարծում եմ, որ աստիճանաբար լուծումը կհասնի այդտեղ։ Որևէ մեկը պետք է խելապակաս լինի, որ պարգևավճարը համարի մսխում։ Նման քննադատություն, որ դա մսխում է՝ չի եղել»,- ասաց նա։ Այս առումով, պատգամավորը համաձայնեց տեսակետին, որ այլ նպատակներին պետք է ավելի շատ միջոցներ տրամադրել, սակայն, ըստ նրա, դա չպետք է պայմանավորել պաշտոնյաների և պետական աշխատողերի ցածր աշխատավարձով։

«Եթե մենք ուզում ենք, որ կոռուպցիոն երևույթները կանխարգելվեն, ապա պետական ծառայողները պետք է արժանապատիվ աշխատավարձ ստանան և պարգևներ»,- ասաց նա։

Դիտարկմանը, որ չնայած դրան՝ այդուհանդերձ, դեռևս շարունակում ենք ականատես դառնալ այդպիսի երևույթների, Խաչատրյանն ասաց, որ դրանից որևէ երկրում դեռևս չի հաջողվել ազատվել։

«Դա հնարվոր չէ։ Հարցն այս դեպքում վերաբերում է կանխարգելելուն, այդ երևույթները հայտնաբերելուն ու պատժելուն։ Բոլորը պետք է լինեն օրենքի առջև հավասար։ Սա, կարծում եմ, որ ամենաարդյունավետ կանխարգելիչ միջոցն է»,- ասաց նա։

Հարցին, թե արդյո՞ք միայն այդ ոլորտն է կոռուպցիայի վտանգի առջև, գուցե այդ ոլորտներում ևս անհրաժեշտ են նմանատիպ պարգևավճարներ, ասաց․ «Եթե տեղյակ եք, Հայաստանում ինչ է կատարվում, ապա պետք է տեսնեք, որ դրան զուգահեռ համապատասխան օրենսդրական փոփոխություններ են արել, որոնք ապահովում են ոսուցիչների արժանապատիվ աշխատավարձ, սպաների աշխատավարձ, արդեն անցանք երաժշտական և այլ դպրոցների մանկավարժներին։ Իշխանությունները հետևողականորեն քաղաքականություն են վարում, որպեսզի պետական ոլորտում աշխատող մեր համաքաղաքացիներն ստանան արժանապատիվ աշխատավարձ։ Դժբախտաբար, մեր պետական միջոցներն այնքան չեն, որ մի քայլով բոլորի հարցերը լուծվեն։ Բայց մենք տեսնում ենք, որ բյուջետային մուտքերը շեշտակի աճում են, մենք տեսնում ենք, որ հավաքագրվող հարկերը մեծանում են, մենք տեսնում ենք, որ քաղաքակնություն է վարվումէ հարկային բեռը թեթևացնելուն զուգահեռ։ Բազմաթիվ քայլեր են արվում։ Եվ ակնհայտ է դառնում, որ Հայաստանի տնտեսությունում համակարգված կոռուպցիայի բացակայությունը թույլ է տալիս, որ տնտեսությունն ավելի ազատ շնչի, միջոցներ ավելիշատ կուտակվեն և դա է պատճառը, որ բանակի համար մի քաի հարյուր միլիոն հատկացումներից մենք անցյալ տարի հասել ենք մոտ միլիարդի, իսկ այս տարի 1 մլրդ 300 մն դոլարի հատկացում է արվում բանակի հզորացմանը։ Սա չի նշանակում, որ հոյակապ արդյունք ունենք, բայց ակնհայտ է, որ մեր քաղաքականությունը միտված է մարդկանց բարեկեցության բարելավմանը, տնտեսության աշխուժացմանը, կրթական համակարգի արմատական փոփոխությանը և բանակի հզորացմանը։ Մյուս կողմից էլ դեռ շատ անելիք կա, որովհետև տարիներ շարունակ այդ հարցին մատների արանքով են նայել ու մսխել են պետական միջոցները»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է մեր դիտարկմանը, որ ի տարբերություն պարգևավճարներ ստացող պետական պաշտոնյաների՝ ուսուցիչներին արժանապատիվ աշխատավարձ տալու համար նրանք պետք է քննություն հանձնեն, պատգամավորն ասաց, որ պետք է տարբերակել, թե ուսուցչի աշխատանքի արդյունավետությունը երբ է որոշվում և ինչպես։

«Պետական պաշտոնյաների հետ կապված մենք խնդիր ունենք, որ անցյալ, թե նախանցյալ տարի վարչապետ իրեն արտահայտություն թույլ տվեց, որ ի հեճուկս պետական ապարատի՝ մենք գրանցում ենք հաջողություններ։ Պետական ապարատը շատ կարևոր է օպերատիվ խնդիրներ ունի լուծելու և շատ ավելի հիմքր կան նրանց ներքաշելու կոռուպցիոն երևույթների մեջ, վտանգները շատ են։ Եվ նրանց առաջնահերթ հարցերի լուծումն անհրաժեշտ է,որ մյուս խնդիրներն ավելի արդյունավետ լուծենք։ Դրան գումարած՝ կա աշխատողների որոշակի քանակ, որը համեմատության մեջ պետք է տեսնել։ Այնպես որ խտրական վերաբերմունք չկա։ Մի կոպիտ օրինակ բերեմ․ եթե մենք խոսում ենք մեքենայի մասին, ապա շարժիչը կարևոր է։ Հիմա, պետական ամբողջ աշխատանքների կազմակերպման մեր շարժիչը պետական ծառայողներն ու ապարատն է»,- ասաց նա։

Մյուս կողմից, ըստ Խաչատրյանի, պետական աշխատողների բերալավման խնդրի չլուծման դեպքում դեպի պետական ապարատ նոր կադրերի ներգրավումը դժվարանում է։

«Նրանք մասնավոր հատվածուման համեմատ նյութական ավել մեծ փոխհատուցում են ստանում։ Մենք պետք է տեսնենք, որ մրցակցություն կա՝ պետական համակարգում աշխատողերի և մասնավոր հատվածում աշխատողների միջև։ Նույնը լրատվական դաշտում է, եթե ուսումնասիրենք, կտեսնեք, որ պետական ու հանրային լրատվական միջոցներն անհամեմատ ավելի ցածր աշխատավարձ են վճարում, քան այս կամ այն մասնավոր հատվածը սպասարկող լրատվամիջոցները»,- եզրափակեց Oragir.News-ի զրուցակիցը։